Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԻԼԱԿԱՎՈՐՆԵՐՈՎ՝ ԴԵՊԻ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Հունվար 25,2007 00:00

Արշակ Սադոյանը վստահ է, որ միակ ելքը դա է՝ կռիվ տալ բոլոր տեղամասերում եւ իրականացնել թավշյա հեղափոխություն:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններից հետեւող բոլոր բարեփոխումները «Ընտրական օրենսգրքում» արդեն կատարված են եւ ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ: Սակայն երեկ, Երեւանում, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնում քննարկման ժամանակ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ համաձայն չէ ասվածին եւ պնդում է, որ փոփոխված «ԸՕ»-ն ավելի շատ է կեղծիքների եւ անօրինականության հնարավորություն ստեղծելու, քան նախորդը: Հետեւաբար, ըստ Արշակ Սադոյանի, ընդդիմությանը այլ բան չի մնում, քան այն, ինչն առանց հոգնելու շարունակ ուզում է ինքը, այն է՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում հավաքվեն «բիլակավոր», նվիրված եւ անկաշառ մարդիկ եւ մինչեւ վերջ տեր կանգնեն ընտրությունների ընթացքին եւ արդյունքների հաշվմանը. «Ես ճիշտ եմ համարում մեր կողմից արված առաջարկը, որ անհրաժեշտ է միավորվել հանուն ընտրությունների ընթացքի վերահսկողության, անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել, որ իշխանավորների կողմից ընտրության կեղծիքները վերածվեն թավշյա հեղափոխության: Այս սկզբունքի շուրջ միավորումը ուղղակի անհրաժեշտ է»:

«Առավոտի» հարցին՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին դարձյալ ստեղծվի «Արդարություն» դաշինքի կարգի մի դաշինք, Արշակ Սադոյանը կմիանա՞ դրան, ասաց. «Եթե դաշինքը իր պայքարի նպատակը դարձնի ընտրությունների ընթացքի վերահսկումը, արդյունքների կեղծման դեպքում պայքարի իշխանավորների դեմ, ես այդպիսի միավորմանը կմասնակցեմ»:

Եթե Արշակ Սադոյանը պնդում է, որ ընդդիմությունը պետք է ինքնուրույն ուսուցանի իր վստահված անձանց եւ դիտորդներին, ինքնուրույն հետեւի ընտրությունների ընթացքին եւ արդյունքները հաշվելուն, քանի որ փոփոխված «ԸՕ»-ն շատ ավելի վատն է, քան նախորդը, ապա ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը «Ուրբաթ» ակումբում երեկ խոսելով նույն թեմաներով՝ ասել է, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններից հետո ԿԸՀ-ն արդեն վերահսկում է շատ հարցեր եւ ընդդիմությունը չի կարող քաղաքական բոյկոտ հայտարարել. «Ընտրական հանձնաժողովների անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, անհարգելի չմասնակցողների համար պատասխանատվություն է սահմանված»: Իսկ ընտրողներին Գարեգին Ազարյանը առաջարկում է հասկանալ քվեաթերթիկի գինը՝ «դա ԱԺ-ում 5 տարի ընդունվող օրենքներն են լինելու, եւ այդ օրենքները մեր երեխաների համար են լինելու՝ ընտրությանը վերաբերվենք որպես մեր ընտրություն»: ԿԸՀ նախագահը երեկ նաեւ հայտարարել է, որ իր գլխավորած կառույցը քվեներ չի հաշվում, այլ գումարում է տեղամասերից եկած արդյունքները: Եթե խոսենք Արշակ Սադոյանի լեզվով, կստացվի, որ, ըստ Գարեգին Ազարյանի, թվանկարչությունը իր մոտ չի կատարվում եւ ինքը նկարչության համար պատասխանատու չէ: Թերեւս հենց սա էր ուզում ասել ԿԸՀ նախագահը, երբ երեկ շեշտում էր, որ ընտրական հանձնաժողովներում կան ինչպես նախագահի նշանակած, այնպես էլ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ. «Եթե մենք ունենանք «Ընտրական օրենսգրքին» տիրապետող ընդամենը 2000 անդամ՝ հաշվելու հետ կապված մեր խնդիրները եւ դրանցով առաջացող չարաշահումները կվերանան»:

Հետաքրքիր է, որ Արշակ Սադոյանին պետք է ոչ թե 2000, այլ 10000 նվիրված եւ բիլակավոր մարդ՝ ընտրությունները վերահսկելու նպատակով: Այդ թվի կապակցությամբ երեկ նույն քննարկման ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր հերթին նկատեց. «Կուսակցությունները պետք է ունենան առնվազն 2000 անդամ, այսինքն՝ դուք ձեր կուսակցությամբ արդեն 2000 հոգի տալիս եք այդ գործին, պարոն Սադոյան, եւ եթե մնացած ընդդիմադիր կուսակցություններն էլ ամեն մեկը 2000 տան, 10 հազարից ավելի մարդ կլինի, էդ հարցը լուծված կլինի»:

Գարեգին Ազարյանը երեկ լրագրողներին հրավիրել է «միասին նկարելու». «Եթե նկարելու ենք՝ նկարենք միասին: «Նկարելու» է համակարգիչը՝ համակարգչային ցանցի միջոցով ընտրատարածքային հանձնաժողովներից ստացած արդյունքների հիման վրա»,- հայտարարեց Գարեգին Ազարյանը: Նա երեկ առանց աչքն իսկ թարթելու հայտարարեց, որ հանրապետության նախագահը որպես քաղաքացի եւ պաշտոնյա իրավունք ունի ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր կարծիքն ասել, այսինքն՝ նշել, թե որ կուսակցություններն են, նրա կարծիքով, ընդգրկվելու ապագա խորհրդարանում: Հիշեցնենք, որ, ըստ նախագահի, դրանք են լինելու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը: ԿԸՀ նախագահը կարծում է, որ եթե մեկը վստահում է նախագահին, ապա նրա համար նախագահի ասածը կդառնա կողմնորոշիչ: Գարեգին Ազարյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի ասածը նաեւ իրեն կօգնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել