Հունվարի 24-ի երեկոյան, մոտավորապես այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետն այցելել էր հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի ընտանիքին, «Ակոսի» խմբագրությունը նամակ է ստացել «Թուրք վրիժառության» նախկինում անհայտ ազգայնական կազմակերպությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նամակում ասվում է, որ «Տրապիզոնում կաթոլիկ եկեղեցականի սպանությունից հետո, թուրքերի եւս մեկ թշնամի սատկեց, հաջորդ անգամ օդ է ցնդելու «Ակոսի» շենքը, որպեսզի բոլոր թշնամիները սատկեն»: Նամակում նշվում է, որ սա «նախազգուշացում է՝ հասցեագրված բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բարձր արտահայտել իրենց բաղձանքները»: «Եթե դուք ցեղասպանություն եք անվանում 1915 թվականի իրադարձությունները, ապա իսկական ցեղասպանություն չեք տեսել: Ցեղասպանությունը հիմա կսկսվի»,-ասվում է նամակում: Նամակը ստանալուն պես «Ակոսի» աշխատակիցները դիմել են ոստիկանություն: Տվյալ պահի դրությամբ շենքը շրջապատված է ոստիկաններով, շենքը խուզարկվել է, սակայն ռումբ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը հսկողություն է սահմանել այն շրջանում, որտեղ գտնվում է խմբագրությունը:
Ըստ նույն ռադիոկայանի, թուրքական ոստիկանությունը պայթեցրել է մի կասկածելի փաթեթ, որը տեղադրված էր խորհրդարանի շենքի առջեւ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, փաթեթին կցված էր մի գրություն, որով պահանջվում էր ազատ արձակել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող երկու անձանց: Փաթեթում պայթուցիկ չի եղել: Գրության հեղինակները՝ ծայրահեղ ազգայնական TIT (Թուրքիայի վրիժառության ջոկատ) կիսաօրինական կազմակերպության անդամները պահանջել են ազատ արձակել Օգյուն Սամասթին, որը խոստովանել է Դինքի սպանությունը, եւ Յասին Հայալին, որը կասկածվում է Սամասթին դրդելու մեջ: Դինքի սպանության կասկածով ձերբակալվել է 5 մարդ: