Լրահոս
Օրվա լրահոսը

Շեֆի քմահաճույքո՞վ են ասուլիսի կանչում

Հունվար 23,2007 00:00

Մի շարք գերատեսչություններ խախտում են «ԶԼՄ-ների մասին» օրենքը

Շատ պետական գերատեսչություններ մի վատ սովորույթ ունեն՝ իրենց միջոցառումները լուսաբանելու համար լրագրողներին հրավիրում են՝ նկատի ունենալով ո՛չ թե լրատվամիջոցի հավատարմագրված կամ ոչ հավատարմագրված լինելը, այլ՝ պարզապես ըստ գերատեսչության ղեկավարի ճաշակի ու ցանկության՝ խախտելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը:

Օրինակ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման թեմայով բաց նիստ էր անցկացրել եւ այն լուսաբանելու համար հրավիրվել էին միայն մի քանի հեռուստաալիքի լրագրողներ: Թերթերի, այդ թվում եւ «Առավոտի» ներկայությունը հասկանալի պատճառներով հարմար չի եղել հանձնաժողովի համար: Թե ինչու «Առավոտը» նիստի մասին նախապես, ինչպես կարգն է, չի տեղեկացվել՝ հանձնաժողովի մամուլի պատասխանատու Մարիամ Ստեփանյանն այսպես պարզաբանեց. «Այդ օրը շատ հասարակական կազմակերպություններ եկան, եւ տեղի խնդիր ունեինք, դուք գիտեք, թե ինչքան փոքր է մեր նիստերի դահլիճը, թեման հ/կ-ներին շատ էր հետաքրքրել, եւ շատ քիչ լրատվամիջոցների տեղ մնաց»: Եթե նույնիսկ ընդունենք, որ, իսկապես, հանձնաժողովը տեղի խնդիր է ունեցել, այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպե՞ս եւ ո՞վ է որոշել, թե կոնկրետ ո՛ր լրատվամիջոցի ներկայացուցչի համար տեղ կա, որի համար՝ ոչ: Հեռուստատեսությունները, բացի լրագրողից, օպերատոր էլ են ունենում, ուստի տեղի խնդիրը լուծելու համար տրամաբանական է, որ հրավիրվեին թերթերի լրագրողները: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, «որեւէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող եւ ոչ խտրական», մինչդեռ «Առավոտի» հավատարմագրված լրագրողի նկատմամբ, փաստորեն, խտրական վերաբերմունք է դրսեւորվել: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս հանձնաժողովում լրատվամիջոցին նիստի մասին նախապես տեղեկացնելու հետ կապված խնդիրներ են առաջանում: Հանձնաժողովի մամուլի քարտուղարի մեկնաբանմամբ՝ «մենք ոչ մեկին էլ չենք հրավիրում, կայքում 1 շաբաթ առաջ ինֆորմացիան տեղադրում ենք, եւ կարող եք բացել ու տեղեկանալ»: Ստացվում է, որ մենք՝ լրագրողներս, պետք է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ինտերնետային կայքը միշտ բաց պահենք, որպեսզի իմանանք, թե Ռոբերտ Նազարյանը հերթական նիստը երբ է նշանակել:

Հավատարմագրված լրագրողների հանդեպ խտրական վերաբերմունք ունենում են նաեւ գրեթե բոլոր նախարարությունները: Օրինակ, երեկ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից խոստովանեցին, որ եղել են դեպքեր, երբ շրջաններ գնալիս տրանսպորտի խնդիր է ստեղծվել եւ իրենց ընտրությամբ հրավիրել են մի քանի հեռուստաընկերություն: Սա «ԶԼՄ»-ների մասին օրենքի ակնհայտ խախտում է: Բայց խնդիրն այն է, որ օրենքում որեւէ տող չկա, թե ինչ պատասխանատվություն է նախատեսվում այն գերատեսչությունների համար, որոնք խախտել են այդ կետը, փոխարենը մի գլուխ պատժամիջոցներ են ներկայացված լրատվամիջոցների ղեկավարների համար՝ այս կամ այն դրույթը խախտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել