Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՄԱԿԻՆՑՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ

Հունվար 26,2007 00:00

Օրերս ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ գրող, թարգմանիչ Անահիտ Մակինցյանի «Շտրիխներ դիմանկարի համար» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է պետական գործիչ, գրականագետ, թարգմանիչ եւ հրապարակախոս Պողոս Մակինցյանին: Նա գրքի հեղինակի հայրն է: Ա. Մակինցյանը «Շտրիխներ դիմանկարի համար» գրքում ամփոփել է պատառիկներ հոր հարուստ կենսագրությունից: Տեղ են գտել նաեւ Իսահակյանի, Մռավյանի, Շիրվանզադեի եւ այլոց նամակները՝ ուղղված Պ. Մակինցյանին: «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը նշեց, որ Պ. Մակինցյանին այսօր շատ քչերն են ճանաչում. «Նա նախիջեւանցի էր: Պողոս Մակինցյանը Վահան Տերյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ցոլակ Խանզադյանի դասընկերն է եղել: Նրանք Լազարյան ճեմարանում են սովորել, եւ, ինչպես ասում էր Հրաչյա Աճառյանը, նրանք են ստեղծել ժամանակակից գրական հայերենը: Ժամանակին Մակինցյանը Տերյանի հետ հրատարակում էր «Գարուն» ամսագիրը: Վերջինիս մահից հետո Մակինցյանը լույս ընծայեց բանաստեղծի քառահատորը, իսկ հետագայում էլ զբաղվեց չարենցագիտությամբ»: Պ. Մակինցյանը ժամանակին աշխատել է Հայաստանի ներքին գործերի նախարար եւ լուսավորության ժողկոմ: «Այս շրջանում Պողոս Մակինցյանը մի ձախություն արեց՝ առաջարկելով հայերեն այբուբենը փոխել լատինատառի՝ եվրոպական խոշոր երկրներին նմանվելու համար: Մանուկ Աբեղյանն ու մյուս լեզվաբանները դեմ էին այդ գաղափարին: Մինչ օրս դրա համար Պողոս Մակինցյանին ամեն տեղ հայհոյում են»,- ասաց Ա. Իսոյանը: Պ. Մակինցյանի շնորհիվ է պահպանվել Վ. Տերյանի արխիվը, որը նրա դուստրը խոստացել է նվիրել «Տերյան» մշակութային միությանը:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ՝ ԸՆՏՐԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

«Այռեքսը» (Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ), ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը եւ Բրիտանական խորհուրդը հայտարարում են ֆոտոլրագրության մրցույթ: Ֆոտոլրագրողները կարող են ներկայացնել մրցույթի պահանջները բավարարող եւ արդար ընտրությունների անցկացման կարեւորությունը պատկերող իրենց աշխատանքները: Յուրաքանչյուր ամիս կհայտարարվի առանձին թեմա: Անկախ փորձագետների հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները: Առաջին մրցույթի թեման է՝ «Ընտրողների հաշվառումը Հայաստանում»: Ենթաթեմաներ՝ համայնքային հաշվառման նախաձեռնություններ, հումոր, կոնֆլիկտ, հաշվառման ընթացք: Փետրվարից սկսած, յուրաքանչյուր ամիս լավագույն լուսանկարները կցուցադրվեն Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության հարեւանությամբ, նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի նախասրահում: Մրցույթը կավարտվի մայիսի 3-ին, երբ «ամսվա լուսանկարները» կներկայացվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվա ցուցահանդեսին: Հաղթողներին կհանձնվեն դրամական մրցանակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել