Գյուղնախարարությունն իր գործը թողած՝ գովազդով է զբաղված
Արարատյան հարթավայրի գյուղացիները օրերս «Առավոտին» դժգոհել էին, որ ցրտահարության պատճառով այս տարի էլ դեղձ ու ծիրան չեն ունենալու: Երեկ հրավիրած ասուլիսում այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան, գյուղնախարարության բուսաբուծության բաժնի պետ Գագիկ Մանուչարյանն ասաց, որ նման հայտարարությունները հիմք չունեն, քանի որ դեռ բողբոջը չբացված՝ գյուղացին չի կարող որոշել՝ բերքը ցրտահարվե՞լ է, թե՞ ոչ. «Միգուցե իրոք ցրտահարվել է, գյուղատնտեսությունում այսպես է՝ եթե նույնիսկ չորս ժամ 25 աստիճան ցուրտ լինի՝ դեղձը, ծիրանը, խաղողը հնարավոր է ցրտահարվեն, համոզված չեմ, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նախարարությունը դեռ ուսումնասիրություն չի արել»: Նշենք, որ հունվարի սկզբին Արարատյան հարթավայրում, ըստ Հիդրոմետի տվյալների, 10 օրից ավելի գրանցվել է -25 աստիճան, ուստի մասնագետներն էլ պնդում են, որ ցրտահարությունն այդ պայմաններում անխուսափելի էր:
Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանն «Առավոտի» հետ զրույցում փաստել էր, որ իրենց գյուղում դեղձի եւ ծիրանի այգիները մոտ 90 տոկոսով ցրտահարվել են: Այս առնչությամբ նախարարության պաշտոնյան նկատեց. «Նման հայտարարություններն անպատասխանատու են: Այդ ինչպե՞ս են ստուգել, թե քանի տոկոսն է ցրտահարվել, դեռ կպարզենք՝ իրենց գյուղի «գիտնականներն» ինչպես են ուսումնասիրություններն արել»: Մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը Արարատյան հարթավայրում ցրտահարության հետ կապված համոզմունք էր հայտնել, որ ցրտահարության որեւէ դեպք չի գրանցվել: Սակայն, եթե գյուղնախարարությունը դեռ ուսումնասիրություն չի արել, ինչպես տեղեկացրեց Գագիկ Մանուչարյանը, ստացվում է՝ նախարարության պաշտոնյաները իրենց աթոռներին նստած՝ կանխատեսումներ են անում: Գյուղնախարարության մասնագետները, փոխանակ իրենց գործն անելու՝ գնալու եւ տեղում դեպքերն ուսումնասիրելու, երեկ պարարտանյութ արտադրող մի մասնավոր ընկերության գովազդով էին զբաղված, որի թեմայով էլ ասուլիս էին հրավիրել: Նախարարության բուսաբուծության բաժնի պետը փորձում էր հողագործներին համոզել, որ «Պարարտ» ընկերության ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը շատ էժան են՝ մեկ տոննան 130 հազար դրամ, որի մեջ ներառված է նաեւ գյուղացիներին հասցնելու ճանապարհածախսը: Հիշեցնենք, որ գյուղնախարարությունը ազոտական պարարտանյութ ներկրելու պայմանագիր ունի ոչ թե «Պարարտի», այլ մեկ այլ ընկերության՝ «Ազոտինվեստի» հետ: Մեր հարցին, թե պետական մարմինն ինչո՞ւ է շահագրգռված, որ «Պարարտի» արտադրանքը գյուղացիների շրջանում համբավ վայելի՝ Գառնիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ազոտինվեստի» հետ պայմանագրով՝ նրանք պարարտանյութ տարեկան մեկ անգամ են բերում: Աշնանն արդեն պատվիրված խմբաքանակը բերել են, սակայն հաշվի առնելով, որ հունվարի 1-ից Վրաստանում գազի գինը բարձրացել է եւ դա կազդի պարարտանյութի գնի վրա, ուստի այժմ չենք կարող ասել՝ պետությանը ձեռք կտա՞, որ հետագայում էլ պայմանագիրը թարմացվի»:
Հ. Գ. Ի դեպ, երեկ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին անցյալ տարվա աշխատանքի համար վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «4» է գնահատել: Չնայած 2006-ին առատ տեղումներից, կարկուտից, երաշտից ու ցրտահարությունից գյուղացիները հսկայական վնասներ կրեցին, գյուղնախարարը վարչապետին ներկայացրել է միայն հացահատիկի ծավալների նվազման խնդիրը: