Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ… Ե՞ՐԲ

Հունվար 23,2007 00:00

\"\"Հարցազրույց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ

– Հայ-թուրքական հարաբերություններում ամենալուրջ դերակատարությունը, անշուշտ, ԱՄՆ-ինն է: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված այդ հարաբերությունների շտկմամբ:

– Այո, այս ամենի հետեւում Ամերիկան է, որը կովկասյան տարածաշրջանում մեծ գործ ունի. Վրաստան մտավ, Թուրքիան իր պարտնյորն է, եւ ԱՄՆ-ն այս ճնշումը միշտ պետք է բանեցնե, որպեսզի շտկե Հայաստանի հետ իր կապերը: Որպեսզի Վրաստանում իր շահերը լուրջ ամրապնդի, կոնֆլիկտ չի ուզում, խնդիր չի ուզում եւ ուզում է Թուրքիո եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների շտկում: Այդ շտկումը պետք է լինի ոչ միայն հօգուտ Հայաստանի, այլեւ հօգուտ Կովկասի:

– Սակայն առանց ցեղասպանության ճանաչման ի՞նչ հարաբերությունների մասին կարող է խոսք լինել:

– Ցեղասպանության ճանաչման հարցն ուրիշ հարց է: Այս հարցը Թուրքիայի հետ ճնշումով չի կարելի վճռել, որեւէ ճնշումով, որեւէ արտաքին ճնշումով հնարավոր չէ այս հարցը ընդունել տալ: Բայց մեկ պայման կա՝ Թուրքիան պիտի ընդունի ցեղասպանությունը, անշուշտ պետք է ընդունի, բայց՝ ե՞րբ: Աշխարհի բոլոր հայերը թող աղոթեն եւ օգնեն թուրքերին, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն: Եվրամիություն մտած Թուրքիան ցեղասպանության հարցը արդեն ընդունած կլինի, լուծած կլինի, ժողովրդավարական երկիր կդառնա եւ այդպիսով Հայաստանի հարեւանը կլինի ոչ թե Թուրքիան, այլ Եվրոպան: Ուզում եմ հարցնել ձեզ՝ ո՞րը կնախընտրեք՝ որ Թուրքիան նախեւառաջ ցեղասպանությունը ճանաչի՞, թե՞ դառնա ժողովրդավարական երկիր: Այս հարցումը էական հարցում է: Եթե ուզես, որ առաջինը ցեղասպանությունը ճանաչի, սխալ կլինես: ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ աշխարհի ճնշմամբ ճանաչի ցեղասպանությունը, դա օգուտ չունի, որովհետեւ եթե վաղը առիթ ստեղծվի, կրկին նույնը կանի, հերդ կանիծի: Ճնշումով չի լինի, մտայնությունը պետք է փոխվի, ժողովրդավարական մտայնություն պետք է լինի:

– Ո՞նց կարող է թուրքի մտայնությունը փոխվել, եւ ե՞րբ Թուրքիան կդառնա ժողովրդավար, արդյո՞ք հնարավոր բան է:

– Մենք 85 տարի սպասեցինք, այս երկրի մեջ առաջ մարդ չկար, որ ընդուներ ցեղասպանությունը: Հիմա հայտնվում են թուրքեր, որոնք ասում են, գրում են, թե արել են ցեղասպանությունը, դատապարտում են. այս մտայնությունը պետք է շատանա: Ճնշումով չի լինի, ժողովրդավարության, մտայնության փոփոխմամբ կլինի: Ուրեմն պետք է այս ուղղությամբ ջանք թափել: Ինձ համար կարեւորը երկրորդն է՝ Թուրքիան պետք է առաջին հերթին ժողովրդավար երկիր դառնա, եւ արդեն ցեղասպանության ընդունումը ինքն իրեն պիտի գա:

– Դուք հետեւում եք Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ, անշուշտ, որոշ գնահատական ունեք: Դրսից ինչպե՞ս է երեւում Հայաստանը:

– Հայաստանի քաղաքական կյանքը ինձ համար առաջին հերթին ժողովրդավարությունն է: Տեսնում եմ, որ կառավարությունը շատ ժողովրդավարական չէ, եւ սա է էականը: Իսկ տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ էլ բավարար աշխատանք չի տարվում, որոշ բան արվում է, բայց՝ քիչ: Կարծում եմ, Հայաստանում անպատճառ պետք է հիմնվի Սփյուռքի նախարարություն, որովհետեւ Հայաստանը նման չէ ուրիշ երկրների. եթե երկրի ժողովրդի կեսից ավելին արտասահմանում է գտնվում, նրանց հետ կապ հաստատելու համար ստիպված եք նախարարություն ստեղծել: Հրեաները այս բանն արեցին, եւ այդ պատճառով է, որ հաջողության հասան: Հիմա հերթը հայերինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել