Մեղադրյալը մեկուսարանում էլ չէր կարող ապրել առանց թմրամիջոցների
Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում շուտով կսկսվի Աշոտ Չիլինգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Երեւանի Իսակովի պողոտայի 50/3 շենքի 30 բնակարանում 2005թ. օգոստոսի 24-ի գիշերը Սերգեյ Թադեւոսյանին սպանելու մեջ:
Ութամյա կրթությամբ, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Չիլինգարյանը մինչեւ սպանությունը կարողացել է ԱՄՆ քաղաքացու՝ Արմեն Ժամկոչյանի անուն-ազգանունով ձեռք բերել իրավունքի կեղծ փաստաթղթեր ու 1999թ. մեկնել ԱՄՆ: Հետո վերադարձել է Հայաստան, ձեռք բերել մեկ այլ կեղծ անձնագիր՝ Ալեքս Չիլինգարով անուն-ազգանունով ու 2005-ին հատել է ՀՀ սահմանը՝ մեկնել Վրաստանի Հանրապետություն: Ըստ որոշ տեղեկությունների, Չիլինգարյանը Հայաստան թմրամիջոց ներկրողներից մեկն էր եւ այդ բիզնեսում ազդեցիկը:
Չիլինգարով-Ժամկոչյանը 30 սմ երկարության լայն շեղբ ունեցող դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Ս. Թադեւոսյանին եւ սպանել նրան: «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց էր պատվիրել եւ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ դրա համար նրան վճարել էր 4000 դոլար: Ըստ մեր տեղեկությունների, Թադեւոսյանը խոստացել էր տասնօրյա ժամկետում հարցը լուծել, սակայն չէր կարողացել:
Մեղադրյալը միասին թմրամիջոց օգտագործելու առաջարկով հանդիպում է Թադեւոսյանին Իսակովի պողոտայի վերոնշյալ տանը: Գործածում են «Սուբուտեքս» ու սկսում քննարկել թմրամիջոցի եւ անձնագրի հարցը: Մեղադրյալի ընկալմամբ, Թադեւոսյանը չէր վերադարձնելու իրենից վերցրած գումարը, ուստի դանակով հարվածում է նրա գլխին եւ կրծքավանդակին, որի հետեւանքով Թադեւոսյանը մահանում է:
Ուշադրության արժանի է այն, որ նա, երբ նախնական կալանքի տակ էր գտնվում արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մեկ այլ կալանավորի՝ Արթուր Թարվեդյանին զանգելով, խնդրել էր թմրամիջոց հասցնել իրեն: Վերջինիս ազգականը՝ Պետրոս Մանուկյանը չիմանալով, որ իրեն հանձնված թեյի տուփի մեջ 3,5 գրամ ափիոն է, հանձնուքների ընդունման կետում բռնվում է, ինչի մասին տեղեկացրել է նաեւ «Առավոտը»: Մեկ այլ փորձ էլ է ձախողվում, երբ հացի մեջ 3,2 գրամ ափիոն թաքցրած կալանավորի մայրը՝ Սվետլանա Մարտիրոսյանը փորձում է այն «Չիլինգարովին» հասցնել՝ նույնպես բռնվում է:
Չիլինգարյանը մեղադրվում է Քրօրի միաժամանակ 8 հոդվածների 8 մասերի 2 կետերով՝ սպանություն, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն, թմրամիջոցի գործածում, փաստաթղթերի կեղծում եւ իրացում, պետական սահմանն ապօրինի հատում: