Մասնակիցները հանդես չեկան հակաթուրքական կոչերով, բայց փաստեցին, որ թուրքի ձեռքով կատարվել է ոճրագործություն:
Երեկ ժամը 13-ին Ազատության հրապարակում շուրջ 10000 մարդ էր հավաքվել՝ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ողբերգական մահվան առիթով: Նույն ժամին Ստամբուլում սկսվել էր նաեւ նրա հուղարկավորության արարողությունը՝ «Ակոսի» խմբագրության մոտից:
Ակցիայի մասնակիցները կրում էին չարագործությունը դատապարտող ցուցապաստառներ ու Հրանտ Դինքի պատկերով կրծքանկարներ: Ազատության հրապարակի հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակը ամենեւին էլ հակաթուրքական կոչեր հնչեցնելը չէ:
«Սփյուռք» կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը նշեց, որ Դինքը հրապարակի մարդ չէր, չէր սիրում մարդիկ հավաքել, բայց այժմ հրապարակներ է լցնում:
Արձակագիր Զորի Բալայանը, դատապարտելով կատարվածը, ասաց, որ «Թուրքիային կարող է փրկել միայն ապաշխարությունը»:
Դինքի մտերիմներից Վարդգես անունով մի տղամարդ փոխանցեց նրա եղբայրների պատգամը. «Ինչքան սիրենք էս պետությունը, այնքան Հրանտի պայքարը ճիշտ կհամարվի»:
Ըստ Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի. «Հրանտը ազատ խոսքի մեծ ջատագով էր: Պատահական չէ, որ աշխարհը այսպես է արձագանքում նրա մահվանը: Թող նա վերջին զոհը լինի ազատության եւ հայերի իրավունքների համար մղվող պայքարում, իսկ թուրքերն էլ հասկանան, որ ազատ խոսքը նույնիսկ կրակոցներով չի լռեցվի»:
Ռեժիսոր Սարգիս Հացպանյանը հայտարարեց, որ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի սփյուռքահայ մի ուսանող Հայաստանից իր հետ օդանավով Ստամբուլ է տարել մի բուռ հող ու հայկական դրոշ, ու այդպես միացել Հրանտ Դինքի սգո թափորին: «Հրանտի հաղթարշավը այլեւս սկսված է, Հրանտին հիշել՝ նշանակում է նրան ապրեցնել»,- ասաց նա:
Մեկ այլ սփյուռքահայ ուսանող՝ Սերգեյ Չամանյանն էլ հայտնեց, թե Հրանտ Դինքն իր մահով փաստեց, որ անհնար է սահմանափակել խոսքի ազատությունը: Ըստ նրա, այդ են վկայում նաեւ աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպված ցույցերը՝ «Բոլորիս անունը Հրանտ է» կարգախոսով. «Օրինակ՝ Թուրքիայում 80000 մարդ է փողոց դուրս եկել: Եվ մեծամասնությունն էլ հայեր չեն: Այնպես որ, խոսքը չի կարող լռել»:
Այսօր եւս Երեւանում կկազմակերպվի սգո երթ, իսկ մասնակիցները Շահումյանի անվան հրապարակից կքայլեն մինչեւ Ծիծեռնակաբերդ: