Շիրակի մարզում բուժհիմնարկները մեկը մյուսի հետեւից օպտիմալացվում են
Կես տարուց ավելի է՝ Շիրակի մարզի բուժաշխատողներին գործազուրկ դառնալու հեռանկարը սթրեսային վիճակում է պահում: Բանն այն է, որ վերջերս Շիրակի մարզ էր այցելել Համաշխարհային բանկի ու առողջապահության նախարարության փորձագետներից կազմված հատուկ հանձնախումբը, որն ուսումնասիրություններ էր կատարում, թե որ բուժհիմնարկը որին են միավորելու: Այս պահին էլ կառավարությունում քննարկվում է մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլը, համաձայն որի, որքան էլ տարօրինակ է, նախատեսված է փակել մարզի բոլոր պիտանի առողջապահական հիմնարկները՝ միակ մաշկավեներական դիսպանսերը, վերջերս վերանորոգված եւ տեխնիկայով հագեցված Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, լեհերի միջոցներով կառուցված Գյումրիի միակ ծննդատունը: Մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացմանը դեմ է Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որն էլ ստանձնել էր ծննդատան օգտակարությունը հանձնախմբին բացատրելու բարդ գործը: Մարզպետը մի կերպ կարողացել էր ծրագիրը մեկ տարով հետաձգել:
Այս առնչությամբ Ռ. Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նախքան հանձնախմբի՝ Շիրակի մարզ այցելելը, ինքը կառավարություն է ներկայացրել մարզի երեք այլ տեղանքների՝ Մարալիկի, Արթիկի եւ Ախուրյանի հիվանդանոց-պոլիկլինիկա միացման գաղափարը:
«Կա օպտիմալացման տեսակ, որոնց ես կողմ եմ եւ գտնում եմ, որ մի շենքի մեջ երկու-երեք տնտեսություն, այսինքն՝ տնօրեններ պահելը իմաստ չունի:
Վերցնենք Մարալիկը. շտապօգնությունը, հիվանդանոցը, պոլիկլինիկան մի շենքի մեջ են, նույնիսկ հիվանդանոցում աշխատող բժիշկների մի մասը կես դրույքով ձեւակերպված է պոլիկլինիկայում: Այ այստեղ անհրաժեշտ է օպտիմալացում: Իմ թվարկած վայրերում ձեւավորվելու են առողջապահական կենտրոններ, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին վերջերս ստեղծվեց Ամասիայում: Բայց Գյումրին մի քիչ բարդ է իր դասավորությամբ եւ իմ տեսակետը այս հարցի շուրջ հնչած մեկնաբանություններից տարբեր է: Այս պահին Գյումրիի համար որեւէ մոդել չկա, թեեւ կան տարբեր առաջարկներ, եւ չենք կարող ասել, որ անպայման այս ծառայությունը կտանենք էնտեղ, մյուսը կբերենք էստեղ: Գործընթացը դեռ կասեցված է, իսկ ահա իմ թվարկած երեք տեղանքների համար, կառավարության համաձայնությունը ստանալուն պես, կսկսենք օպտիմալացման գործընթացը»,- գյումրեցի բժիշկներին փոքր-ինչ հանգստացրեց Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որոնց, սակայն, մշտապես սթրեսի մեջ է պահում ՀՅԴ մեկ այլ անդամ՝ առողջապահության նախարարը, ով ամեն անգամ այցելելով Շիրակի մարզ՝ խոսում է ծրագրի անխուսափելիությունից: