Համենայնդեպս, ապարանցիները սպասում են փոխհատուցման
Արթուրը 1 տարեկան է: Նա դեռ ծծկեր է եւ վարակը նրան է փոխանցվել մորից:
2-ամյա Ռազմիկը թունավորվելուց հետո խուսափում է ջուր խմել, նա դեռ իրեն թույլ է զգում:
75-ամյա Բուրիկ Ազիզյանը նոր է վերադարձել հիվանդանոցից, բայց դեռ վատառողջ է: Ընտանիքի անդամները պատրաստվում են նրան նորից տանել հիվանդանոց:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում արդեն մոտ երկու շաբաթ է՝ ջուրը եռացնում՝ նոր են խմում: Ապարանցիների աչքը խիստ վախեցած է՝ վերջերս իրենց քաղաքում տեղի ունեցած ջրի թունավորման դեպքից հետո: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 6, 8, 10 եւ 12 շենքերի շուրջ 110 բնակիչ խմելու ջրից թունավորվել էր եւ ծանր վիճակով տեղափոխվել հիվանդանոց: Որքան էլ տարօրինակ է, սակայն այս դեպքը հասարակական հնչեղություն չստացավ: Ավելին, լուրեր տարածվեցին, թե մարդիկ թունավորվել են ոչ թե ջրից, այլ Նոր տարվա հնացած ուտելիքներից: Ապարանի ջրամատակարարումը ստանձնած «Հայջրմուղկոյուղին» էլ առանձնապես պատասխանատվություն չվերցրեց իր վրա՝ փորձելով համոզել, որ այդ խնդրում իրենք մեղավոր չեն, եւ որ այն առաջացել է թիվ 10 շենքի ջեռուցման համակարգը սխալ մոնտաժելու արդյունքում, ինչի հետեւանքով կոյուղաջրերը ներթափանցել են շենքերի ջրամատակարարման ցանց:
Օրերս երբ եղանք Ապարանում եւ հանդիպեցինք թունավորված բնակիչներին, պարզվեց, որ դեպքն ավելի բարդ էր, քան ներկայացվում էր: Թունավորումից Ապարանում նույնիսկ համաճարակ էր սկսվել: «Առավոտի» հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանն ասաց, որ խմելու ջրից 16 բնակիչ վարակվել է դիզենտերիայով: Քաղաքապետի տվյալներով, Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել 31 հիվանդ, որից 18-ը՝ երեխաներ, մնացածը բուժվել են տան պայմաններում: Քաղաքապետը դեռ հստակ չգիտեր, թե որն էր ջրի վարակի աղբյուրը, բայց, ըստ նրա, ջեռուցման համակարգի մոնտաժումը կապ չունի եւ ջրմուղը փոխհատուցումից է խուսափում:
Բնակիչների խոսքերով, իրենք ամեն վայրկյան սպասել են, որ մի օր ջրից թունավորվելու են: Նրանք բազմիցս դիմել են քաղաքապետարան ու սանէպիդծառայություն 35 տարվա փտած խողովակները փոխելու համար, սակայն ամեն անգամ մերժվել են: «Քայքայված կոյուղու խողովակների պարունակությունը արդեն 3 տարի է՝ ամառ թե ձմեռ, ինքնահոս գնում եւ կուտակվում է մեր շենքերի բակերում: Ամռանը գարշահոտությունից չգիտենք ուր փախչենք: Այս տարի նույն իրավիճակն էր: Օրվա մեջ 1-2 ժամ ենք ջուր ունենում, այն էլ՝ կեղտոտ, քանի որ այն ընթացքում, որ ջուրը կտրում են՝ կոյուղու ջրերն են ներծծվում խմելու ջրի խողովակների մեջ: Երբ ջրի ծորակները բացում ենք, շուրջ կես ժամ ժանգաջուր է գալիս: Ամռանը թունավորումներն ավելի շատ են լինում, բայց խոտաբույսերով բուժվում ենք: Առաջ էլ էին մեր երեխաները թունավորվում, բայց այսպիսի մասսայական թունավորում առաջին անգամ եղավ, եւ ոչ ոք պատասխանատվություն չկրեց»,- բողոքեց բնակիչ Թամարա Արշակյանը: Նրա երկու զավակները նույնպես թունավորվել են: Թիվ 10 շենքի բնակիչ Լարիսա Ազիզյանի խոսքերով էլ՝ «Արդեն 50-60 հազար դրամի ծախս ենք արել, տանը մեկ սիստեմա միացնելու համար բուժքրոջը 1000 դրամ ենք տալիս: Ո՞վ պետք է փոխհատուցի մեր ծախսերը: Միայն համաճարակի հաջորդ օրը մեկ անգամ անվճար ջուր բաժանեցին, ուրիշ ոչինչ»:
Ըստ բնակիչների, մարդիկ դեռ լիովին չեն բուժվել եւ շատերի մոտ դեռեւս շարունակվում են արյունահոսությունը, լուծն ու փորացավը, իսկ Երեւանում հետազոտվելու համար միջոցներ չունեն: