Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Բերնս. «Տեղին չէ այս հարցերը կապելը»

Հունվար 23,2007 00:00

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը դժվարացել է պատասխանել հարցին, թե կարո՞ղ է արդյոք «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն ազդել ԱՄՆ Կոնգրեսում 1915թ. Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման վրա:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Նիկոլաս Բերնսը, որը հունվարի 19-ին այցով գտնվում էր Թուրքիայում, մի քանի անգամ անդրադարձել է Դինքի սպանությանը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլի հետ հանդիպումից հետո Բերնսը, ի մասնավորի, նշել է. «Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ զայրացած է այս հանցագործությունից: Վարչապետն ու կառավարությունը հանդես են եկել վճռական հայտարարություններով: Նախարար Գյուլը հավաստիացրել է, որ կառավարությունը քննարկել է այս հարցը, եւ Թուրքիայի կառավարությունը բոլորիս նման ցնցված ու վշտացած է: Կարծում եմ, պետք է հնարավորություն տանք Թուրքիայի կառավարությանը հետաքննել այս ողբերգական սպանությունը: Տեղին չեմ համարում կապել այս դեպքը որեւէ այլ հարցի հետ: Մարդը կորցրել է կյանքը: Տեղի է ունեցել ողբերգություն, եւ մենք պետք է ժամանակ տանք Թուրքիայի կառավարությանը՝ իր սեփական հետաքննությունն անցկացնելու համար»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Դինքի սպանության եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ Նիկոլաս Բերնսի «Դ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը վարել է հայտնի թուրք քաղաքական տեսաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: «Հրանտ Դինքը մարդու իրավունքների հայտնի պաշտպան էր, նա ճիշտ գաղափարի՝ հայերի եւ թուրքերի հաշտեցման կողմնակից էր»,- ասել է Բերնսը՝ հավելելով. «Այս հանցագործությունը պետք է դատապարտվի ամբողջ թուրք ժողովրդի եւ երկրագնդի բոլոր մարդկանց կողմից, քանի որ Հրանտ Դինքը լավ մարդ էր: Նա պաշտպանում էր մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»: Կոնգրեսում ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման հնարավորության առնչությամբ Բերնսը նշել է. «Արդեն վաղուց ամեն տարի ի հայտ են գալիս նմանատիպ բանաձեւեր, եւ այս տարին բացառություն չի լինի: Մեր կառավարության դիրքորոշումը լավ հայտնի է՝ մենք դեմ ենք այդպիսի բանաձեւերին, եւ այդ մասին խոսել ենք Թուրքիայի կառավարության հետ այս վերջին երկու օրերի ընթացքում: Ինչ վերաբերում է սպանության՝ բանաձեւի ընդունման վրա հնարավոր ազդեցությանը, ապա շատ դժվար է խոսել այդ մասին, քանի որ սպանությունն այնքան բարբարոսական էր, որ մարդիկ ուզում են տեսնել արդարադատության հաղթանակը: Իսկ այդ բանաձեւը Կոնգրեսում քննարկվելու է մի քանի ամիս անց, եւ այսօր շատ դժվար է առաջ ընկնել ու փորձել հասկանալ՝ ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը»: Բերնսը նաեւ նշել է, թե «լավ կլիներ տեսնել նման սպանությունների մերժումը Թուրքիայի քաղաքացիների կողմից, քանի որ հենց այդպես են արձագանքում ժողովրդավարական հասարակությունները»:

Հրանտ Դինքի սպանությունը դատապարտել է նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Թոմ Քեյսին՝ այն որակելով «ողբերգական»: «ԱՄՆ-ն անհանգստացած է Դինքի սպանությամբ»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել