Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԽՈՍԵԼՈՎ՝ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԱՆՑԿԱՑՆԻ»

Հունվար 25,2007 00:00

\"\"Ասում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը

– ՕԵԿ-ը դեռ 2006-ի օգոստոսին էր նախաձեռնել խորհրդատվություններ կուսակցությունների հետ: Այն, որ ՕԵԿ գործիչները մինչ այժմ վերապահումով են խոսում այլ ուժերի հետ դաշինքների մասին՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ այդ խորհրդատվություններն ավարտվել են անարդյունք:

– Այսօր Հայաստանում կան մի շարք կուսակցություններ, որոնք ցանկանում են «Օրինաց երկրի» հետ կազմել դաշինք. ես ուղղակի կոռեկտ չեմ համարում նրանց անունները հնչեցնելը: Մենք գտնվում ենք ակտիվ ե՛ւ ներկուսակցական, ե՛ւ արտակուսակցական քննարկումների փուլում, թե ինչ սկզբունքների կամ ծրագրերի շուրջ պետք է միավորվեն այդ դաշինքները: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ մեր շարքերի կարծիքը: Եվ ընդհանրապես՝ դաշինք կազմելը չպետք է ինքնանպատակ լինի: Դաշինքը պիտի նպատակամիտված լինի որոշակի եւ շատ լուրջ խնդիրների լուծմանը: Ընդհանրապես, Հայաստանի եւ աշխարհի շատ երկրների խորհրդարանական ընտրություններին բնորոշ են առավել ոչ նախընտրական, այլ հետընտրական դաշինքները: Իսկ նախագահական ընտրություններին՝ առավել նախընտրական դաշինքները: Բայց ես չեմ բացառում, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ կստեղծվի նախընտրական դաշինք «Օրինաց երկրի» մասնակցությամբ:

– Մինչ այժմ շրջանառվում էին լուրեր «Դաշինք»-ՕԵԿ միավորման շուրջ, սակայն Սամվել Բաբայանը հայտարարեց, թե ընտրություններին մասնակցելու են միայնակ: Շրջանառվող մյուս լուրը ՍԻՄ-ի մասին է, որի հետ ունեք քաղաքական համաձայնագիր: Որո՞նք են այն ուժերը, որոնց հետ ՕԵԿ-ը քննարկումներ է անցկացնում համագործակցության շուրջ:

– Գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցությունների հետ ենք հանդիպել եւ քննարկել համագործակցության որոշակի խնդիրներ: Բայց որեւէ կուսակցության հետ բանակցություններ չենք վարել դաշինք կազմելու շուրջ: Հիմնական պատճառն է, որ մենք ինքներս դեռ չենք որոշել, ու շարքերի հետ հարկ է ճշտել՝ դաշինքո՞վ ենք գնալու ընտրություններին, թե՞ ոչ:

– ՕԵԿ-ը հանդես էր եկել «Հանուն օրինական ընտրությունների» նախաձեռնությամբ: Հռչակվեցին դրա նպատակները, գործունեության ուղղությունները, ազդարարվեց մի հանդիպման մասին: Բայց դրանից հետո հայտնի չդարձան այդ ամենի արդյունքները, պայմանավորվածությունները:

– Մենք որոշակի խնդիրներ էինք առաջադրել՝ փորձել ընտրությունների անցկացման շուրջ ընդդիմադիր դաշտում ձեռք բերել համաձայնություն: Եվ այսօր կարող ենք ասել, որ այդ համաձայնություններն, ըստ էության, կան այս կամ այն չափով: Հռչակել էինք նաեւ խնդիր՝ համագործակցել մեծամասնական ընտրակարգով առաջադրումների շուրջ. այսօր տարբեր կուսակցությունների հետ ակտիվորեն քննարկում ենք այն: Ուզում էինք լուծել ընտրական գործընթացի հրապարակայնության խնդիրը: Եվ այս նախաձեռնության արդյունքն է, որ այսօր գործում է «Խորհրդարանական ընտրություններ-2007» եռալեզու կայքէջը: Այն կարող է իր կարեւոր դերն ունենալ առաջիկա գործընթացներում. արդեն իսկ կայքէջից հիմնական օգտվողներն օտարերկրացիներն են: Ընտրությունների թափանցիկությունը եւ վերահսկելիությունն ապահովելու համար մենք համագործակցություն հաստատեցինք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ: Այսքանով առայժմ սահմանափակվել ենք, քանի որ ոչ միշտ է, որ ամեն մի լավ նախաձեռնություն միանշանակ կերպով խրախուսվում է քաղաքական դաշտի կողմից:

– Չեմ նկատել, որ քաղաքական ուժերի կողմից վերապահ գնահատականներ լինեն այս նախաձեռնության վերաբերյալ:

– Վերապահումներ չեն եղել՝ գնահատականները դրական էին: Բայց հետո, այս կամ այն խնդրով պայմանավորված՝ մասնակցությունն էր վերապահ: Սակայն նաեւ շարունակվում է գործընթացը:

– Հայտնեցիք, թե քննարկում եք մեծամասնական առաջադրումների շուրջ համագործակցության խնդիրը: Անձամբ Դուք առաջադրվելո՞ւ եք մեծամասնական ընտրակարգով: ՕԵԿ-ը թեկնածուներ ունենալու է բոլո՞ր ընտրատեղամասերում:

– Մենք չենք հավակնում բոլոր տեղամասերում թեկնածուներ առաջադրել: Այն պարզ պատճառով, որ ՕԵԿ-ը չի կարող բոլոր տեղամասերում առաջադրել հաղթող թեկնածուներ: Բայց բնականաբար, մենք ակտիվորեն մասնակցելու ենք մեծամասնական ընտրակարգով ընտրություններին: Թե ովքե՞ր կլինեն մեր թեկնածուները՝ կորոշվի փետրվարի սկզբին:

– Հիշատակված կայքէջում (www.fairelections2007.am) ներկայացրել եք խնդրահարույց տեղամասերը, որտեղ 2003-ի ընտրությունների ժամանակ որեւէ կուսակցություն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 50 եւ ավելի տոկոսը: Մտադիր եք այդ տեղամասերի նկատմամբ սահմանել առավել ուշադիր վերահսկողությո՞ւն:

– Այո՛: Ներկայումս մշակում ենք խնդիրների մի փաթեթ, որում ներառված է նաեւ այս հարցը, հանձնաժողովներում համագործակցության խնդիրը եւ այլն: Ընդդիմադիր այն կուսակցությունների հետ, որոնք իրոք շահագրգիռ են պայքարելու՝ փորձելու ենք համագործակցել այդ խնդիրների շուրջ: Խնդրահարույց տեղամասերում փորձելու ենք կենտրոնացնել նաեւ տեղական ու միջազգային լուրջ դիտորդական առաքելությունների ներկայությունը:

– Հայտարարել եք, թե համագործակցելու եք ընտրությունների ազատ եւ արդար անցկացմամբ շահագրգիռ «միջազգային դերակատարների» հետ: Նրանց փոխանցո՞ւմ եք արդեն իսկ նկատված մտահոգիչ երեւույթների մասին տեղեկատվությունը:

– Միջազգային կազմակերպություններն ուշի-ուշով հետեւում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում միջազգային կառույցների, դեսպանատների պատասխանատուների, արտերկրից Հայաստան ժամանած առաքելությունների հետ: Կա տեղեկատվության մշտական փոխանակում:

– ՕԵԿ-ը միշտ դժգոհում է, որ իշխանությունից հեռանալուց հետո զրկվել է հեռուստաեթերից: Մինչդեռ որոշ լրագրողներ (ինչպես վերջերս «Հայելի» ակումբում հայտարարվեց) պնդում են, թե Դուք ինքներդ չեք արձագանքում հրավերներին:

– Աշխարհում, որպես կանոն, հատկապ ես քաղաքական բանավեճերը լինում են ուղիղ եթերում: Այդ իսկ պատճառով էլ ինձ համար հետաքրքիր չէ բանավիճել որեւէ ակումբում, քանի որ փորձ ունեմ՝ այդ բանավեճերից կարող է որեւէ բան չցուցադրվել: Ես հյուրընկալվել եմ ե՛ւ «Փակագիծ», ե՛ւ «Ազդակ» ակումբներին՝ իմ որեւէ խոսք ուղղակի չհնչեց եթերում. ավելի՛ն՝ որոշներն ընդհանրապես չանդրադարձան: Հեռուստաալիքներն անգամ վճարովի հիմունքներով են հրաժարվում ցուցադրել մեր հանդիպումների տեսագրությունները: Վերջերս «Երկիր Մեդիան» երկարատեւ բանակցություններից հետո վճարովի հիմունքներով համաձայնեց տրամադրել 25 րոպե եթեր, ինչը դրական է: Բայց որեւէ քաղաքական հաղորդման մեջ ու նաեւ՝ ուղիղ եթերում 1 րոպե անգամ խոսելու հնարավորություն չի տրվել անցած 9 ամիսներին: Սա փաստ է: Միջազգային կառույցները դիտարկում են անցկացնում, եւ նրանք են ինձ ասել, որ նկատել են՝ Արթուր Բաղդասարյանն ընդհանրապես է բացակայում եթերում:

– Ընտրություններից առաջ հրապարակվում են սոցիոլոգիական հարցումներ, որոնցից ամենավստահելին թերեւս «Գելափի» մեթոդոլոգիական աջակցությամբ անցկացվածն է: Այնուամենայնիվ, այն որոշ չափով իրարամերժ տվյալներ է արձանագրել: Մի կողմից, որ Հայաստանի ընտրազանգվածի 60%-ն ունի ընդդիմադիր տրամադրվածություն, մյուս կողմից՝ ամենաբարձր վարկանիշն ունեն «Բարգավաճ Հայաստան»-ը եւ ՀՀԿ-ն: Ո՞րն է նման հակասության բացատրությունը՝ Ձեր կարծիքով:

– Նախ, մեզ ներկայացված տվյալների համաձայն՝ 2-րդ տեղում ոչ թե ՀՀԿ-ն է, այլ ՕԵԿ-ը: Եվ ես ամերիկացիներին էլ եմ ասել, որ վերապահ դիրքորոշում ունենք այս հարցումների նկատմամբ՝ չենք հավատում այդ թվերին: Մեր որոշ ամերիկացի ընկերներ նույնպես մեր զրույցներում հայտնել են իրենց վերապահումներն ու զարմանքն այս հարցումներում առկա հակասությունների նկատմամբ: Քանի որ ոչ թե մի հակասություն կա, որը մատնանշեցիք, այլ բազմաթիվ են հարցման արդյունքների միջեւ հակասությունները: Իշխանական կուսակցությունների կողմից «Գելափի» հարցումները նաեւ օգտագործվում են ներքին նպատակներով: Եթե ուզում ենք «Գելափի» վստահելի հարցումներ կազմակերպել՝ պետք է հրավիրել արտերկրի ընդամենը 30 մասնագետների, մի քանի թարգմանիչներով. թող նրանք անցկացնեն անաչառ հարցում: Նման փորձ կա աշխարհում:

– Վերլուծաբանների դիտարկումն է, որ ընդդիմությունն ընտրություններից առաջ անընդհատ խոսելով այն մասին, թե դրանք կեղծվելու են՝ «սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է», քանի որ առաջացնում է իր իսկ ընտրազանգվածի հիասթափությունն ու հուսալքությունը, որը պասիվ մասնակցություն է ունենում ընտրական գործընթացներին: Պատճառաբանվա՞ծ դիտարկում է:

– Այո՛: Բայց երբեք չեք կարող նշել մի դեպք, որ «Օրինաց երկիրը» նման մոտեցում արտահայտի, թե միեւնույն է՝ կեղծելու են: Մենք ասում ենք՝ միայն լավ խոսելով ոչ մեկը ոչ լավ Հայրենիք է կառուցել, ոչ էլ լավ ընտրություն կարող է անցկացնել: Լավ ընտրության համար հարկավոր է պայքարել: Եվ բնականաբար, մենք չպետք է այնքան միամիտ լինենք, որ հավատանք, թե իշխանություններն ամեն ինչ անելու են նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Իշխանությունն ամեն ինչ անելու է վերարտադրության համար: Այսօր «Բարգավաճ Հայաստանը», ՀՀԿ-ն, իշխանական այլ կուսակցություններն ունեն վարչական, ֆինանսական եւ եթերային արտոնություններ ու հնարավորություններ: Այսինքն՝ նրանք առանց այդ էլ գերակա վիճակում են ընդդիմության նկատմամբ: Հիմա ընդդիմությունն ի՞նչ պետք է անի՝ հանձնաժողովներում պիտի նշանակի նորմալ մարդկանց, ընդդիմադիր կուսակցությունները պիտի համագործակցեն իրար հետ: Համաձայն եմ, որ եթե այսօրվանից անընդհատ ասենք, թե ընտրությունները կեղծվելու են՝ բա էլ ինչի՞ ենք մասնակցում:

– Գաղտնիք չէ, որ 2008-ի ընտրություններում Արեւմուտքի ֆավորիտներն եք համարվում Դուք, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը: Իսկ 2007-ի ընտրությունների վերաբերյալ քաղաքական հաշվարկներում որքանո՞վ եք շեշտադրում արտաքին աջակցությունը:

– Ես եւ ՕԵԿ-ը մեր հույսը դնում ենք նախեւառաջ մեր ժողովրդի աջակցության վրա, քանի որ մեր կառույցը հայաստանակենտրոն է: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք մարդկանց հետ: Վերջին 3 ամիսների ընթացքում ես 150 հանդիպում եմ ունեցել: Սակայն, բնականաբար, չի կարող որեւէ՝ հատկապես բարդ տարածաշրջանում գտնվող մի երկրում, ինչպիսին Հայաստանն է՝ լինել ընտրություն, որը չի առաջացնի նաեւ արտաքին աշխարհի հետաքրքրությունը: Թաքցնելու բան չունեմ՝ աշխարհի տարբեր երկրներում ունեմ բազմաթիվ քաղաքական գործընկերներ, ովքեր հասկանում են, թե ինչ երկիր ենք մենք ուզում ստեղծել: Վերջին շրջանում էլ հարցազրույցներ եմ տվել եվրոպական մի շարք առաջատար գործակալությունների եւ թերթերի ու կարող եմ ասել, որ նախկինում երբեք չեմ նկատել նման հետաքրքրություն: Մենք մեկուսացած կղզի չենք: Եվ բնականաբար, անպայման լինելու են արտաքին արձագանքներ՝ պայմանավորված ընտրությունների կազմակերպման ընթացքով եւ արդյունքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել