Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ իր վրա հույս չդնեն
Այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ոստիկանությունում սպասողական վիճակ է: Անորոշության մեջ են հատկապես նախկին պետավտոտեսուչները. «վերեւների» հրահանգով ոստիկանությունում կատարված փոփոխությունների արդյունքում նրանցից ոչ ոք այսօր չգիտի, թե ինչ է սպասվում իրեն՝ կմնա՞ այդ համակարգում, թե՞ կկրճատվի: Անգամ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները խառնաշփոթի մեջ են, քանի որ ոչ ոք առայժմ իր տեղն ու իր դիրքը չգիտի, չգիտեն անգամ, թե ի պաշտոնե ում կարելի է «չեստ» տալ, ում՝ այլեւս ոչ: Հայտնի է միայն մի բան՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ոստիկանական համակարգում, այսպես ասած, «բարեփոխումներ» են իրականացվում, որի արդյունքում էլ պետավտոտեսուչներ չեն լինելու, լինելու են ճանապարհային ոստիկաններ, նրանք այլեւս փողոցում չեն կանգնելու, շրջելու են փողոցներում, խախտման համար 500 կամ 1000 դրամ կաշառք չեն վերցնելու եւ աշխատելու են տեսախցիկներով: Այսքանը: Իրականացվող փոփոխությունների մասին նույնքան ինֆորմացիա ունի նաեւ «բարեփոխումների» գլխավոր ֆինանսատուն՝ Համաշխարհային բանկը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, 40 մլն դոլար է տալու՝ ոստիկանությունում կոռուպցիան կրճատելու համար: Պարզվում է, ինքը՝ Համաշխարհային բանկն այդ 40 մլն դոլարը տալու մասին տեղյակ չէ եւ չի պատրաստվում նման կարգի գումար տրամադրել: Համենայնդեպս, երեկ Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ «մեր բանկն այդքան միջոցներ չունի՝ Հայաստանի ոստիկանական համակարգի բարեփոխումների համար տրամադրելու: Մենք ՀՀ կառավարությանը չենք խոստացել այդքան մեծ գումար տալ: Ընդամենը հանդիպել ենք, վիճակագրությունն ենք նայել, էքսպերտների գնահատականներն ենք ուսումնասիրել ու վերջ, բայց 40 մլն տալու մասին խոսք չի եղել, դա շատ մեծ թիվ է»: Մինչդեռ ոստիկանության մի շարք պաշտոնյաներ, անգամ ՀՀ նախագահի՝ աշխատանքային խմբի անդամները ամենուր հայտարարություններ են անում, թե «ՀԲ-ն տվել է իր սկզբունքային համաձայնությունը՝ պետավտոտեսչության ոլորտում 40 մլն դոլարի ֆինանսավորում կատարելու»:
Թե ինչո՞ւ պետք է պետական պաշտոնյաները «օդից» նման թիվ վերցնեն ու լուրեր տարածեն, որ ՀԲ-ն կառավարությանը խոստացել է հենց 40 մլն՝ կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Առջեւում ընտրություններ են եւ այս ընթացքում քարոզարշավը, ինչպես պետք է, կազմակերպելու համար «վերեւներին» փող է պետք, ընդ որում՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հենց 40 մլն դոլար: Ուստի հենց այս տարվա հունվարից ոստիկանությունում կոռուպցիան վերացնելու՝ իշխանությունների հանկարծակի մտահոգությունը հնարավոր է հենց ընտրությունների հետ է կապված: Նույն սկզբունքով կառավարությունը մտածեց այս տարվա հունվարի 1-ից հին մեքենաների ներկրման մաքսերն ավելացնել՝ մթնոլորտը աղտոտվածությունից փրկելու անվան տակ: Թե՛ «Բնապահպանական վճարումների դրույքաչափերի» մասին օրենքը մեջտեղ հանելու, թե՛ ոստիկանությունում փոփոխություններ կատարելու դեպքում կառավարությանն այդ «բարեփոխումների» արդյունավետությունը չի հետաքրքրում: Օրինակ՝ եթե հետագայում պարզվի, որ պետավտոտեսչության անցակետերը վերացնելը սխալ է եղել, սխալ համակարգ են ներդրել եւ դրա արդյունքում վրաերթերի թիվը եռապատկվել է, մեր երկրում անվտանգ երթեւեկելը դարձել է անհնար, որ ՃԵԿ-ի կանոնները խախտող վարորդների 5 տոկոսն էլ չի պատժվում եւ բյուջեում այդ դաշտից չնչին մուտքեր են լինում, ոչ ոք խնդրի պատասխանատվությունն իր վրա չի վերցնի: Բացի այդ, եթե Համաշխարհային բանկը կառավարության հետ «լեզու չգտնի» եւ չտա նախատեսված 40 մլն դոլարը, փաստորեն, այս տարվա հունվարից պետավտոտեսչությունում կատարվող փոփոխությունները հնարավոր է՝ հապշտապ ու չմտածված քայլ լինեն:
Մեր տեղեկություններով՝ այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է, աճել է նաեւ վրաերթերի թիվը՝ մահվան ելքով: Եվ սա արդեն իսկ մտահոգության տեղիք է տալիս:
Եթե ոստիկանական «բարեփոխումներն» իսկապես միայն մի խումբ մարդկանց կողմից նախապես մշակված ծրագիր է՝ ընտրությունների համար փող հայթայթելու, Համաշխարհային բանկից զգուշացրին, որ իրենց միջոցների վրա կարող են պլաններ չկազմել: Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ «Եթե մենք փող տանք էլ՝ վերահսկողությունը շատ ավելի խիստ է լինելու, քան նախորդ ծրագրերի դեպքում եւ ոչ մի շանս չկա՝ այդ փողերը ոչ նպատակային ծախսելու»: