Այսպես պատասխանեց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը՝ որքա՞ն անդամ ունի Սամվել Բաբայանի կուսակցությունը մեր հարցին:
Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 74 կուսակցություն: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականում 15-20 կուսակցություն է զբաղված քիչ թե շատ քաղաքական գործունեությամբ, մյուսները բաղկացած են 1-1,5 մարդուց: Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան կուսակցությունները ուզում են ներկայացնել, որ հատկապես իրենց են կարեւորում եւ իրենց շուրջն են պտտվում նախընտրական բանակցությունները: Թե ի՞նչ կտա քիչ թե շատ մեծաթիվ կուսակցությանը, ասենք, մարքսիստ Դավիթ Հակոբյանի աջակցությունը, դժվար է ասել. թերեւս, բացի կուսակցական «գլխաքանակից»՝ ոչ մի այլ բան, բայց այն, որ այսօր բանակցություններ են վարվում անգամ այդպիսիների հետ, ակնհայտ է: Մամուլում այս կամ այն կուսակցությունը հայտարարում է, թե բազմաթիվ կուսակցությունների հետ բանակցություններ են վարում խորհրդարանական ընտրություններին համագործակցելու շուրջ:
Այս մասին խոսում է նաեւ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունը: Ըստ հրապարակված եւ չհրապարակված տեղեկությունների, Սամվել Բաբայանը բավականին հետեւողականորեն է մասնակցում ցանկացած բանակցության եւ փորձում է իր շուրջը հավաքել որոշ կուսակցությունների: Մեր հարցին՝ այդպե՞ս է, արդյոք, կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը պատասխանեց. «Դաշինքը» բանակցություններ վարում է 4-5 կուսակցությունների հետ եւ քաղաքական կոնսուլտացիաներ է վարում ողջ ընդդիմադիր դաշտի հետ: Մենք ցանկանում ենք ձեւավորել գաղափարական բլոկ, որտեղ ընդգրկված կլինեն այնպիսի ուժեր, որոնց համար շատ կարեւոր են ազգային արժեքները, Հայաստանի եվրոպական ինտեգրումը եւ այլն»: Խնդրեցինք թվարկել այդ 4-5 կուսակցությունների անունները՝ հրաժարվեց, ասելով, թե այս պահին անունների հրապարակումը կարող է խանգարել գործընթացին: Մեր կողմից հստակեցրինք, որ որոշ լրատվամիջոցներում արդեն իսկ կան այդ անունները, մասնավորապես ասվում է, թե «Դաշինքը» բանակցություններ է վարում առաջին հերթին ՕԵԿ-ի, հետո՝ ՍԻՄ-ի, նաեւ ԱԺՄ-ի հետ: Պարոն Ղլեչյանը նկատեց, որ մեր թվարկած կուսակցությունների հետ իրենք նորմալ հարաբերություններ ունեն. «Բոլորն էլ ընդդիմադիր դաշտում են եւ նրանցից մի քանիսի հետ «Դաշինք» կուսակցությունն ունի երկարաժամկետ հարաբերություններ, մասնավորապես՝ ՍԻՄ-ի հետ, եւ դա ամենեւին չի նշանակում, որ այդ գործընթացներն անպայման պիտի բերեն դաշինքային հարաբերությունների»:
Մեր հարցին՝ քանի՞ անդամ ունի «Դաշինքը», պատասխանեց. «Ասել, թե քանի անդամ ունի կուսակցությունը, նման է, երբ ճակատամարտից առաջ զորքի հրամանատարը հրապարակում է իր զինվորների քանակը, զինանոցում ունեցած զենքերի տեսակները եւ այլն. «Դաշինքն» ունի այնքան անդամ, որքան նախատեսված է «Կուսակցությունների մասին» օրենքով»: Նշենք, որ օրենքը պահանջում է առնվազն 2000 հոգի: