Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԵԼ ԵՆ ԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Հունվար 26,2007 00:00

50 ծեծողներից «հայտնաբերվել» է միայն մեկը

\"\"Տուժողի հորը՝ Սամվել Հովսեփյանին
նույնպես ծեծել են:

 

 

\"\"Դեռ օգնության չեն եկել:

 

\"\"Մեջքով կանգնածը ոստիկանության կապիտան Ա. Աբրահամյանն է, որը ձեռքի բանալիներով հարվածել է տուժողին:

 

Անցյալ տարվա օգոստոսի 1-ին Ծովակալ Իսակովի պողոտայում, «Միկա» լցակայանի դիմաց, ԳԱԶ 31 029 մակնիշի 12 ԼՕ 535 համարանիշի ավտոմեքենան բախվեց 28-ամյա Վահե Հովսեփյանի վարած «Մերսեդես-500» SE ավտոմեքենային՝ 77 US 808 համարանիշով: Մեքենայում գտնվում էր Վահեի կինը: Բնականաբար, բախումից հետո սկսվեց ճշտում. ո՞վ էր մեղավոր: Բախման պահին Վահեն նկատել էր, որ աջ շարքով ընթացող մեքենայի վարորդը, որը կտրուկ հետադարձ էր կատարել, խոսում էր բջջային հեռախոսով:

Վահեն զանգեց ավտոտեսուչներին, իսկ ԳԱԶ-ի վարորդը՝ «ախպերությանը»:

«Ախպերությունը» առաջինն օգնության հասավ իր «Մերսեդեսով»՝ 22 SO 333: Հավաքվեց 50-ից ավելի մարդ: Այնուհետեւ եւս մի քանի մեքենա հասավ դեպքի վայր «ախպերության» դեսանտով: Վահեն տաքսի կանչեց եւ կնոջն ուղարկեց տուն: Մենակ կանգնեց 50-ի դեմ, որոնց կեսը, հետագայում պարզվեց, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններ էին: Օդանավակայանի ոստիկան Աբրահամ Աբրահամյանը անգամ «Վինչեստրով» էր: Սկսվեց ծեծկռտուք Վահեի եւ օդանավակայանի պահապանների միջեւ: Ծեծկռտուքին մասնակցում էին օդանավակայանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Խոջայանը՝ «Բաշ» մականունով, Գեւորգը, Արայիկը, Գագիկ Առաքելյանը, որի գրպանից ընկավ Համլետ Հոսեփյանի ստորագրությամբ տրված Ազատամարտի վետերանների միության անդամատոմսը՝ 10296 համարի: Կոտրեցին Վահեի քիթը եւ աջ ոտքի թաթը: Վահեի հայրը՝ Սամվելը, տեղեկանալով կատարվածի մասին, դատարկ ձեռքերով գնաց որդուն օգնության: Դեռ չէր հասցրել հարցնել՝ ի՞նչ է պատահել, բութ գործիքով հարվածեցին Սամվելի գլխին, որն ուշագնաց ընկավ: Երբ ուշքի եկավ, տեսավ, որ ոտքերով հարվածում են իրեն, ինքն էլ այրունոտված է («Առավոտի» տրամադրության տակ կան հեռախոսով լուսանկարված դաժանության պահերը): Նրա էլ ողերը կոտրեցին: Եվ այս բոլորը կատարվում էր ավտոտեսուչների աչքի առաջ, որոնք միջադեպին չէին խառնվում: Ռազբորկան դիտում էր սպիտակ «Նիվայով» Կենտրոնի ոստիկան ներկայացած մեկը:

Երբ հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը չի ավարտվել, ծեծի միակ մասնակից ճանաչվեց մեկը՝ ԱՎՄ-ական Գագիկ Առաքելյանը: Մնացած 50-ի մասին ձեռք չի բերվել որեւէ տվյալ, թեեւ տուժող Հովսեփյանները հայտնել են այդ մասին Մալաթիա համայնքի դատախազությանը, գլխավոր դատախազին, ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ ոստիկանապետին ու Մարդու իրավունքների պաշտպանին: «Առավոտի» տեղեկություններով, փորձ են անում ծառայողական քննություն անցկացնել նաեւ օդանավակայանի ոստիկանների դեմ:

Պետավտոտեսուչները վերջապես ուշքի եկան՝ Մալաթիայի ոստիկանության բաժին զանգեցին: Ոստիկանության կապիտան Վարդան Եփրեմյանը հայր եւ որդի Հովսեփյաններին տարավ հերթապահ մաս, ուր նրանք քննիչ Արամ Վարդանյանին տվեցին ցուցմունք:

Այդ ամենից հետո տուժողները դիմել են բժշկի, ռենտգեն բաժանմունքում զննության ենթարկվել:

Եթե մեքենայի վնասը պարզվել է, թե որքան է կազմում (գնահատվել է 750 000 դրամ), ապա առողջությանը հասցված վնասը չի նկատվում:

Սամվել Հովսեփյանը միջնորդել է առերեսում կատարել ավտոտեսուչների հետ, անցկացնել նոր դատաբժշկական փորձաքննություն անկախ բժիշկների մասնակցությամբ, կրկնակի ավտոտեխնիկական փորձաքննություն անել: Հետաքրքիր է, որ օգոստոսին տեղի ունեցած բախման վայր՝ քննիչը տեղազննության է գնացել միայն դեկտեմբերին՝ ձյան օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել