Այս որոշումն է կայացվել երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ:
Ստրասբուրգում երեկ կայացած հանդիպման ժամանակ, ինչպես «Առավոտին» հաղորդեցին Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները «որոշել են սկսել պարբերական դեմ առ դեմ հանդիպումներ ԼՂ հակամարտության խնդիրների շուրջ՝ այս հարցի վերաբերյալ Վեհաժողովի զեկուցողների աջակցությամբ: Նրանք սկզբունքորեն համաձայնեցին մոտ ապագայում Վեհաժողովի անդամների ընկերակցությամբ տարածաշրջան համատեղ այց կատարել, որի ընթացքում նաեւ պիտի հանդիպեն տեղահանված բնակչության հետ: Նաեւ համաձայնության եկան, որ հարկ է նախապատրաստել իրենց հասարակություններին հակամարտության հնարավոր լուծումներին»: Երեկ լրացավ 6-րդ տարին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ անդամակցեցին Եվրոպայի խորհրդին, ու հիշեցնելով այս փաստը՝ ԵԽ մամուլի ծառայությունը հաղորդում է, թե այդ տարեդարձին նվիրված հանդիպումն առաջին դեպքն էր, «երբ ազգային երկու պատվիրակությունները դեմ առ դեմ հանդիպեցին Վեհաժողովի շրջանակներում, որ քննարկեն հակամարտությանն առնչվող խնդիրները: Այս երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Տիգրան Թորոսյանն ու Սամադ Սեիդովն ասացին, որ թեեւ խնդրի լուծման որոնման գործընթացում առաջատար դերը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է՝ Եվրոպայի խորհուրդն էլ էապես աջակցող դեր է խաղում, որ բարելավվի մթնոլորտը եւ հարթվեն թյուրիմացությունները: Նրանք համաձայնեցին ապագայում էլ շարունակել հանդիպումները, որ փորձեն իրականացնել ԵԽԽՎ ԼՂ վերաբերյալ 1416 (2005) բանաձեւի դրույթները»:
Այս հանդիպման մասին «Թրենդ»-ին արդեն իսկ մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Այդին Միրզազադեն: Ըստ նրա, հանդիպումը տեւել է 1 ժամ. «Հանդիպումը կայացավ ԼՂ հարցով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: Նա ընդգծեց նման հանդիպումների կանոնավոր անցկացման կարեւորությունը: Հայտարարեց, թե անհրաժեշտություն կա, որ երկու պատվիրակությունները նստեն սեղանի շուրջ եւ մտքեր փոխանակեն: Նույնիսկ կատակեց, թե մտածում էր՝ արդյոք ոստիկանություն չհրավիրե՞լ այստեղ, քանի որ երկու թշնամական երկրների ներկայացուցիչներն առաջին անգամ էին նստել դեմ-դիմաց»: Ըստ Միրզազադեի՝ երկու կողմն էլ ելույթներում ընդգծել են հակամարտության լուծման եւ թշնամանքի դադարեցման կարեւորությունը, եւ անգամ «ռադիկալ» պատգամավորներն են ելույթ ունեցել խաղաղասիրական դիրքերից: «Առաջին հանդիպումն անցավ դիվանագիտական կանոններին համապատասխան»,- ասել է Միրզազադեն:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն «Արմինֆո»-ի՝ Ստրասբուրգում գտնվող թղթակցին ասել է, թե ավելորդ լավատեսությամբ չի տառապում հանդիպման առնչությամբ, որի արդյունքը պարզ կդառնա միայն հերթական նիստերի ընթացքում ադրբեջանցի պատվիրակների ելույթների ժամանակ: Տիգրան Թորոսյանը նաեւ թերահավատորեն է վերաբերվում ԼՂ հարցով ենթակոմիտեի՝ մոտ ժամանակներս տարածաշրջան այցելելու նախաձեռնությանը: Ըստ նրա՝ համանման ցանկությունն անցած տարի այդպես էլ չիրագործվեց. «Ես ունեմ դառը փորձ. անցած տարի ինքս էի առաջարկել այցելել տարածաշրջան, Ղարաբաղ, ու համոզվել, թե իրականում ինչ է տեղի ունենում: Դրան հետեւեց համաձայնություն, որոշվեցին ժամկետները՝ ուղեւորությունը նախատեսելով հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին, եւ ձախողեցին: Ես միայն այն ժամանակ նախաձեռնությունը կհամարեմ հիանալի, երբ այն իրագործվի»: