Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցողական» էսկալացիա

Հունվար 24,2007 00:00

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, երեկ Մոսկվայում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հանդիպումների շարունակման վերաբերյալ»: Հիշեցվում է նաեւ, թե երկու երկրների ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը կհաջորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր սկսվող այցը տարածաշրջան: Մինչդեռ Մամեդյարովն, իր հերթին, բանակցությունները գնահատել է «բարդ», փոխանցում է «Թրենդը»:

Երեկ հայտնի դարձավ ղարաբաղյան խնդրին առնչվող եւս մի իրադարձության մասին: Հետխորհրդային տարածքի «սառեցված հակամարտություններին», այդ թվում ԼՂ հարցին է անդրադարձել նաեւ ԵԱՀԿ «եռյակը», որը հակամարտություններում ներգրավված երկրներին կոչ է արել կառուցողական բանակցություններ վարել՝ հենվելով արդեն ձեռք բերված համաձայնությունների վրա: Ինչպես «Նոյյան տապանին» հաղորդել են ԵԱՀԿ Վիեննայի գլխավոր գրասենյակից, «եռյակը»՝ հանձին կազմակերպության գործող նախագահ՝ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի, նախորդ նախագահ՝ Բելգիայի ԱԳ նախարարի հատուկ պատվիրակ Պիեռ Շեւալիեի եւ հաջորդ նախագահ՝ Ֆինլանդիայի արտգործնախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Անն Սիպիլայնենի, մամուլի ասուլիս է մատուցել, որի ընթացքում Մորատինոսը, մասնավորաբար, բարձր է գնահատել ԵԱՀԿ ՄԽ կատարած անցած տարվա աշխատանքն ու կոչ է արել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին՝ բոլոր ջանքերը գործադրել ընթացիկ տարում այդ խնդրի լուծման ուղղությամբ:

Ու մինչ Օսկանյանն ու Մամեդյարովը շարունակում են «կառուցողական» հանդիպումների շարքը, իսկ ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում միջնորդների աշխատանքը, իրադրությունը հակամարտության գոտում շարունակում է սրվել: Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հայկական կողմի նոր կորստի մասին: Ըստ այդմ, ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Մհեր Մովսիսյանը: Ինչպես փոխանցում է «Մեդիամաքսը», դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին, ժամը 13:45-ի սահմաններում, շփման գոտու Հորադիզի հատվածում: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնում ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ «վերջին շրջանում ադրբեջանական կողմի այսօրինակ գործողություններն ուղղված են հակամարտության գոտում առանց այն էլ լարված իրավիճակի ապակայունացմանը»: «Հասկանալով, որ դեպքերի նման զարգացումները լի են անկանխատեսելի հետեւանքներով, ղարաբաղյան կողմը պաշտոնական Բաքվին վճռականորեն կոչ է անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը ու վտանգի տակ չդնել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը»,- նշել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել