Գիրք չորրորդ
Գլուխ չորրորդ
ԱՐԻ ԷԹԱՆՔ ԴԻԼԻՋԱՆ
Երբ Համիկն արդեն վեր կացել եւ ուզում էր գնալ, Լեոնիդը բաժակը բարձրացրեց ու ասաց.
– Մեկ րոպե, Համիկ ջան. խորոված պատրաստողների կենացն էլ խմենք՝ նոր գնա:
– Միխայլովիչը ճիշտ ա ասում. Համիկ ջան, Աշոտ ջան, ձեր կենացը, միշտ ըսենց մոմենտներին թիկունքիս ըլնեք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Գուգոն, հետո նայեց Լեոնիդին ու ավելացրեց.- Միխայլովիչ ջան, իրանց ուստեն եմ, բայց իրանք արդեն ինձնից ուղիղ են պատը շարում:
– Որ մի քիչ քիչ խմես, դու էլ ուղիղ կշարես,- ծիծաղեց Բախտիարը:
– Շատ ե՞ս խմում,- Գուգոյին հարցրեց Լեոնիդը:
– Մեծ ախպերս ա, Միխայլովիչ ջան,- ժպտաց Գուգոն.- ինքը միշտ էլ իրավունք ունի էս տեսակ հանաքներ անի:
Համիկն ու Աշոտն իրենց կենացը խմելու համար շնորհակալություն հայտնելով՝ գնացին ու քիչ անց վերադարձան՝ ակորդեոնով ու Վարազդատով: Վարազդատի ձեռքին շորով փաթաթած ինչ-որ բան կար, որը դրեց գետնին, հետո Համիկի աթոռին տեղավորվելով՝ գիրկն առավ ակորդեոնը եւ ակորդեոնից մի քանի անհոդաբաշխ կռինչներ արձակելով՝ նայեց Գուգոյին ու հարցրեց.
– Սկսե՞մ, պա՛պ:
– Մի րոպե, բալե՛ս,- տեղից վեր կենալով՝ ասաց Գուգոն, հետո մոտեցավ որդուն, գրպանից հանեց ու Վարազդատին տվեց էն թուղթը, որի վրա անուններս էր գրել, տղայի ականջին ինչ-որ բան շշնջաց, հետո վերադարձավ, նստեց իր աթոռին ու նստած տեղը հպարտ ձգվեց:
– Սկսե՞մ, պա՛պ,- նորից հարցրեց Վարոն:
– Սկսի՞, Միխայլովիչ ջան,- Լեոնիդին հարցրեց Գուգոն:
– Իհա՛րկե,- ասաց Լեոնիդը եւ Վարազդատին նայելով՝ ավելացրեց.- սկսի՛ր, տղա՛ ջան, ուշադիր լսում ենք:
– Ուշադիր լսելը քիչ ա, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- էս երգի լավ տեղերը պիտի սաղովս էրեխի հետ երգենք:
– Ի՞նչ լավ տեղեր,- զարմացավ Լեոնիդը.- մենք նույնիսկ չգիտենք՝ երեխան ինչ է երգելու:
– Դիլիջանն եմ երգում, չէ՞, պա՛պ,- հարցրեց երեխան:
– Հա՛, բալես,- ասաց Գուգոն, հետո մեզ ու Լեոնիդին բացատրեց.- հենց որ ձեր անունները տա ու ասի, ասենք, Արմեն ջան կամ Ռոլանդ ջան, իրա հետեւից սաղովս միասին պիտի ասենք՝ ջանեջան. պա՞րզ ա:
– Պարզ է,- ասաց Լեոնիդն ու Վարոյին նայելով՝ ավելացրեց.- սկսի՛ր, տղա ջան, ուշադիր լսում ենք:
– Դե սկսի՛, բալե՛ս,- ձեռքերը դիրիժորի պես բարձրացնելով՝ ասաց Գուգոն, այնուհետեւ ձեռքերը կտրուկ իջեցրեց ու գոռաց.- երեք ույու՝ չորս:
Հոր հրահանգից անմիջապես հետո Վարոն հնարավորինս բացեց ակորդեոնը՝ երկու ձեռքերի բոլոր մատները հավասարապես պահելով ստեղների վրա, ու էդպես՝ ճղճղոցով ակորդեոնը հնարավորինս բացելով ու վերստին ճղճղոցով փակելով՝ հանկարծակի ու երանավետ մի լռություն առաջացրեց, հետո նայեց սեղանին դրված մեր անուններով թղթին ու սկսեց:
– Մե՛ր պապերը, ձե՛ր պապերը մեզ բոլորիս մո՜ռացել են,- երգեց Վարոն, եւ մինչ ես ու Ռոլանդը զարմացած իրար կնայեինք, Վարոն թռուցիկ մի հայացք գցեց մեր անուններով թղթին ու անսպասելի գոռաց.- Արմեն ջա՛ն:
Երբ Վարոն գոռաց՝ «Արմեն ջա՛ն», Գուգոն արդեն դիրիժորի պես ձեռքերը բարձրացրել էր, եւ երբ ձեռքերը կտրուկ իջեցրեց, բոլորս միասին գոռացինք՝ «ջանեջան», եւ երբ բոլորս համաձայն Գուգոյի սցենարի գոռացինք՝ «ջանեջան», Վարոն երկու անգամ ակորդեոնը զիլ փակեց ու բացեց եւ, փաստորեն, երգը շարունակելով՝ երգեց. «Արի էթանք Դիլիջան»:
Ես, Ռոլանդն ու Լեոնիդն իրար նայեցինք, այնուհետեւ Լեոնիդը նայեց Վարոյին ու ժպտաց, հետո գոհունակությամբ նայեց Գուգոյին ու վերստին ժպտաց, ասել է թե՝ ամեն ինչ նորմալ է, եւ երբ Լեոնիդն իր միջանկյալ վերաբերմունքն արդեն արտահայտել էր, Գուգոն վերստին ձեռքերը բարձրացրեց ու կտրուկ իջեցնելով գոռաց՝ «երեք ույու՝ չո՛րս», ու պատանի ստեղծագործողը հոր ցուցումն անմիջապես ընդունելով՝ աչքի պոչով նայեց մեր անուններով թղթին եւ վերստին ակորդեոնը երկու անգամ ազդեցիկ ու աղմկոտ փակելով ու բացելով՝ էլի մի ակնթարթ երանելի դադար տվեց ու վերստին անցավ երգին:
– Մե՛ր պապերը, ձե՛ր պապերը մեզ բոլորիս մո՜ռացել են,- երգեց Վարոն, հետո դարձյալ մեր անուններով թղթին աչք գցելով՝ գոռաց.- Ռոլան ջա՛ն:
Գուգոն արդեն ձեռքերը բարձրացրել էր եւ երբ կտրուկ իջեցրեց, բոլորս մի մարդու պես գոռացինք՝ «ջանեջա՛ն», եւ մեր գոռոցից հետո Վարոն եւս երկու անգամ ակորդեոնն աղմկահարույց բացելով ու փակելով՝ գոռաց ու երգեց. «Արի էթանք Դիլիջան»:
Ես, Ռոլանդն ու Լեոնիդը նորից իրար նայեցինք, եւ Գուգոն էլ առանձին-առանձին մեզ նայեց, հետո Լեոնիդն էլի Գուգոյին գոհունակությամբ ժպտաց, գլուխը դրական տմբտմբացրեց, եւ Գուգոն ավելի՛ ոգեւորված ու ձեռքերն ավելի՛ վճռական բարձրացնելով՝ ավելի՛ կտրուկ իջեցրեց ու գոռաց՝ «երեք ույու՝ չո՛րս», եւ Վարոն նորից աչքերը գցելով մեր անուններով թղթին՝ նախորդ անգամներից մի քիչ ավելի երկար հայացքը թղթին պահեց, ակորդեոնը մի քանի անգամ զիլ բացեց ու փակեց, եւ Լեոնիդն ինձ նայեց ու գլխով հասկացրեց, որ բան չմնաց՝ մի քիչ էլ դիմանանք ու վերջ, եւ Ռոլանդի հայացքն էլ էր նույնն ասում, եւ երեքիս համար էլ պարզից պազ էր, որ ահա պատանի տաղանդը հերթական անգամ նույնն է կրկնելու է՛ն տարբերությամբ, որ էս անգամ արդեն իմ ու Ռոլանդի անունների փոխարեն Լեոնիդի՛ անունն է ասելու, ու դրանում ե՛ս էի հատկապես համոզված, որովհետեւ Գուգոն իմ աչքի առաջ էր երեքիս անունները թղթի վրա գրել, ու էդ ամբողջ ընթացքում Վարազդատին հետեւելով հանդերձ՝ ես մանրազնին ներկաներին էի նաեւ ուսումնասիրում, եւ, իհարկե, Վարոյի ելույթով ամենից ավելի Գուգոն ու իր երկու աշակերտներն էին ոգեշնչված, եւ ամենից անորոշն ու տարակուսածը Բախտիարի հայացքն էր, ու ամեն ինչից զգացվում էր, որ մեզ պես Բախտիարն է՛լ է եղբորորդու էդ գլուխգործոցն առաջին անգամ լսում, բայց, ի տարբերություն մեզ, տարակուսած Բախտիարը մեկ եղբորն էր հարցական նայում, մեկ՝ պատանի տաղանդին, ու մինչ Վարոն ակորդեոնը եւս մի քանի անգամ զիլ փակեց ու բացեց, որպեսզի իր էդ ստեղծագործության երրորդ տունն սկսի, Բախտիարը եւս մեկ անգամ տարակուսած նայեց եղբորն ու ուսերն անորոշ ցնցեց, ու հենց էդ պահին Վարոն արդեն հորից դիրիժորական հերթական հրահանգն ստացած՝ երկու թե երեք անգամ ակորդեոնը զիլ փակեց եւ բացեց ու վերստին սկսեց:
– Մե՛ր պապերը, ձե՛ր պապերը մեզ բոլորիս մո՜ռացել են,- երգեց Վարոն եւ նորից աչքերից մեկը գցելով մեր անուններով թղթին՝ նախորդ անգամներից շատ ավելի զիլ գոռաց՝ «Լո՛նյա ջա՛ն»:
Գուգոն արդեն ձեռքերն իր գլխավերեւում պատրաստ պահել էր եւ երբ ձեռքերը կտրուկ իջեցրեց, մեր երգչախումբը վերստին միահամուռ գոռաց՝ «ջանեջա՛ն», եւ երբ արդեն մեզանից պահանջվածն արել ու սպասում էինք Լյոնյայի Դիլիջան մեկնելուն, Վարոն անսպասելի ու անակնկալ գոռաց՝ «ոռըդ կոխեմ բադըրջա՛ն»:
Մենք անակնկալի էինք եկել, իսկ Լեոնիդը նաեւ ահավոր կարմրել էր, եւ էդ պահին նկատեցի, որ իրենց տան բաց պատուհանից Գուգոյի կինն ու հարեւանուհին էլ լսեցին Վարոյի էդ վերջերգը, եւ վերջերգից հետո տիրած լռությունն ընդամենը մի քանի վայրկյան տեւեց, բայց էդ մի քանի վայրկյաններն ըստ երեւույթին չափազանց ծանր էին հատկապես Լեոնիդի համար, եւ երբ Լեոնիդից ոչ պակաս կարմրած Բախտիարը լռությունը խզեց ու Վարոյի վրա գոռաց՝ «էդ ակարդյոնն ըստեղից ռա՛դ արա ու դու էլ հետը ռա՛դ էղի», Բախտիարի խոսքերի վրա Գուգոն տեղից կտրուկ վեր կացավ, վճռական շարժվեց դեպի Վարոն ու բռունցքով մի հատ էնպես հասցրեց որդու վզակոթին, որ պատանի տաղանդն ակորդեոնով հանդերձ աթոռից ցած ընկավ, եւ Գուգոյի աղաղակի վրա՝ «խայտառակ արիր, շա՛ն լակոտ», Գուգոյի կինն ու հարեւանուհին տնից դուրս թռան, եւ Համիկն ու Աշոտը տապալված Վարոյի վրայից նախ ակորդեոնը բարձրացրին, ապա պատանի տաղանդին ոտքի կանգնեցրին, հետո ակորդեոնն ու Վարոյին տարան տուն, եւ մինչ այդ Ռոլանդը, Լեոնիդն ու ես արդեն հասցրել էինք Գուգոյի ձեռքերը բռնել, եւ եթե ճիշտ ժամանակին իրեն բռնած չլինեինք, Գուգոն երկրորդ հարվածն էր որդուն հասցնելու, ու չնայած Վարոյին ակորդեոնով հանդերձ տարել էին, Գուգոն ոչ մի կերպ չէր հանգստանում, եւ երբ Գուգոյին տարանք նստեցրինք իր տեղը, Լեոնիդը Գուգոյին ասաց՝ «իզուր երեխային խփեցիր, Գուրգեն», եւ Բախտիարն ասաց՝ «շատ էլ լավ արեց. որ ուզում ես իմանաս՝ մի քանի հատ էլ պիտի վզակոթին տար», ու էդ ժամանակ Ռոլանդը նայեց Լեոնիդին եւ ծիծաղելով հարցրեց՝ «հետաքրքիր երգ էր, չէ՞, Միխայլիչ», եւ Լեոնիդը ծիծաղելով պատասխանեց՝ «հա, շատ ուժեղ երգ էր, մանավանդ՝ վերջաբանը», եւ Լեոնիդի էդ ասածի վրա Գուգոն նորից բորբոքվեց ու ասաց՝ «էդ երգն ըտե՛նց չպիտի վերջանար, Միխայլովիչ ջան», եւ Լեոնիդն ասաց՝ «բոլոր դեպքերում՝ չարժե երեխային էդպես խփել», եւ Գուգոն խեղճացած ասաց՝ «ախր լակոտն էդ երգը սավսեմ փչացրեց. էդ երգի հերը լրիվ անիծեց, Միխայլովի՛չ ջան», եւ Ռոլանդը զարմացած հարցրեց՝ «ո՞նց երգի հերն անիծեց», ու էդ պահին Գուգոն կտրուկ տեղից վեր կացավ, գնաց, Վարոյի աթոռի տակից վերցրեց ու բերեց շորով փաթաթած էն ինչ-որ բանը, հետո շորը բաց արեց, եւ շորի միջից ցցվեց մի չափազանց մեծ ու սեւ բադրջան:
– Էս ի՞նչ բադրջան ա,- զարմացած հարցրեց Ռոլանդը:
– Էրեխեն որ երգի վերջի բառերն ասեց, էդ վերջի բառերն ասելուց հետո միանգամից պիտի էս շորի մեջից էս բադրջանը հաներ ու սաղիս ցույց տար,- բացատրեց Գուգոն, հետո ավելացրեց.- որ էդ ամենակարեւոր մոմենտը բաց թողեց ու բադրջանը ցույց չտվեց, դրա համար ջղայնացա ու իրան զարգեցի: Շան լակոտը, փաստորեն, սաղ չարչարանքս ջուրը թափեց:
Ես, Ռոլանդն ու Լեոնիդն ապշահար իրար նայեցինք, հետո Լեոնիդը ժպտալով ասաց.
– Փաստորեն, մենք կիսատ տարբերակը լսեցինք:
– Ի՞նչ կիսատ տարբերակ, Միխայլովիչ ջան,- նեղսրտեց Գուգոն.- փաստորեն, դուք ոչ մի տարբերակ էլ չեք լսել: Որ էդ վերջի բառերի վրա բադրջանն անսպասելի հանում ու ցույց ա տալի, չես պատկերացնի՝ ինչ էֆեկտ ա տալի:
– Պատկերացնում եմ,- ժպտաց Լեոնիդը:
– Չես կարա պատկերացնես,- ասաց Գուգոն.- մինչեւ սեփական աչքովդ չտենաս՝ չես պատկերացնի: Էդ բառերի վրա բադրջանը որ հանում ա…
– Ո՞ր բառերի վրա,- եղբորը խիստ տոնով հարցրեց Բախտիարը:
– Էդ երգի վերջի բառերի,- կմկմաց Գուգոն.- էդ բադրջանի հաշվով որ ասեց:
– Բադրջանի հաշվով ի՞նչ ասեց,- գոռաց Բախտիարը:
– Սաղդ էլ լսեցիք, ա՛յ ախպեր,- կմկմաց Գուգոն.- էլ իզուր խի՞ կրկնեմ:
– Որ նորմալ բան ասած ըլներ՝ լավ էլ կկրկնեիր,- զզվանքով եղբորը նայեց Բախտիարը:
– Ես առաջարկում եմ՝ էրեխին կանչենք, թող իրա էդ համարը լրիվ տարբերակով կրկնի՝ բադրջանով բանով,- ծիծաղեց Ռոլանդը:
– Ես առաջարկում եմ՝ երեխային կանչենք, թող ամբողջական տարբերակը ցույց տա, բայց իմ անվան փոխարեն թող ասի՝ Ռոլանդ ջան,- ժպտաց Լեոնիդը:
– Ռոլանդ ջան չի ասում, ասում ա՝ Ռոլան ջան,- ծիծաղեց Ռոլանդը:
– Թեկուզ,- ասաց Լեոնիդը.- բայց թող էս անգամ վերջին տան մեջ քո՛ անունը տա:
– Կարող ա՞ նեղացել ես, Միխայլովիչ ջան,- հարցրեց Գուգոն:
– Ի՞նչ նեղանալ,- ժպտաց Լեոնիդը.- արվեստի հարցերում նեղանալ չկա:
– Արվեստը զոհեր ա պահանջում,- ծիծաղեց Ռոլանդը:
– Քեզի որ ղոնաղ կանչեին, վրեդ էլ էս տեսակ երգ կապեին, կարող ա՞ չնեղանայիր,- առանց եղբորը նայելու՝ հարցրեց Բախտիարը:
– Ա՛յ ախպեր, գիդես թե՝ էդ երգն իմ վրեն չի երգե՞լ,- արդարացավ Գուգոն:- Ես հո իրան հատուկ չէի՞ ասել, որ Միխայլովիչի վրով երգի:
– Բա ո՞նց երգեց,- եղբոր վրա գոռաց Բախտիարը:
– Ուղղակի՝ տղերքի անունները որ պատահական էդ հերթականությունով էի գրի առել, դրա համար էլ էրեխեն էդ հերթականությունով երգեց. ես հո իրան հատուկ չէի՞ ասել, որ Միխայլովիչի վրով էդ բանն ասի:
– Միխայլովիչ չասեց, ասեց՝ Լյոնյա,- փռթկացրեց Ռոլանդը.- Լյոնյա էլ չասեց, ասեց՝ Լոնյա:
– Խի Միխայլովիչի անունը Լոնյա չի՞,- զարմացավ Գուգոն, հետո մեղավոր հայացքով նայեց Լեոնիդին ու հարցրեց.- անունդ Լոնյա չի՞, Միխայլովիչ ջան:
– Բա ի՞նչ զիբիլ ա,- ծիծաղեց Լեոնիդը.- երեխան շատ էլ ճիշտ է ասել:
– Էդ երգը մի անգամ էլ մեծ հաճույքով կլսեի,- քթի տակ խորամանկ ժպտաց Ռոլանդը:
– Էրեխեն էդ ընդունելության քննությանն էս երգը որ երգի՝ մի բան կստացվի՞, Միխայլովիչ ջան,- հարցրեց Գուգոն:
– Հա,- ծիծաղեց Լեոնիդը.- բայց վերջին տունը պիտի հանձնաժողովի նախագահի անունով երգի:
– Հանձնաժողովի նախագահի անունն ի՞նչ ա,- հարցրեց Գուգոն:
– Նախօրոք կիմանանք՝ քեզ կասենք,- ժպտաց Լեոնիդը:
– Վայ թե էդ վախտ հանձնաժողովի նախագահը դո՛ւ ըլնես, Միխա՛յլիչ,- ծիծաղեց Ռոլանդը:
– Շատ հնարավոր է,- ասաց Լեոնիդն ու ավելացրեց.- ես որ լինեմ՝ կարող եք համարել, որ երեխան ընդունված է:
– Հա՞ որ,- ժպտաց Գուգոն:
– Կասկածո՞ւմ ես,- հարցրեց Լեոնիդը:
– Կասկածելը չեմ կասկածում, բայց մտածում եմ՝ կարող ա՞ նեղացած ըլնես,- ասաց Գուգոն:
– Ինչի՞ց պիտի նեղացած լինեմ,- զարմացավ Լեոնիդը:
– Եսիմ,- ուսերը թոթվեց Գուգոն.- էրեխի էդ երգի հաշվով եմ ասում:
– Ինքը սովոր ա,- ծիծաղեց Ռոլանդը.- ինքն ըսենց տաղանդավոր էրեխեք համարյա ամեն օր ա տենում:
– Խի ըսենց էրեխեքն էդքան շատ ե՞ն,- զարմացավ Գուգոն:
– Շատը շատ չեն, բայց տարվա մեջ մի քանի հատ պատահում են,- ժպտաց Լեոնիդը:
– Դե լավ ա, որ չես նեղացել, Միխայլովի՛չ ջան,- ասաց Գուգոն:- Իմ ախպեր Բախտիարը վրես որ գոռաց, մտածեցի՝ կարող ա իսկականից նեղացել ես:
– Մեր Լյոնյան ավելի՛ բեթար տաղանդների ա ռաստ էկել, Գուգո ջան,- ծիծաղեց Ռոլանդը:
– Ռոլանդը ճիշտ է ասում,- ժպտաց Լեոնիդը:
– Ի՞նչն ա ճիշտ ասում,- հարցրեց Գուգոն:
– Արվեստն իսկապես զոհեր է պահանջում. մանավանդ՝ էս տեսակ մեծ արվեստը,- ասաց Լեոնիդը:
– Դե լավ ա, որ հավանել ես, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն:
– Բացառիկ համար էր,- ասաց Լեոնիդը:
– Դե լավ ա, որ չես նեղացել,- ասաց Գուգոն:
– Ինքը որ ասում ա՝ չեմ նեղացել, էդ հըլը չի նշանակում, որ իսկականից չի նեղացել,- եղբորը բացատրեց Բախտիարը:
– Որ նեղացած ըլնի, կասի՝ նեղացել եմ. ի՞նչ շահ ունի խաբի,- զարմացավ Գուգոն:
– Մի հատ քու վրա վեկալ, Գուգո՛ տղա,- գոռաց Բախտիարը.- դու որ իրա տեղն ըլնեիր՝ չէիր նեղանա՞:
– Ինքը որ Միխայլովիչի տեղն ըլներ՝ արդեն կարար հաշվեր, որ էրեխեն հարուր տոկոսով ընդունված ա,- ծիծաղեց Ռոլանդը:
– Ռոլանդ ջան, դուք որ ըսենց հանաք եք անում, դրա համար էլ ինքը մտածում ա, թե չեք նեղացել,- ասաց Բախտիարը:
– Բայց ես իսկապես չեմ նեղացել,- Բախտիարին ասաց Լեոնիդը:
– Հաստա՞տ,- զարմացավ Բախտիարը:
– Հաստա՛տ,- ասաց Լեոնիդը:
– Հալալ ա քեզ, ախպեր ջան,- Լեոնիդին ասաց ապշահար Բախտիարը:
– Ախր ինչի՞ ես ուզում, որ նեղացած ըլնի, ա՛յ ախպեր,- եղբորը հարցրեց Գուգոն:
– Ա՛յ Բախտիար, քեզ ձեռ ա՞ տալի, որ նեղացած ըլնի,- հարցրեց Ռոլանդը:
– Ընդհակառակ, Ռոլա՛նդ ջան. որ նեղանար՝ ե՛ս էի վատամարդ դուս գալու,- ասաց Բախտիարը:
– Դո՞ւ խի էիր վատամարդ դուս գալու,- զարմացավ Գուգոն:
– Ես չե՞մ պատճառ էղել, որ էս մարդիկ քեզ ղոնաղ են էկել,- ասաց Բախտիարը:
– Հետո՞ ինչ,- ասաց Գուգոն:
– Չես հասկանո՞ւմ,- եղբոր վրա գոռաց Բախտիարը։
– Որ չես բացատրում՝ ո՞նց հասկանամ,- կմկմաց Գուգոն:
– Դժվար էլ հասկանաս,- ձեռքը թափ տվեց Բախտիարը.- հասկացողն առանց բացատրության է՛լ կհասկանար:
– Ես իսկապես չեմ նեղացել, Բախտիար ջան,- ասաց Լեոնիդը:
– Հալալ ա քեզ, ախպեր ջան,- նորից ասաց Բախտիարը:
– Ա՛յ Բախտիար,- ծիծաղեց Ռոլանդը,- մարդը որ չի նեղացել, ո՞նց ասի՝ նեղացել եմ:
– Չուզողը թող ես ըլնեմ, Ռոլանդ ջան,- ասաց Բախտիարը:
– Մեր Միխայլիչն էս տեսակ տաղանդների մեծ փորձ ունի,- փռթկացրեց Ռոլանդը:
– Ես մի կենաց եմ ուզում առաջարկել,- ասաց Լեոնիդը:
– Ասա՛, սրտիդ մեռնեմ,- ոգեւորվեց Գուգոն:
– Ես առաջարկում եմ խմել մեր պատանի տաղանդի՝ Վարազդատի կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լեոնիդը:
– Էրեխին կանչի՛, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- իրա կենացն առանց իրա հո չե՞նք խմելու:
– Դանիկիչը ճիշտ է ասում,- ասաց Լեոնիդը.- երեխային կանչեք:
– Համիկ ջան, Աշոտ ջան, մի հատ տեսեք էդ լակոտն ուր ա՝ բերեք ըստեղ,- գոռաց Գուգոն:
Քիչ անց Վարազդատին բերման ենթարկեցին, եւ պատանի տաղանդը գլուխը կախ եկավ, սուսուփուս կանգնեց հոր կողքին, եւ երբ Գուգոն բաժակը բռնած ձեռքը բարձրացրեց, Վարոն կարծեց՝ հայրը նորից խփելու է, եւ երկու ձեռքով գլուխը բռնեց:
– Մի՛ վախեցի, բալես, չեմ խփում,- ասաց Գուգոն:
– Մտածեցիմ խփում ես,- ասաց Վարոն:
– Ինչի՞ պիտի խփեմ, ա՛յ բալա,- ժպտաց Գուգոն:
– Էս բադրջանի հաշվով,- Գուգոյի դեմ դրված հսկա բադրջանը ցույց տալով՝ ասաց Վարազդատը:
– Որ էս բադրջանը ցույց տված ըլնեիր՝ շատ լավ կըլներ,- Վարոյի գլուխը շոյելով՝ ասաց Գուգոն:
– Մոռացամ ցույց տամ,- մեղավոր ժպտաց Վարազդատը:
– Մոռացա՞ր, թե՞ ամաչեցիր ցույց տաս,- Վարոյին հարցրեց Բախտիարը:
– Համ մոռացամ, համ էլ ամաչեցիմ,- գլուխը կախելով՝ խոստովանեց Վարոն:
– Էս էրեխեն վայ թե քեզնից նամուսով ա,- Գուգոյին ասաց Բախտիարը:
– Ա՛յ Բախտո, էս մարդկանց բերել ես, որ իրանց առաջ փոքր ախպորդ մի գլուխ թուքումուր տա՞ս,- նեղացավ Գուգոն:
– Երեխայի կենացը շատ ենք ջանջալացնում,- բաժակը բարձրացրեց Լեոնիդը եւ Վարազդատին դիմելով՝ ասաց.- շնորհքդ անսպառ լինի, տղա ջան: Աստված տա, սրանից ավելի լավ երգեր գրես:
– Սրանից լավ հնարավոր չի,- ծիծաղեց Ռոլանդը եւ բաժակը բարձրացնելով՝ դիմեց Վարոյին ու ասաց.- էս նույն ոգով էլ կշարունակես, Վարո՛ ջան:
– Չեմ հասկանում, ա՛յ Ռոլանդ. էդ ապուշությունն իսկականից ե՞ք հավանել, թե՞ ձեռ եք առնում,- հարցրեց Բախտիարը:
– Ինձի նեղացնում ես՝ լավ ես անում. էրեխի՞ն խի ես նեղացնում, ա՛յ Բախտո,- բողոքեց Գուգոն:
– Մեկ էլ որ էս տունը մարդ բերեմ՝ կըլնի էրկուս,- գոռաց Բախտիարը:
– Մեկ էլ քննություններից մի քանի օր առաջ կգանք,- ծիծաղեց Ռոլանդը:
– Այ ախպեր, ի՞նչ վատ բան ենք արել,- նեղսրտեց Գուգոն:
– Վատն է՛ն խոսքը չի,- փնթփնթաց Բախտիարը:
– Պարզ չես խոսում, որ բան հասկանամ,- նեղսրտեց Գուգոն:
– Իզուր էլ էսքան խոսում եմ. մեկ ա՝ չես հասկանա,- ձեռքը թափ տալով ու տեղից վեր կենալով՝ ասաց Բախտիարը:
– Էս ո՞ւր, այ Բախտիար,- հարցրեց Ռոլանդը:
– Մի քիչ դուս գամ փողոց՝ վայ թե շունչս բացվի, Ռոլանդ ջան,- ասաց Բախտիարը:
– Գնա տես՝ հոպարն ո՞ւր գնաց,- Վարոյին ասաց Գուգոն, երբ Բախտիարն արդեն բակից դուրս էր եկել:
Երբ Վարոն հորեղբոր հետեւից դուրս եկավ, Ռոլանդը խորամանկ ժպտալով՝ Գուգոյին ասաց.
– Էրեխին չխնդրե՞նք մի հատ էլ երգի:
– Էդ նո՞ւյնը,- հարցրեց Գուգոն:
– Էդ նույնը, բայց՝ բադրջանով բանով,- փռթկացրեց Ռոլանդը:
– Չէ,- ասաց Գուգոն.- էդ երգն էրեւում ա մեր Բախտոյի վրեն փիս ազդեցություն ա թողել: Լավ երգ չէ՞ր, Ռոլանդ ջան, մենակ թե՝ դուզն ասա:
– Լավն է՛ն խոսքը չի,- փռթկացրեց Ռոլանդը:
– Մանավանդ էդ երգի եղանակն ա լավը,- ասաց Գուգոն:
– Խոսքերն է՛լ էին շատ ուժեղ,- ասաց Ռոլանդը.- ափսոս, եղանակով ընկանք ու խոսքերը կարգին չլսեցինք:
– Ասում ես՝ խոսքերն ուժեղ էի՞ն,- ժպտաց Գուգոն:
– Խոսքերի գծով մասնագետն Արմենն ա. թող Արմոն ասի,- ինձ նայեց Ռոլանդը:
– Հը՞, Արմեն ջան,- աղերսանքով ինձ նայեց Գուգոն:
– Շատ ուժեղ խոսքեր էին,- հաստատեցի ես:
– Ախպերս չհավանեց,- ասաց Գուգոն:
– Էդ երգը մի քանի անգամ պիտի լսես, որ հասկանաս,- ասաց Ռոլանդը:
– Բա դուք ո՞նց մի անգամով հասկացաք,- հարցրեց Գուգոն:
– Մենք մասնագետ մարդ ենք,- փռթկացրեց Ռոլանդը.- առավոտից իրիկուն էս գործի մեջ ենք:
– Որ լակոտն իրա էդ վերջի բառերի վրա բադրիջանը շորի մեջից հաներ ու ցույց տար, ավելի շատ հավանած կըլնեիք,- ասաց Գուգոն:
– Պատկերացնում եմ,- քթի տակ խնդաց Ռոլանդը:
– Մինչեւ սեփական աչքովդ չտենաս, չես կարա պատկերացնես, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն:
– Մենք առանց տենալու է՛լ ենք պատկերացնում,- ասաց Ռոլանդը.- ինչքան չըլնի՝ մասնագետ մարդիկ ենք, մանավանդ՝ Միխայլիչը: Ճիշտ չեմ ասո՞ւմ, Միխայլիչ ջան:
– Այո,- ասաց Լեոնիդը.- մենք առանց տեսնելու էլ լրիվ պատկերացնում ենք: