Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 23,2007 00:00

Մեկ թեկնածուով, որ իշխանավորի մերձավոր է, եւ ընտրողներով, որոնք ուզում են գոնե մի բան «պոկել» իրենց ձայնի դիմաց:

Երեւան-Չարենցավան մայրուղին երեկ բաց էր, թեեւ Չարենցավանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Արթուր Գալստյանին սատարող չարենցավանցիներն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էին, թե մտադիր են չհնազանդվել եւ առաջիկա օրերին փակել այդ մայրուղին: Չարենցավանի գործող քաղաքապետ Ռուդոլֆ Մնացականյանը մեզ ասաց. «Նման տեղեկություններ չունեմ, թե կարող է՝ այդպիսի բան անեն: Բայց դա անհնարին է: Արթուր Գալստյանը խելացի տղա է: Կարող է, նրա կողմնակիցներից մեկի մտքով ինչ-որ բան անցել է, բայց Արթուրը երբե՛ք թույլ չի տա դա»:

\"\"Ռուդոլֆ Մնացականյանը ՀՀԿ շարքային անդամ է: Կուսակցությանն անդամագրվել է 2-րդ անգամ քաղաքապետ ընտրվելուց հետո՝ 2003-ին: Պաշտոնավարում է արդեն 6 տարի, իսկ 3-րդ անգամ չցանկացավ առաջադրվել եւ մրցել Կոտայքի մարզպետի, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Կովալենկո Շահգալդյանի որդու հետ: Չառաջադրվելու պատճառների վերաբերյալ մեր հարցին Չարենցավանի ներկա քաղաքապետը պատասխանեց. «Վաղուց էի որոշել չմասնակցել ընտրություններին. հոգնել եմ արդեն: Տարիքս այն չէ՝ արդեն 67 տարեկան եմ»: Մեկնաբանելով հրապարակված իր պնդումը, թե հնարավոր է՝ առաջադրեր թեկնածությունը, «եթե մաքուր ընտրություններ լինեին», պարզաբանեց. «Խոսքն ընդհանրապես ընտրությունների մասին էր: Դե, գիտեք, թե 1996-ից Հայաստանում ինչպես են անցկացվում ընտրությունները»:

Հունվարի 28-ին կայանալիք ընտրությունից առաջ ինքնաբացարկ հայտարարած Արթուր Գալստյանը մամուլին հայտնել էր. «Զգացի, որ քաղաքում բախումներ են հնարավոր: Երկու թիմերը դուրս էին եկել միմյանց դեմ: Զգացի, որ մթնոլորտը թեժանում է, եւ ես ոչինչ չեմ կարող անել»: Ռուդոլֆ Մնացականյանը հաստատեց այս պնդումները. «Կա՛ր լարվածություն քաղաքում՝ չեմ կարող դրան առարկել: Եվ դա բավական զգալի էր: Երեւի ճիշտ որոշեց նա, որ նման բաներից խուսափելու համար… Մեր քաղաքը փոքր է, մեկը մյուսին ճանաչում է: Երկու թեկնածուի հայրերն էլ նույն՝ Ալափարս գյուղի նախկին բնակիչներ են: Բարեկամություն կա, ազգակցական կապեր, ընկերություն, որոնք արդեն բախվում էին: Ընտրություններն ընդհանրապես փոքր համայնքներում միշտ դառնում են բախումների պատճառ: Լուրջ հակամարտություն էր սկսվում»:

Ինքնաբացարկից հետո կրքերը հանդարտվել են: Եվ ընտրարշավում մնացած միակ թեկնածուն՝ «Արմավտո» գործարանի տնօրեն, 33-ամյա Հակոբ Շահգալդյանը երեկ անգամ նախընտրական շտաբ չէր այցելել: «Նրան հանգիստ ենք տվել»,- ասացին շտաբի անդամները: Թեեւ կեսօր էր, բայց դեռեւս չէր գործում նաեւ Հակոբ Շահգալդյանի քարոզչության լրատվական կենտրոնը: Միայն թեկնածուի կենտրոնական գրասենյակում էին այցելուներին ընդունում շտաբի աշխատակիցները: Չարենցավանի բնակիչները փողոցներում մեզ բողոքում էին մարզպետի եւ նրա մերձավորների գործունեությունից՝ «մարզը սեփականաշնորհել են», «քաղաքը քարուքանդ են անել», «մի քանի ծառ է մնացել՝ սաղ կտրեցին» եւ այլն: Մինչդեռ Հակոբ Շահգալդյանի նախընտրական շտաբի միջանցքներում տեսանք այլ չարենցավանցիների՝ մարդկանց, որոնք եկել էին տարբեր խնդրանքներով: Նրանց հետ աշխատանքն ընթանում էր շատ համակարգված՝ պատին ցուցանակներ էին՝ ըստ ընտրատեղամասերի: «Մեր աշխատողներն ընդունում են մարդկանց, խնդիրներին ծանոթանում,- տեղեկացրեց Հակոբ Շահգալդյանի նախընտրական շտաբի պետը՝ այժմ «Գործարար» պատգամավորական խմբի, իսկ նախկինում ՕԵԿ խմբակցության անդամ Սամվել Շահգալդյանը, որը մարզպետի եղբայրն է:- Եթե նմանատիպ խնդիրներ են բոլոր շենքերի բնակիչների համար՝ հետագայում, երբ մեր թեկնածուն դառնա քաղաքապետ՝ այդ խնդիրներն առաջնային կդարձնենք մեր քաղաքի համար»:

Հակոբ Շահգալդյանի նախընտրական բուկլետում իսկ նշված է, թե նա «տարիներ շարունակ զբաղվել ու զբաղվում է քաղաքի կոմունալ-կենցաղային, սոցիալական, մշակութային խնդիրների լուծման հարցերով», այդ թվում՝ «Տասնյակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցում: Օգնությունների տրամադրում կարիքավոր, հաշմանդամ, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքներին: Օժանդակություն քաղաքի մանկապարտեզներին եւ դպրոցներին» եւ այլն:

Լրատվամիջոցներն արդեն իսկ ահազանգեր են ստացել, թե Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ ցուցակագրումներ են կատարվում, տարբեր բաներ են խոստանում, դպրոցներն ու մանկապարտեզներն են ընդգրկվել քարոզարշավում: Սամվել Շահգալդյանը կտրականապես հերքում է. «Սա եզակի ընտրություն է՝ մարդու փող չի տրվել: Ուզում ենք ճշտել մեր վարկանիշը՝ ընդունվո՞ւմ ենք, թե՞ սա կեղծ է: Բոլորին ասել ենք, թե ընդհանրապես գումար չի լինելու՝ մտքներիցդ հանեք: Եթե 3-10 թեկնածու էլ լիներ՝ գումար չէինք բաժանելու: Ինչ վերաբերում է նրան, թե քարոզարշավում ընդգրկված են ուսուցիչներ ու մանկապարտեզի աշխատակիցներ՝ նախ, դրանք հատուկենտ դեպքեր են: Եվ բացի այդ՝ 30 տարուց ավելին միայն ես եմ աշխատել այս քաղաքում, դրանից ավելին՝ եղբայրս: Մեր հարազատներն այս քաղաքում են ծնվել, մեծացել: Տարիների ընթացքում ձեռք ենք բերել համակիրներ: Իհարկե, ունենք նաեւ հակառակորդներ, չսիրողներ: Բայց մեծամասնությունը մեզ ընդունում է ճիշտ աշխատանքի համար: Եվ այսօր մեր քարոզողները, մեծ մասամբ, կամավոր սկզբունքով են աշխատում՝ ասում են. դուք միշտ մեզ եք ձեռք մեկնել, մենք էլ ձեզ ենք ուզում օգնել»: Մնացած բոլոր «կեղտոտ ու բացասական» լուրերը նա համարում է նախկին թեկնածու Արթուր Գալստյանի հորինվածքը:

\"\"Սամվել Շահգալդյանը մեր խնդրանքով անդրադարձավ այդ թեկնածուի ինքնաբացարկի հայտարարված պատճառներին՝ հնարավոր բախումներին. «Չարենցավանում մինչ այժմ կայացած բոլոր ընտրություններն ավելի լարված են եղել, քան այս մեկը: Շա՜տ հանգիստ, նորմալ, գրագետ քարոզարշավ է ընթանում: Լարվածություն չի եղել: Մյուս թեկնածուն ինքնաբացարկի դիմումի մեջ ընդհանրապես ոչ մի պատճառ չէր էլ նշել: Իսկ մամուլին նրա տված տեղեկատվությունն ուղղակի այդ թեկնածուին պաշտպանող քաղաքական գործիչն էր հուշել (մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց, թե նկատի ունի ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանին.- Ա. Ի.): Այսինքն, զգալով, որ գրագետ քարոզարշավ է կազմակերպվել Շահգալդյանի կողմից՝ փորձեցին մամուլում նման հերյուրանքով հանդես գալ»:

Հիշեցնենք, որ 2003-ին էլ Արթուր Գալստյանն ԱԺ ընտրություններում Չարենցավանն ընդգրկող թիվ 43 ընտրատարածքում մարզպետի եղբոր մրցակիցն էր, եւ պարտվեց նրան: Սամվել Շահգալդյանն ասում է, որ վերջերս Արթուր Գալստյանի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել նրան. «Ասացի՝ դու իմ քարոզարշավի ժամանակ էլ ավելի շատ ինձ ներկայացրիր, քան ինքդ քեզ: Հիմա էլ նույնն ես անում՝ փոխանակ քեզ ներկայացնես ու քո ծրագրերը, թե մինչեւ հիմա ինչ ես արել քաղաքում եւ ինչ ես անելու: Իմ կարծիքով՝ ռեալ բան չկար ներկայացնելու, դրա համար էլ փորձում էր մեր թեկնածուի մասին խոսել»: Սակայն նաեւ նշում է. «Մեզ համար էլ հաճելի չէ, որ ինքը հանեց թեկնածությունը, քանի որ մենակ մնալն արդեն տհաճ է»:

Չարենցավանում, պաշտոնական տվյալներով, կա մոտ 23 հազար ընտրող: Հակոբ Շահգալդյանի շտաբի պետը ճշտում է՝ 21500 են ընտրողները, եւ սովորաբար Չարենցավանում ընտրություններին մասնակցում են դրանց կեսից քիչ ավելին՝ 10-11500: Վստահ է, որ կընտրվի իրենց թեկնածուն: Փաստորեն այստեղ էլ է դրսեւորվելու երեւույթը, որը բնութագրական է դառնում ողջ Հայաստանի համար: Կոտայքի մարզը Կովալենկո Շահգալդյանն է ղեկավարում, այս ընտրատարածքից ընտրված պատգամավորը մարզպետի եղբայրն է՝ Սամվել Շահգալդյանը, եւ հիմա էլ Չարենցավանի քաղաքապետը դառնալու է մարզպետի որդին: Մեր հարցադրմանը՝ թե այսպիսով մարզը ներկայացուցչական առումով չի՞ կենտրոնանում Շահգալդյանների գերդաստանում՝ Սամվել Շահգալդյանը մասնավորապես պատասխանեց. «Լավ, ի՞նչ անենք: Եթե եղբայրս մարզպետ է՝ մենք թողնենք-գնա՞նք հանրապետությունից: Եթե կարող ուժ ենք՝ հանրապետությունում չաշխատե՞նք, չծառայե՞նք: Եթե հնարավորություն ունենք այս քաղաքում անել այն, ինչ շատ տեղերում չի արվում՝ չանե՞նք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել