Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԼԱՎ ՉԻ՞ ԱՇԽԱՏՈՒՄ

Հունվար 26,2007 00:00

\"\"ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն այս օրերին Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ Լիբերալ-դեմոկրատների խմբակցության հրավերով, որին անդամակցել է Վեհաժողովի պատվիրակ եղած ժամանակ:

Մեկնաբանելով այն լուրը, թե այս հրավերի նպատակն է՝ ԱԺ ընտրություններից առաջ ԵԽԽՎ-ն ցանկանում է Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալ նաեւ Շավարշ Քոչարյանից, վերջինս ասաց. «Այդպես էլ կա: Եվ ես այստեղ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ՝ խմբակցությունների ղեկավարների, Վեհաժողովի ղեկավարության հետ: Այո՛, բոլորին հետաքրքրում են այդ գնահատականները»:

Մեզ հետաքրքրում էին Շավարշ Քոչարյանի գնահատականները Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ ԵԽԽՎ հունվարի 23-ին ընդունած բանաձեւի վերաբերյալ: Համամի՞տ է արդյոք, որ ինչպես պնդում է ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը՝ այդ «բանաձեւը իր դրական շեշտադրումներով աննախադեպ է Հայաստանի համար»: Շավարշ Քոչարյանի պատասխանը վերապահ էր. «Բանաձեւն, իհարկե, շատ է պարունակում դրական պահեր: Եթե ես լինեի պատվիրակության անդամ՝ բանաձեւը մի քիչ այլ կլիներ. համենայնդեպս՝ կաշխատեի, որ լիներ մի քիչ այլ: Բայց, ընդհանուր առմամբ՝ բանաձեւը ե՛ւ արձանագրում է առաջընթացն իրավական ոլորտում, ե՛ւ հայտնում հիմնական մտահոգությունները, որոնք կապված են ընտրությունների հետ: Նաեւ մոռացված չեն այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման՝ կապված մամուլի, «Ա1+»-ի հետ, այսինքն՝ Վեհաժողովը հետեւողական է: Խնդիրը նաեւ այս է՝ եթե համեմատվենք Ադրբեջանի հետ, իհարկե, մեր վիճակը շատ ավելի լավ է: Բայց ինձ թվում է՝ մենք վաղուց պետք է ձերբազատվեինք այդ համեմատությունից»:

Նշենք, որ Հայաստանի բանաձեւում 3 փոփոխությունների առաջարկ է եղել, եւ 3-ի հեղինակներն էլ, մասնավորապես, Տիգրան Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Գրիգոր Մարգարյանն են: 3 առաջարկներից 2-ը վերաբերում են «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին, որոնք համազեկուցողների այցի ընթացքում դեռեւս ընդունված չէին, իսկ այժմ արդեն ուժի մեջ են մտել, եւ այս իրողությունն է արձանագրվել ընդունված առաջարկներով: Իսկ 3-րդ փոփոխությունը վերաբերել է GRECO-ի զեկույցին արված ոչ ճշգրիտ հղումը վերացնելուն: Մեր պատվիրակության մեջ ընդդիմությունը ներկայացնող գործիչները չեն արել որեւէ փոփոխության առաջարկ: Հարցին՝ իսկ ի՞նչ փոփոխություն կառաջարկեր ինքը բանաձեւում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Կներկայացնեի առաջարկներ՝ կապված «Ընտրական օրենսգրքի» հետ, որ ապահովվի ընտրական հանձնաժողովների, դրանց ղեկավարության հավասարակշռված կազմը: Չգիտես ինչու, այդ պահանջը ԵԽ-ն միշտ դնում է Վրաստանի եւ Ադրբեջանի առջեւ, սակայն ոչ՝ Հայաստանի: Կառաջարկեի արձանագրել այն իրողությունը, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի հետեւողական պնդումներին՝ ընտրողների մատների թանաքոտման դրույթը հանված է «Ընտրական օրենսգրքից»: Երեւի ճիշտ կլիներ նաեւ արձանագրել, որ ընտրություններում քվորումի վերացումը կոպիտ սխալ է եւ ուղղված է ընտրակեղծիքներ կատարելուն: Բազմաթիվ այլ առաջարկներ կարող էին լինել: Բայց դրանք պետք է աներ մեր պատվիրակության ընդդիմադիր հատվածը: Ցավոք, այդպիսի փորձեր չեն արվել»:

Բանաձեւի քննարկման կապակցությամբ ԵԽԽՎ-ում ելույթ էր ունեցել Ստեփան Դեմիրճյանը եւ մասնավորապես հայտարարել. «Լավագույն «Ընտրական օրենսգիրքն» էլ համադարման չէ, երբ բացակայում է քաղաքական կամքը»: Մեր խնդրանքով անդրադառնալով պրն Դեմիրճյանի ելույթին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ելույթը երեւացող հատվածն է: Ելույթով այլեւս ոչինչ փոխել չես կարող. աշխատանքն արվում է մինչ այդ: Իհարկե, ելույթն էլ է կարեւոր»: Նշենք նաեւ, որ Արտաշես Գեղամյանն էլ է որդեգրել ԵԽԽՎ-ում միայն ելույթներ ունենալու մարտավարությունը:

«Կարծում եմ, որ բանաձեւն, այնուամենայնիվ, բավական մոտ է այն իրականությանը, որը կա Հայաստանում,- ասաց Շավարշ Քոչարյանը:- Բանաձեւի հիմնական թերությունն այն է, որ շեշտադրումը կատարված է իրավական կողմի վրա (այն նաեւ ճիշտ է)՝ ինչ են տվել սահմանադրական փոփոխությունները, ինչ օրենքներ են փոփոխվել եւ այլն: Վեհաժողովը շատ լավ հասկանում է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելը չափազանց կարեւոր է: Բայց մյուս կողմից, նրանք նաեւ նշում են, թե դրա համար ժամանակ է պետք՝ սա այն տեսակետն է, որ իմ անձնական շփումների ժամանակ լսել եմ Վեհաժողովի տարբեր ներկայացուցիչներից»:

Առանձին անդրադարձի առարկա են իշխանությունը ներկայացնող մեր պատվիրակների ելույթները ԵԽԽՎ-ում: Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե համազեկուցողների զեկույցը «կարող է ծառայել իբրեւ ճանապարհային քարտեզ՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար»: Շավարշ Քոչարյանի արձագանքը փոքր-ինչ հեգնալից էր. «Դե, եթե նրանք ընդունում են այն պահանջները, որոնք կան այդ զեկույցում՝ միայն ողջունելի է: Իսկ պահանջները շատ հստակ են՝ ապահովել խոսքի ազատություն, արդար ընտրություններ, պայքարել կոռուպցիայի դեմ: Եթե նրանք այս ամենն ընդունում են իբրեւ ճանապարհային քարտեզ, եւ եթե այս ամենի ուղղությամբ իրո՛ք կատարվեն դրական քայլեր՝ կարող եմ միայն ողջունել»:

Մինչդեռ Տիգրան Թորոսյանը, արձագանքելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւը (հիշեցնենք դրա մի դրույթը. «Կարեւոր է, որ առաջիկա ընտրությունները վերջապես անցնեն ազատ ու արդար ընտրությունների եվրոպական չափանիշներով».- Ա. Ի.) նախազգուշացնող դեղին քա՞րտ չէ Հայաստանին՝ ասել էր. «Եկեք մազոխիզմով չտառապենք. ոչ թե ձեւակերպումների հետեւում ինչ-որ վատ բաներ որոնենք, այլ մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները, եռանդն ուղղենք նրան, որ ընտրություններն իսկապես լինեն անհրաժեշտ մակարդակի»: Շավարշ Քոչարյանը մեր հարցին, թե իրո՞ք բանաձեւի զգուշացումները «դեղին քարտ» համարելը մազոխիզմ է՝ պատասխանեց. «Իմիտացիայով անհնարին է շարունակել մնալ Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ: Ի վերջո, օտարերկրացիներին չէ, որ պետք է այս ամենը, եւ նրանք պետք է «դեղին քարտ» ցույց տան, որ մենք հասկանանք: Մեզ ոչ ոք չի խնդրել, որ ԵԽ անդամ դառնանք: Մեզ ոչ ոք զոռով չի պահելու այդ կառույցում, եւ ինքներս պիտի գիտակցենք՝ եթե դա մեզ պետք է մեր պետական ու ազգային շահերի համար, ապա հարկ է փոխել մտածելակերպը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ որպես հետեւանք՝ նաեւ մեր հարաբերություններում Եվրոպայի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել