Որքան էլ նա ռուսամետ է՝ չի պատրաստվում Ռուսաստանին ներել հայերի սպանությունը
Ռուսաստանում 15 տարեկան հայ տղայի սպանության հանդեպ մեր պաշտոնյաների դիրքորոշումը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին խիստ զայրացրել է: Ըստ նրա, եթե մեր պետական այրերը նման սպանության կապակցությամբ ոչ մի պաշտոնական հայտարարությամբ հանդես չգան՝ հայերի սպանության դեպքերը Ռուսաստանում շարունակական բնույթ կկրեն: Տիգրան Կարապետյանն ու իր կուսակցությունը չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել. «Պետք է ցույցեր անենք»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրված քննարկմանը վստահեցրեց պարոն Կարապետյանը:
ԺԿ նախագահի դիտարկմամբ՝ «Պետք է Ռուսաստանին հասկացնել. ընկերությունը՝ ընկերություն, բարեկամությունը՝ բարեկամություն, բայց դա չի նշանակում սպանության վրա աչք փակել: Շատերն ինձ ռուսամետ են անվանում, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում Ռուսաստանի գերին կամ պատանդը դառնալ: Մի անգամ գոնե պիտի ցույց տանք, որ կարող ենք վճռական քաղաքական քայլ անել»: Տիգրան Կարապետյանի պես Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ էր դատապարտում Ռուսաստանում կատարված սպանությունները, այդուհանդերձ, նա գտնում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար մեծ հպարտություն են:
«Հայելի» ակումբում սպանությունների թեման ծավալվեց եւ հասավ սպասվելիք խորհրդարանական ընտրություններին: Կոմկուսի նախագահի կանխատեսմամբ՝ «2007-ի ընտրությունները 2003-ի նման կեղծվելու են: Վերջին 15 տարիների ընթացքում ընտրությունների կազմակերպման գործընթացում ոչինչ չի փոխվել, քանի որ կեղծողները չեն պատժվել, նույնիսկ աշխատանքով են ապահովվել»: Հայաստանում ընտրությունների անցկացման հետ կապված՝ Ռ. Թովմասյանը հիշեց հայտնի ասացվածքը՝ «Տղամարդիկ սուտ են խոսում պատերազմներից եւ որսորդությունից հետո»:
Կոմկուսի ղեկավարը նկատեց սակայն, որ խորհրդարանական ընտրություններում եթե պարտվի՝ «պարտությունը տղամարդու պես կընդունի»: «Ինչպես 2003-ին, երբ 2.6% ձայն էինք հավաքել, այնպես էլ այս տարի առանց որեւէ դաշինքի ենք մասնակցելու ընտրություններին»,- տեղեկացրեց Ռուբեն Թովմասյանը: Իսկ Տիգրան Կարապետյանը, ով նախորդ ընտրությունների ժամանակ 5%-ից քիչ պակաս էր հավաքել, մեծամասնականով իր թեկնածությունը դնելու մասին դեռ վերջնական որոշում չի կայացրել: «Ես իշխանություն-ընդդիմություն չեմ ճանաչում: Միայն գիտեմ, որ ընտրությունների ժամանակ մեր էլիտար գործիչները 10.000 դոլարով կերգեն, 8.000 դոլարով կպարեն: Իսկ 5 տոկոս հավաքելը խնդիր չէ: Կարծում եմ, այս անգամ դեռ մի բան էլ ավելի կհավաքեմ»,- վստահեցրեց Տ. Կարապետյանը: Իսկ երբ երկու քաղաքական գործիչները փորձեցին կանխատեսումներ անել՝ մյուս քաղաքական ուժերին գնահատելով, Տ. Կարապետյանն ասաց. «Օրինաց երկիրը», չեմ հասկանում, իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Նա իներցիայով նույնիսկ կանցնի ընտրությունների ժամանակ, քանի որ 2008-ին արեւմտյան քաղաքական ուժերին նախագահի թեկնածու է պետք»: