Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արվեստագետներին արտոնություններ են պետք

Հունվար 25,2007 00:00

Արտերկրում բալերոնները վաղուց ազատված են զինծառայությունից

Ազգային օպերային թատրոնի բալետային խումբն այս տարի առաջին անգամ կներկայանա հանդիսատեսին փետրվարի 3-ին եւ 9-ին՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումով (բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի), իսկ փետրվարի 14-ին եւ 17-ին նույն բեմադրությունը կներկայացվի Կահիրեում ու Ալեքսանդրիայում:

Հանդիպեցինք թատրոնի գլխավոր բալետմայստեր Արմեն Գրիգորյանին:

– Անցյալ ամռանը դարձյալ «Գայանեով» ներկայացաք Ստամբուլում, խաղացանկում ունենալով 8 այլ ներկայացումներ…

– Ուզում ենք Եգիպտոսում էլ ցուցադրել մեր ազգայինը: Ընդհանրապես, աշխարհի առաջատար թատրոնները հետաքրքրված են ոչ միայն Խաչատրյանի «Սպարտակով», այլեւ հայկական կոլորիտ ունեցող «Գայանեով»: Իսկ ինչո՞ւ առաջին հերթին մենք մերը չներկայացնենք: Խաղացանկի մյուս ներկայացումներն էլ՝ Ադանի «Ժիզել», Մինկուսի «Դոն Կիխոտ», Բիզե-Շչեդրինի «Կարմեն» եւ այլն, բարձրակարգ են: Ասածս հաստատելու համար բերեմ հետեւյալ օրինակը. դեռեւս 1997-ին, երբ ֆրանսիացիները Հայաստանում դիտեցին իմ բեմադրած «Կարմենը», որտեղ հանդես էինք գալիս ես եւ կինս՝ Մարինա Միհրանյանը, տարբեր առաջարկություններ արեցին, այդ թվում՝ իրենց ֆինանսավորմամբ վերականգնվեցին ու բեմադրվեցին այսօր մեր խաղացանկում եղած որոշ ներկայացումներ: Անցյալ տարի էլ, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոնդոնի մասնաճյուղի ներկայացուցիչները մեզ մոտ դիտեցին նույն «Կարմենը», բայց արդեն երիտասարդ պարողների մեկնաբանմամբ, հրավիրեցին ամռանը հանդես գալ Լոնդոնում:

– Քանիցս մեր ընթերցողներին տեղեկացրել ենք, որ անձամբ պաշտպանության նախարարը աջակցում է տղա պարողներին, որպեսզի պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնեն՝ չկտրվելով իրենց արվեստից: Դրա հետ մեկտեղ այսօր միայն Եվրոպայի հեղինակավոր թատրոններում աշխատում է ավելի քան 30 հայ բալերոն:

– Վերջին տարիներին Մյունխենի, Համբուրգի, Ցյուրիխի, Վիեննայի, Թուլուզի եւ այլ օպերային թատրոններում առաջատար դերապարերով բեմ են դուրս գալիս Երեւանի պարարվեստի ուսումնարանն ավարտած մեր տղաները: Նշեմ, որ աշխարհում ընդունված կարգ է, եթե բալերոնն ունի պրոֆեսիոնալ կրթություն, ապա նա ազատվում է զինվորական ծառայությունից:

– Ժամանակը չէ՞, որ, աշխարհի քաղաքակիրթ երկրների օրինակով, դուք էլ՝ թատրոնի տնօրինությունը պարարվեստի ուսումնարանի ղեկավարության հետ դիմեք ԱԺ՝ բալերոններին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին օրենք ընդունելու համար:

– Պետությունը յուրաքանչյուր պարողի համար ուսումնառության տարիների ընթացքում մեծ գումար է ծախսում, իսկ ծառայության երկու տարվա ընթացքում մասնագետը կարող է որակազրկվել: 90-ականների կեսերից մենք տարբեր մակարդակներով այս հարցի շուրջ բարձրացրել ենք մեր ձայնը եւ, կարծում եմ, դրա արդյունքն էր, որ այսօր պաշտպանության նախարարն աջակցում է մեզ: Իհարկե, նման վերաբերմունքից օգտվում են միայն լավագույն պարողները: Մեր ականջին հասել են շշուկներ, որ երաժիշտներն (ջութակահար, դաշնակահար եւ այլն) էլ են ակնկալում նման արտոնություններ: Նկատենք, որ զինծառայությունը նրանց չի կարող որպես մասնագետ որակազրկել, քանի որ բանակում կան նվագախմբեր: Այլ է բալերոնների պարագայում: Պետք է նաեւ հասկանալ, որ Հայաստանի նման փոքր երկրում եթե բոլոր արվեստագետները ազատվեն զինծառայությունից, բանակը կթուլանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել