Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՔ «ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ»

Հունվար 25,2007 00:00

\"\"Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց Գյումրիի բյուջեն

Երեկ Գյումրիի ավագանին միաձայն, առանց ավելորդ հարցերի ու առաջարկների, հաստատեց Գյումրիի 2007 թվականի բյուջեն, որը կազմում է 2 միլիարդ 941 միլիոն դրամ: Բյուջեի քննարկումը իսկական շոուի վերածվեց: Պարզվում է՝ անցյալ տարվա բյուջեն կատարվել էր 102 տոկոսով, իսկ թե ինչ ծախսեր էին արել՝ անապահով խավին օգնություններ, անվճար գազահաշվիչների տեղադրումներ, անտեր մեռելների թաղումներ եւ այլն, ինչպես միշտ, այս ամենը գեղարվեստորեն ներկայացնելու պատիվն ընձեռվեց հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ում պատկերացմամբ՝ Գյումրին «ամենածաղկող քաղաքն» է, ինքն էլ՝ «ամենահայրենասեր քաղաքապետը»:

Ավագանին քաղաքապետի ինքնագովեստին ընդհանրապես չէր արձագանքում, նույնիսկ այնքան պասիվ էր, որ սա ազդեց Վարդան Ղուկասյանի նյարդերի վրա, ով իր հասցեին մի քաղցր խոսք չլսելով՝ ստիպված եղավ ավագանու անդամներին դիտողություն անել. «Եթե ես լինեի ձեր փոխարեն՝ կասեի շնորհակալություն, հանրապետության ոչ մի քաղաքում բյուջեն այս ձեւով չի կատարվել»: Բացի այդ, ըստ քաղաքապետի, մեր երկրում ոչ մի քաղաք այդքան դոտացիա չի ստացել, որքան Գյումրին: «Մենք կարողացանք այնպես անել, որ Գյումրին ամենաշատը ստանա դոտացիա, այն ավելացել է 151 միլիոնով»,- պարծեցավ Վ. Ղուկասյանը: Վերջինս նաեւ գոհ ու հպարտ էր, որ իր ծանոթությունները թույլ են տալիս «նիսյայով» գործեր բռնելու, օրինակ՝ քաղաքը ասֆալտապատելու. «Կառույցները մեզ վստահում են, գիտեն, որ պարտքերը կփակենք»:

Երեկ քաղաքապետը, բյուջեն ներկայացնելուց բացի, մի լավ շշպռեց տեղական հ/կ-ներին ու Գյումրիի ավագանու հասցեին արած մեղադրանքների համար նրանցից պատիվ պահանջեց: Հիշեցնենք, որ օրերս Գյումրիի մի շարք հ/կ-ներ հայտարարել էին, որ ավագանին գորշ ու անդեմ է, ընդհանրապես գործ չի անում եւ որ նրանց գործը ստիպված հ/կ-ներն են անում: Մասնավորապես, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Առավոտին» հայտնել էր, որ ավագանու որոշմամբ՝ ռուսական սահմանապահ զորամասին թերթեր եւ ամսագրեր առաքելու համար Գյումրիի բյուջեից 270 հազար դրամ է տրամադրվել: Սրան ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը կանգնելով ավագանու «թասիբին»՝ ասաց. «Որ ասում եք, թե ռուս սահմանապահներին ինչո՞ւ է ավագանին փող տվել՝ թերթ կարդալու համար, լավ չեք նայել, միայն էդ չի տվել ավագանին, ասֆալտապատման համար էլ է տվել, քաղաքապետը կողքից բարերարարներ էլ է գտել, որովհետեւ նրանք մեր սահմաններն են պահում, մեր տունը, մեր երեխեքին: Արել ենք՝ լավ ենք արել, էդ ի՞նչ մեծ խնդիր կա, կարո՞ղ է Թուրքիային ենք պաշտպանել: Բացի էդ, թող մարդիկ փորձեն մի անգամ դնել ավագանու անդամի թեկնածություն, տեսնենք՝ գոնե իր կինն իրեն ձեն կտա՞: էսօրվա Գյումրիի ավագանու անդամները էնքան ձայն ունեն, որ սկի տեղի պատգամավորներն էդքան ձայն չունեն, այսինքն՝ սա նշանակում է նրանք հեղինակություն ունեն: Իսկ թե լավ ենք արել, թե վատ, թողեք ժողովուրդն ասի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել