Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հունվար 23,2007 00:00

\"\"Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արած միանգամից մի քանի հայտարարություններ հակազդեցություն ռաջացրին հասարակական ու քաղաքական շրջանակներում:

Ամենաօպերատիվը դրանց արձագանքեց «Զինվորի պաշտպանության կոմիտե»՝ սպանված զինվորների մայրերի նախաձեռնող խումբը՝ «խիստ բողոք ու անհամաձայնություն» հայտնելով նախարարի այն հայտարարության կապակցությամբ, թե՝ «2006-ին բանակում նվազել են մահվան դեպքերը, եւ 2005 թ. 47-ի համեմատ նախորդ տարի արձանագրվել է մահվան 33 դեպք»: Ի պատասխան՝ հ/կ-ն հայտարարեց, որ «այն ամենը, ինչ նախարարն ասաց ասուլիսում, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը՝ այն միտված է կոծկելու այն խայտառակ, անընդունելի վիճակը, որը տիրում է մինչեւ ուղն ու ծուծը քաղաքականացված, քրեածին տարրերից բաղկացած հայոց բանակում»: Հ/կ-ի տվյալներով՝ «միայն 1999 թ.-ին, համաձայն պաշտոնական տվյալների, բանակում գրանցվել է մահվան 93 դեպք, իսկ 2005թ.-ին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացրած փաստերի համաձայն, գրանցվել է մահվան 97 դեպք, որոշ չստուգված տվյալների համաձայն՝ այդ թիվն անցնում է 100-ից»:

Նախարարի մեկ այլ հայտարարության համաձայն, բանակի՝ պարտադրված քվեարկության մասին խոսակցությունները չճշտված տեղեկություններ եւ միայն շշուկներ են: Սակայն այդպիսի փաստերը նաեւ տեղ են գտել ԵԽ եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից կազմված զեկույցներում ու ԵԽԽՎ բանաձեւերում: Երեկ այդ փաստերը հաստատեց նաեւ Հելսինկյան միջազգային ընկերակցության Հայաստանի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, որը նախ հայտարարեց, թե լիովին կիսում է «Զինվորի պաշտպանության կոմիտեի» արած հայտարարությունը եւ միանում է դրան, ու հավելեց. «Ինչ վերաբերում է պարտադրված քվեարկությանը, ապա 1998, 1999, 2003 թվականներին ինքս եմ իմ աչքերով տեսել ու արձանագրել դրանք: Ես պաշտոնապես եմ հայտարարում, որ նման դեպքեր տեղի են ունեցել, եւ ոչ մի կասկած չկա, որ դրանք ընտրությունների ընթացքում մեծ թիվ են կազմել»:

Իր ասուլիսում նախարարը միաժամանակ չէր բացառել, որ «կարող է ներսում սպաները փորձեն քարոզարշավ ծավալել, փորձեն զինվորների համակրանքը թեքել դեպի այս կամ այն կուսակցությունը: Բայց այստեղ էլ խնդիր կա. գիտեք, եթե զինվորը կատարելու է, ենթադրենք, գումարտակի հրամանատարի խնդրանքը, կամ եթե զինվորը կիսելու է հրամանատարի հայացքը…»: Իրավապաշտպան Մ. Դանիելյանի դիտարկմամբ՝ «Դա լուրջ չէ եւ առավել եւս՝ պաշտպանության նախարարին հարիր հայտարարություն չէ: Նա իրավունք չունի նման բան ասելու: Դա անընդունելի է եւ լուրջ օրինախախտում է: Բանակն ապաքաղաքական կառույց է, որեւէ հրամանատար իրավունք չունի անգամ ակնարկելու իր քաղաքական համակրանքների մասին, որովհետեւ օրինականության եւ որեւէ օրենքի սահմաններում դա չի տեղավորվում: Բանակում որեւէ քարոզարշավի մասին խոսք լինել չի կարող»,- իր վրդովմունքը հայտնեց իրավապաշտպանը:

Նախարարն անդրադառնալով առաջիկա ընտրություններում բանակի՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հնարավորությանը՝ նաեւ հայտարարել էր, թե ինքը երբեւէ որեւէ հրամանատարի ցուցում չի տվել՝ ինչպես քվեարկել, բայցեւ ասել էր. «Այլ խնդիր է, որ հրամանատարները տեսնում են նախարարի քաղաքական կողմնորոշվածությունը եւ անում են համապատասխան ենթադրություններ: Ես մի անգամ ասել եմ, որ ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ բանակի հրամանատարական կազմն ունի համահունչ հայացքներ: Կարծում եմ, շատ ավելի վատ կլիներ, եթե պաշտպանության նախարարը մի բան կարծեր, իսկ բանակի սպայական կազմը՝ մեկ այլ բան: Մեր հասարակությունը միայն ուրախ պետք է լինի, որ պաշտպանության նախարարը հեղինակություն է վայելում բանակում, ու պաշտպանության նախարարի հայացքները կիսում են շատ սպաներ, հրամանատարներ»: Սրան հակադարձեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ՝ Սուրեն Սուրենյանցը. «Արդեն 10 տարի է, ինչ բանակի՝ ընտրություններին ապակառուցողական մասնակցության հարցը քննարկման թեմա է դարձել նաեւ միջազգային կառույցներում: Ինչ վերաբերում է սպայակազմի դիրքորոշումներին, ապա՝ նրանք բանակում աշխատում են ոչ թե քաղաքական համակրություններից ելնելով, այլ իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելու նպատակով: Բանակը ապաքաղաքական կառույց է, ու անհասկանալի է, երբ նախարարը չի բացառում բանակում քարոզչություն անելու հնարավորությունը: Մյուս կողմից՝ ո՞նց է ստացվում, որ որեւէ հրամանատար ընդդիմադիր որեւէ գործչի համար քարոզչություն չի անում»,- հարցադրում արեց Ս. Սուրենյանցն ու հայտարարեց, որ «եթե Ս. Սարգսյանն իրականում ցանկություն ունի օրինական ընտրություններ անցկացնել՝ շատ տեղին կլինի, որ հենց այսօր հրաժարվի նախարարի պաշտոնից: Այդ դեպքում մենք չենք փորձի պարզել, թե ո՞րն է եղել առաջնայինը՝ նախարարի քաղաքական ցուցո՞ւմը, թե՞ որեւէ հրամանատարի ստորաքարշությունը»:

Հ. Գ. Միջազգային դիտորդների արձանագրած կոնկրետ փաստերին «Առավոտը» կանդրադառնա առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել