Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին սիրո հովանավո՞ր

Հունվար 22,2007 00:00

\"\"Բազմաթիվ երկրներում սիրո հովանավորության տակ հասկանում են սեքսի հովանավորությունը

«Եթե մենք ունենք սիրո հովանավոր, ինչո՞ւ ենք ձգտում այլ կրոնների սրբերին երկրպագել: Չէ՞ որ ազգային ակունքներից հեռանալը ազգի կործանման նախաքայլերից է»,- օրերս Սուրբ Սարգսի տոնի առիթով հրավիրված ասուլիսում ասել է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը: Զարմանալի է, երբ քահանայական ձեռնադրություն եւ օծություն ստացած հոգեւորականը օգտագործում է «սիրո հովանավոր» եզրն այնպես, կարծես թե բացահայտում է այնպիսի ճշմարտություն, որ եկեղեցին միշտ էլ իմացել է, սակայն մարդիկ միայն վերջին զարգացումների շնորհիվ են դրա մասին տեղեկացել, այն էլ օտար աղբյուրներից՝ Սբ. Վալենտինի տեսքով: (Իմիջիայլոց, բազմաթիվ երկրներում «սիրո հովանավորության» տակ հասկանում են հատկապես «սեքսի հովանավորություն»: Սա է այսօրվա պատկերը կամ հետեւանքը- Գ. Մ.): Հասկանալի է, որ եթե քահանան է այդ կերպ մտածում, ինչպես կմտածի կամ կվարվի հասարակ ժողովուրդը: Խնդիրը նախ այն է, որ Հայ առաքելական եկեղեցին իր անցած պատմության որեւէ մի շավղի մեջ ակնարկ անգամ չի արել եւ չի ընդունել այս կամ այն սրբի «հովանավորության» գաղափարը:

Այս երեւույթն ամբողջովին եւ հիմնովին հեթանոսական է, չունի հոգեւոր ոչ մի հիմնավորում եւ ընդհանրապես հարիր չէ ոչ միայն Հայ առաքելական, այլեւ՝ ամբողջ Քրիստոսահիմն ընդհանրական եկեղեցուն, քանզի, նախ՝ այն հաստատված չէ աստվածաշնչյան եւ ոչ մի գրքով, չունի Ընդհանրական եւ Հայ եկեղեցու ոչ մի հոր վկայություն:

Երկրորդ՝ անպատվաբեր է նահատակված կամ մարտիրոսված անձանց հիշատակը, որոնք հանուն հավատի եւ միմիայն հավատի եւ առ Քրիստոս ունեցած սիրո (ինչպես, օրինակ՝ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, Հռիփսիմեանց կույսերը, Սբ. Գեւորգը, Սբ. Սարգիսը եւ հայոց այլ սրբեր) սովեցին, խոշտանգվեցին, մասնատվեցին, խաչվեցին եւ այլն, նշել հեթանոսական ավանդույթներով՝ աղի բլիթներ ուտելով, կրակի վրա թռչկոտելով, երազներ տեսնելով, դրանք մեկնաբանելով, ցանկություններ պահելով եւ հեթանոսական այլ զբաղմունքներով:

Երրորդ՝ «հովանավորչության» գաղափարը առաջացել է հիմնականում սրբերի բարեխոսության կաթոլիկ եկեղեցու ազատամիտ մեկնաբանությամբ, որի արդյունքում էլ կաթոլիկներն ունեն ոչ միայն սիրո, այլեւ կյանքի բոլոր պարագաների «հովանավոր» սրբեր՝ ճանապարհորդության, բիզնեսի, վարորդների, նավաստիների եւ այլն: Խնդիրն այն է, որ ինչպես Սուրբ ծննդյան պարագայում Կաթոլիկ եկեղեցին հեթանոսական ինչ-ինչ ավանդույթներ արմատախիլ անելու համար Ընդհանրական եկեղեցու կողմից մինչեւ 4-րդ դար՝ հունվարի 6-ին նշվող Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը տեղափոխեց դեկտեմբերի 25, որը հնուց եկող հեթանոսական տոն էր, այնպես էլ՝ ժամանակի ընթացքում սրբերի բարեխոսության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի «բացակայության» պայմաններում, Կաթոլիկ եկեղեցին սկսեց իր հավատավոր հոտին համոզել, որ սրբերի բարեխոսությունն ինչ-որ ձեւով նույնն է, ինչ, օրինակ, հեթանոսական (չ)աստվածների հովանավորությունը: Այդպես էլ առաջացավ այդ մոլորությունը, թե սրբերը կարող են լինել հովանավոր, այն էլ՝ ամեն մի սրբին «հատկացնելով» կոնկրետ որեւէ բնագավառ:

Անշուշտ, գեղեցիկ են բոլոր ազգերի եւ ժողովուրդների ավանդույթները, բարքերը եւ սովորույթները, եւ ոչ մի բարոյական կամ այլ իրավունք չկա մերժելու կամ նսեմացնելու դրանք: Ի վերջո, եթե մարդիկ ուզում են այդպես մտածել, թող մտածեն: Սակայն կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն: Քահանան չպետք է եկեղեցու անունից «պաշտոնապես» տա նման հիմնազուրկ մեկնաբանություններ: Նույն անզգուշությունը հանդիպում ենք նաեւ Սանտա Կլաուսի, Տրնդեզի եւ այլ հարցերում: Եթե մենք խոսում ենք քրիստոնեության մասին, այն էլ՝ Հայ առաքելական եկեղեցու սրբազան պատերից ներս, ապա նողկալի է, որ հենց Սբ. Սարգիս անունը կրող եկեղեցում չի գտնվել որեւէ գրագետ քահանա, որ քիչ թե շատ տարբերեր սրբերի բարեխոսությունը հեթանոսական (չ)աստվածների հովանավորչությունից եւ ընդհանրապես դեմ կանգներ Կաթոլիկ եկեղեցուն «հայեցի» կապկելուն:

Եթե մեր պատվարժան քահանաները աղանդավորության դեմ պայքարի կամ այլ հիմնահարցերի համար ընտրեն Կաթոլիկ եկեղեցու զենքերը եւ մանավանդ անհեթեթաբար ասեն, որ Հայ եկեղեցին ավելի շուտ է ունեցել, օրինակ, սրբերի «հովանավորչությունը», ապա շուտով պետք է նաեւ պատմական փաստեր գտնել միասեռ զույգերի ամուսնությունը հիմնավորելու համար, ինչպես մի շարք եվրոպական եկեղեցիներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել