Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

Հունվար 29,2007 00:00

\"\"Ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Ըստ Վանաձորի ոստիկանության, 2006թ. դեկտեմբերի 30-ին քաղաքի «Լագեր» թաղամասում գտնվող «Հաղթանակի հուշարձանի» մոտ, ժամը 22:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, նրա եղբորորդու՝ Արման Դարբինյանի, մյուս կողմից՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդվարդ Խլղաթյանի՝ «Խլղաթանց Էդոյի», նրա որդու՝ Ազատ Խլղաթյանի, նաեւ նախկինում դատված ու կալանավայրից վերջերս միայն վերադարձած Կարեն Եղիկյանի միջեւ: Տեղի ունեցած վիճաբանության եւ դրա ընթացքում արձակված կրակոցների մասին ահազանգը, իբր, անհայտ մի քաղաքացուց ՀՀ ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնում ստացվել էր նույն օրը: Իհարկե, ըստ մեր աղբյուրների, ոստիկանությունն իրականում այդ դեպքի մասին տեղեկացել էր ոչ թե քաղաքացու ահազանգից, այլ Վանաձորի ոստիկանապետից: Վերջինս՝ ոստիկանության գնդապետ Անուբախ Համբարյանը, վանաձորցիների ասելով, մեղմ ասած, վատ հարաբերություններ ունի վիճաբանության մասնակից ե՛ւ քաղաքապետի, ե՛ւ «Խլղաթանց Էդոյի» հետ: Ըստ մեր աղբյուրների, հենց ոստիկանապետի հրահանգով էին Վանաձորի ոստիկանություն բերման ենթարկվել Ա. Խլղաթյանն ու Կ. Եղիկյանը: Նրանք հաստատել էին վիճաբանության փաստը, ավելին՝ Ա. Խլղաթյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել էր «Բրեւետ Դ» մոդելի ատրճանակ, որը ուղարկվել է Երեւան՝ ՀՀ ոստիկանության փորձագիտական կենտրոնում փորձաքննության անցկացնելու համար: Ա. Խլղաթյանը, մեր տվյալներով, ձերբակալվել է: Հունվարի 2-ին արդեն Վանաձորի ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն: Քննությունը վարում է նույն բաժանմունքի քննիչ, կապիտան Ռուբեն Հակոբյանը: Ըստ որոշ տեղեկությունների, վիճաբանության ժամանակ երկու կողմերն էլ կրակել էին, այլ տեղեկություններով՝ կրակել էր միայն քաղաքապետը: Վանաձորի ոստիկանապետի ղեկավարությամբ հունվարի 13-15-ը խուզարկություն էր կատարվել քաղաքապետի եւ վիճաբանության մյուս մասնակիցների բնակարաններում, որի արդյունքում, որոշ տեղեկություններով, այլ զենքեր չէին հայտնաբերվել, իսկ այլոց փոխանցմամբ՝ քաղաքապետի տանը հայտնաբերվել էր զենք, որը, սակայն, չէր առգրավվել, որովհետեւ այն անվանական էր եւ քաղաքապետին էր նվիրել ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա:

Ի դեպ, ըստ վանաձորցիների, սա երկու ընտանիքների միջեւ ընդհարման առաջին դեպքը չէ: Վիճաբանություն, որն ուղեկցվել էր երկու կողմերից էլ զենքի կիրառմամբ, եղել էր նաեւ անցյալ տարվա ամռանը, բայց այն ժամանակ ոչ ոք դրա համար պատասխան չտվեց: Վանաձորում, մեր աղբյուրների ասելով, «Խլղաթանց Էդոյի» թիկունքին կանգնած է ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ով այսօր էլ զբաղված է Ա. Խլղաթյանին ազատ արձակելու գործով: Ասում են, հիմա ոստիկանության հետ նա բանակցում է Ա. Խլղաթյանի մոտ զենքի հայտնաբերման փաստը ինչ-որ կերպ հարթելու համար, ու չի բացառվում, որ առաջիկայում պարզվի, թե Ա. Խլղաթյանի մոտ հայտնաբերված զենքն, իբր, նա գտել է, ցանկացել է հանձնել ոստիկանությանը, բայց զենքի հետ վարվելու կանոնները չիմանալու հետեւանքով պատահաբար կրակել է:

Քաղաքապետ Ս. Դարբինյանը «Առավոտի» հետ զրույցում էլ հայտարարեց, թե ոչ մի վիճաբանություն չի եղել, չկա նաեւ քրգործ: «Վանաձորի ժողովուրդը գիտի, որ իր քաղաքապետը ո՛չ կրակող է, ո՛չ կռվարար է, ո՛չ էլ վտանգավոր մարդ է: Եթե կան քաղաքական ուժեր, որոնք իրենց տեղն ու դերը չիմանալով՝ անընդհատ ուզում են… Ես արդեն ասել եմ՝ ես եւ Խլղաթյան Էդոն մտերիմներ ենք: Նա իմ ավագանու անդամն է եղել: Մենք իրար հետ ո՛չ վիճաբանության, ո՛չ նարդի խաղալու, ո՛չ էլ իրար վրա կրակելու ոչ մի խնդիր երբեւէ չենք ունեցել եւ չունենք»: Մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, այդ տեղեկատվության տարածման մեջ որեւէ քաղաքական ուժ շահագրգի՞ռ է, պարոն Դարբինյանը պատասխանեց. «Իհարկե»: Այդուհանդերձ, քաղաքապետը որեւէ կոնկրետ ուժի անուն տալուց ձեռնպահ մնաց՝ ասելով. «Դուք ինքներդ պետք է ենթադրեք: Ես Վանաձորի ՀՀԿ կառույցի խորհրդի նախագահն եմ, իսկ այսօր Վանաձորում ՀՀԿ-ն շատ հզոր է»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ ուժը «Բարգավաճ Հայաստանն» է՝ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը, Ս. Դարբինյանն ասաց. «Ոչ: Ես ԲՀԿ-ին ո՛չ իմ, ո՛չ կուսակցության համար հիմնական մրցակից չեմ տեսնում: Էնտեղ մարդիկ կան, ովքեր գիտենք, որ պատգամավորության թեկնածու են առաջադրվելու, եւ ի սկզբանե գիտեն, որ ես իրենց չեմ պաշտպանելու, եւ որ իրենք ձայն չեն հավաքի»: Քաղաքապետը համառորեն չցանկացավ կոնկրետ անուն նշել՝ հավաստիացնելով, որ ինքը դա դեռ չի պարզել, բայցեւ հավելեց, որ երբ հայտնի դառնա թե ովքեր են առաջադրվելու, դրանից էլ պարզ կդառնա, «թե ով է իմ թշնամին եւ ով է իմ անունն ի սկզբանե պախարակել, որ հետագայում իր գործը հեշտանա»: Ըստ նրա՝ «այսօրվա վիճակով մենք գիտենք, որ մի հատ Բաղդասարյան Վահրամ կա, որը առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի հովանավորությունն է ունենալու, ուստի՝ բնականաբար, նա չի կարող լինել»:

Ս. Դարբինյանը միաժամանակ ասաց, որ Վանաձորի ոստիկանությունն էլ է պարզել, որ ոչ մի վիճաբանություն եւ առավել եւս կրակոցներ չեն եղել: Իսկ այն փաստին, որ կա հարուցված քրգործ, պարոն Դարբինյանն արձագանքեց. «Քրեական գործը հարուցվել էր թերթերում եղած հրապարակումների եւ ոստիկանության ստացած տվյալների հիման վրա»: Հիշեցնենք, սակայն, որ մամուլում այդ դեպքի մասին առաջին հրապարակումը եղել է հունվարի 9-ին, իսկ քրգործը հարուցվել է հունվարի 2-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել