Հնարավո՞ր են Հայաստանում նախընտրական «աշխարհաքաղաքական» դաշինքներ
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը օրերս մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերին կոչ արեց ընտրությունների գնալ աշխարհաքաղաքական առանձին բլոկներով, դաշինքներով: Մեր բոլոր փորձերը՝ մի շարք ընդդիմադիր ուժերից ճշտել իրենց կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ, ապարդյուն անցան, նրանք խնդրում են իրենց անունները չնշել եւ առանց ձայնագրիչի ասում են, որ անմիտ առաջարկ է:
Սակայն ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը իր կարծիքը չթաքցրեց եւ հայտարարեց. «Նախ, անկախ նրանից, թե այդ կարգի առաջարկի հեղինակն ով է, ակնհայտ է, որ սա արհեստածին առաջարկ է եւ անհասկանալի: Առանց այն էլ մեր քաղաքական դաշտը ձեւավորված չէ, գաղափարների պայքար տեղի չի ունենում: Սրանով մենք մեզ ավելի ետ կշպրտենք մեր պատկերացումների մեջ անգամ, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական դաշտը կամ գաղափարների պայքարը: Սա կնմանվի նրան, որ, կոպիտ ասած, մարդն իր հարեւանության մեջ ասի՝ ես խաչիկամետ եմ, ես պողոսամետ եմ, էն մյուսների հետ գործ չունեմ: Ո՞ր իրեն հարգող քաղաքական ուժը կկանգնի եւ նման հայտարարություն կանի, դեռ այդ կարգի դաշինքով էլ կգնա ընտրությունների՝ պարզապես աբսուրդ է: Գուցե ռուսամետների մեջ էլ բաժանում դրվի, ասեն՝ սա վորոնեժամետ է, մյուսը՝ նովոսիբիրսկամետ»:
Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ այս պահին առաջարկվող տարբերակը ընդունելի չի համարում. «Մեր երկրի այսօրվա վիճակը պարտադրում է բոլորին, հատկապես ընդդիմությանը, շատ ավելի լայն տեսակետների շուրջ համախմբվել եւ շատ ավելի ազգային լինել, այնպես որ, կարծում եմ, ընդդիմությունը շատ ավելի լայն ճակատ պիտի կազմի, քան միայն որեւէ «երկրամետ» լինելը, եւ այստեղ խիստ էական կամ խիստ ընդգծված չեն լինի Եվրամիության ուղղություն, Միացյալ Նահանգների ուղղություն, խիստ ՆԱՏՕ-ի կողմնակիցներ կամ ընդգծված Ռուսաստանի կողմնակիցներ»: Արդյոք անբնական չի՞ լինի, եթե ընդդիմադիր կուսակցությունները հանկարծ իրոք որոշեն ընտրությունների գնալ «եվրոպամետ», «ռուսամետ» եւ, ասենք, «ՆԱՏՕ»-ամետ բլոկներով: Հովհաննես Հովհաննիսյանը համաձայն էր այդ դիտարկմանը եւ ասաց. «Եթե այդպես լինի, կնշանակի՝ շատ նեղ մտածելակերպին է տուրք տրվում, եւ կարծում եմ, բացի այն, որ դա դրսի համար տարօրինակ կթվա, ընդհանրապես՝ քաղաքական դաշտի զարգացման համար անընդունելի կլինի: Դա այնքան կնեղացնի քաղաքական դաշտը, որ այդ խումբ-խումբ բաժանված կուսակցությունները կվերածվեն ակումբների»: