Մոսկվայում մարզվող գեղասահքի Հայաստանի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգն այսօր մեկնում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղ հունվարի 22-ին մեկնարկում է մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը:
Նաստյան եւ Վազգենը մարզվում են աշխարհի լավագույն մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ, իսկ պարուսույցը հանրահայտ Լյուդմիլա Վլասովան է: Այս մրցաձեւում չեմպիոնության համար պայքարելու է շուրջ երեսուն զույգ: Մեր երկյակը պայքարը կսկսի հունվարի 23-ին: Այդ օրն առավոտյան Գրեբյոնկինան ու Ազրոյանը հանդես են գալու պարտադիր, երեկոյան՝ կարճ ծրագրերով, իսկ կամավոր ծրագիրը ցուցադրելու են հունվարի 26-ին:
Երեկ «Առավոտը» հեռախոսով կարճ հարցազրույց վարեց Անաստասիայի հետ:
– Ի՞նչ տրամադրությամբ եք մեկնում Վարշավա:
– Բարձր: Քիչ առաջ ավարտեցինք վերջին մարզումը: Ամեն բան նորմալ է: Վնասվածք չունենք ու լավ մարզավիճակում ենք:
– Որերո՞րդ տեղի հույս ունեք:
– (Ծիծաղում է): Գիտե՞ք, մենք երբեք կանխագուշակումներ չենք անում: Դա վատ նշան է: Կաշխատենք հանդես գալ որքան հնարավոր է լավ:
– Կամավոր ծրագրի կատարման համար ի՞նչ երաժշտություն եք ընտրել:
– Դասական: Պարելու ենք Բախի եւ Վիվալդիի երաժշտության հնչյունների ներքո:
Ավելացնենք նաեւ, որ գեղասահքի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ մեր զույգի հետ Լեհաստան է մեկնելու մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի՝ ISU-ի, լավագույն մրցավարներից մեկը՝ Իրինա Ապսալյանովան, ով հաջորդ տարվանից ներկայացնելու է Հայաստանը: