Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների օպտիմալացում՝ Գյումրիում

Հունվար 26,2007 00:00

 Վ. Տերյանի անվան թիվ 15 դպրոցի տնօրինությունը կոլեկտիվին ունեցած պարտքերը մարելու նպատակով օպտիմալացում է իրականացնում. 4 ուսուցիչ արդեն ազատվել է աշխատանքից, եւս 11-ին գործազրկություն է սպասվում:

Ինչպես տե ղեկացրել ենք, Գյումրիի թիվ 15 դպրոցում ուսուցիչները բողոքի ձայն էին բարձրացրել, որովհետեւ արդեն երկրորդ տարին է՝ կիսատ-պռատ են աշխատավարձ ստանում, նրանց մեջ նույնիսկ կան մարդիկ, որոնց դպրոցի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը պարտք է մոտ հազար դոլար: Հիշեցնենք, որ այս պատճառով էլ ուղիղ մեկ ամիս առաջ տնօրենը կորցրեց իր պաշտոնը: Եվ չնայած տնօրենի հեռանալուն՝ կոլեկտիվի կրքերը դեռ չեն հանդարտվում. մարդիկ պահանջում են իրենց գումարները:

«Առավոտը» դպրոցի խորհրդի նախագահ Մեսրոպ Ղալաչյանից հետաքրքրվեց, թե ո՞վ եւ ինչպե՞ս է լուծելու ուսուցիչների պարտքերի հարցը եւ մի՞թե իրական են տարածված այն խոսակցությունները, թե այս դպրոցն էլ քաղաքի շատ օբյեկտների պես սնանկ է ճանաչվելու: Խորհրդի նախագահի վստահեցնելով՝ իրենք ամեն հնարք կիրառելու են՝ դպրոցը քայքայումից փրկելու համար: Մինչեւ հունիս ամիսը պլանավորում են գոնե 2-3 միլիոնի սահմաններում գումար կուտակել, իսկ մինչեւ տարեվերջ՝ պարտքերն ամբողջությամբ վճարել: Ըստ նրա, ֆինանսներ կուտակելու եւ նախորդ պարտքերը փակելու առաջին տարբերակներից մեկը «խոցելի ուսուցիչներին» աշխատանքից հեռացնելն է (նրանց, ովքեր չունեն բարձրագույն կրթություն կամ մասնավոր բուհեր են ավարտել), ինչն էլ պատրաստվում է անել տնօրինությունը՝ ուսումնական տարվա կեսից: Եվ քանի որ աշխատանքից ազատելու համար գոնե 2 ամիս առաջ պետք է տվյալ անձը զգուշացվի այդ մասին, խոցելի ուսուցիչների հետ աշխատանքներ են տարվում՝ համոզելու, որ նրանք սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնեն: Հավաստի տեղեկություններով, այս ուսուցիչներն անդրդվելի են եւ բողոքի ակցիա են ուզում սկսել:

«Դպրոցի մանկավարժական կոլեկտիվում, կոպիտ ասած, կուտակումներ են. ուսուցիչների թիվը չի համապատասխանում երեխաների թվին. աշակերտների արտահոսք է եղել, սակայն նախկին տնօրենը ուսուցիչներին չի կրճատել, ինչի պատճառով էլ կենսաթոշակայինին 2,5-3 միլիոնի պարտք է կուտակվել, եւ սա այն դեպքում, երբ տնօրենը գիտեր, որ պարտքերը քանի գնում՝ ավելանում են: Իսկ այժմ տասնմեկ հոգու, ըստ աշխատանքային օրենսդրության, կառավարության կողմից սահմանված կարգով, ստիպված ենք ազատել աշխատանքից: Հավատացեք՝ սա հեշտ գործ չէ, մանկավարժներին պետք է հստակ բացատրել ու ապացուցել, որ տվյալ պարագայում օրենքի տեսակետից ինքն ավելի խոցելի է, քան մյուս ընկերները: Այստեղ հաշվի են առնվելու նաեւ ուսուցչի սոցիալական խնդիրները՝ ընտանեկան դրությունը, անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը եւ այլն: Մեր հաշվարկներով, այս միջոցով մենք կունենանք տարեկան 5-5,5 միլիոն դրամի կուտակում: Համաձայնեք, որ սա կարելի էր երկու տարի առաջ անել ու նման պրոբլեմի առջեւ չկանգնել»,- ասում է դպրոցի խորհրդի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել