Հայրենակիցներ, Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի եւ նրանց սատարող ղարաբաղյան հանցավոր կլանի ջանքերով ջլատվել է մեր ազգային ներուժը, խորացել է ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը եւ ատելությունը վարչախմբի հանդեպ, վտանգավոր չափերի է հասել Հայաստանի Հանրապետության միջազգային մեկուսացումը:
«Ազգային Միաբանություն կուսակցության» պատգամավորները 2006թ. Ազգային ժողովի ամբիոնից հասարակության ուշադրությունը սեւեռեցին իշխանությունների, ղարաբաղյան կլանի կողմից երկրում իրականացվող ազգային հարստության խոշորածավալ կողոպուտի, հարկերից խուսափելու բազմաթիվ դեպքերի վրա: Մասնավորապես, արձանագրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թալանչիական սեփականաշնորհումը, երբ վաճառքի գինը կազմել էր այդ կոմբինատի ընդամենը մեկ տարում ստացած շահույթի չափը: Դոլարի արհեստական արժեզրկման արդյունքում ազգաբնակչությունից շորթվեց շուրջ 105 մլրդ դրամ գումար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բյուջեից թաքցվեց ու չհարկվեց 31 մլրդ 632 մլն դրամի գերշահույթը եւ «ԱրմենՏելի» կողմից հարկումից թաքցվեց 10 մլրդ 35 մլն դրամի գերշահույթը: Նշված հանցագործությունները պարտակելու նպատակով ղարաբաղյան հանցավոր կլանը վերավաճառեց թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, թե՛ «ԱրմենՏելը»:
Կողոպուտի մոլուցքը հանգեցրեց նրան, որ կենտրոնաբնակ հազարավոր երեւանցիներ բռնի տեղահանվեցին իրենց սեփական տներից՝ ստանալով չնչին փոխհատուցում: «Ազգային Միաբանության» պատգամավորները բացահայտեցին նաեւ, որ վարչակազմի յուրայինները Երեւան քաղաքի կենտրոնում, այսպես կոչված, էլիտար շենքերի շինարարությունից եւ վաճառքից միայն 2005 թ. հարկումից թաքցրել էին առնվազն 55 մլրդ դրամի գերշահույթ:
Ներկայացված մեղադրանքները հերքելու փաստարկներ չունենալով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը քրեածին-օլիգարխիկ տարրերի, ղարաբաղյան հանցավոր կլանի անմիջական գլխավորությամբ եւ վերջիններիս շահերը պաշտպանող հայաստանյան ծախու սպասավորների ու կամակատարների, ինչպես եւ նրանց հանցանքները քողարկող լրատվամիջոցների ներգրավմամբ, ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով, ձեռնարկել են «Ազգային Միաբանությանը» իր հաղթական պայքարից շեղելու անպտուղ փորձեր:
2006թ. դեկտեմբերի 9-ին՝ շաբաթ երեկոյան, իշխանությունների կողմից նախապես ծրագրված սցենարով, շինծու մեղադրանքով ձերբակալվեցին արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության գործիչ Վարդան Մալխասյանը: Դեռ դեկտեմբերի 12-ին «Առավոտ» օրաթերթին տված Արտաշես Գեղամյանի հարցազրույցում բացահայտվեցին իշխանությունների կատարած սադրանքի հեռահար ու ստոր նպատակները: Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի հայտնի սպասավորի միջոցով հրապարակ իջեցվեց հայտարարություն, որը, ըստ էության, ուղղված էր ոչ թե անհիմն ձերբակալվածների ազատ արձակելու խնդրին, այլ հող էր ստեղծում վարչակազմի համար վտանգ հանդիսացող ընդդիմադիր կուսակցություններին ներքաշել իշխանությունների կողմից ծրագրված դավադրության ոլորտը. 2007թ. Ազգային ժողովի ընտրություններից առաջ մոլորեցնել միջազգային հանրությանը՝ ներկայացնելով, որ, իբր, ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ Արցախի ազատամարտիկների մի հատվածը պատրաստվում են պետական հեղաշրջում իրականացնել՝ թույլ չտալով ՀՀ իշխանություններին վավերացնել ԼՂՀ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հետապնդվող նպատակներից էր նաեւ մեկուսացնել ընտրություններն ազատ, արդար անցկացնելու համար պատասխանատվություն ստանձնած հայրենասիրական ուժերին եւ ժողովրդի հարգանքը վայելող «Ազգային Միաբանություն կուսակցությանը», ընդդիմադիր քաղաքական մյուս կուսակցություններին եւ գործիչներին: Դրան էր ուղղված նաեւ իշխանությունների կողմից նախօրոք ծրագրված զինապահեստի «հանկարծակի» հայտնաբերումը Արարատի մարզում:
«Ազգային Միաբանություն կուսակցության» հաշվարկված քայլերի արդյունքում փլուզվեց վարչախմբի կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու գործում մեզ մեղադրանք ներկայացնելու նենգ ծրագիրը, որը կրկին բացահայտվեց ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության դեռ դեկտեմբերի 20-ին ընդունած հայտարարության մեջ:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր համերաշխությունն է հայտնում քաղաքական բոլոր այն ուժերին, ովքեր պատրաստ են պայքարել երկրում վտանգավոր չափերի հասնող ալան-թալանի, բռնությունների, ծանր հանցագործությունների, գանձագողության դեմ, ովքեր չեն համակերպվել գյուղի դատարկման եւ գյուղատնտեսության քայքայման, գիտության, կրթության, մշակույթի ամլացման, մեր բարոյական արժեքների կորստյան, երկիրը լքած 1,5 միլիոն մեր հայրենակիցների արտագաղթի հետ:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքական այն ուժերին, ովքեր լի են վճռականությամբ պայքարելու Քոչարյան- Սարգսյան զույգի հենարան հանդիսացող եւ օրենքից դուրս գործող քրեածին-օլիգարխիկ ղարաբաղյան կլանի դեմ: Կլան, որի սանձարձակ գործողությունները սեպ են խրում Հայաստանի եւ Արցախի զավակների արյամբ, մեծագույն կորուստների գնով խարսխված Հայաստանի ու արցախահայության, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Իրողություններ, որոնք խիստ վտանգավոր են Հայոց պետականության, Արցախի կայացման համար եւ մերժելի համայն հայության կողմից:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր նրանց, լինի դա Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, ովքեր լի են վճռականությամբ՝ հետեւողականորեն պայքարելու ապօրինի իշխանությունները վերարտադրելու գործունեություն ծավալած հանցավոր տարրերի դեմ: Մենք դատապարտում ենք ընդդիմությանը ժողովրդի հետ հեռուստատեսությամբ հաղորդակցվելու արգելք դնողներին, ովքեր Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումով հեռուստաեթերը ողողել են իշխանական կուսակցությունների կողմից «բարեգործության» անվան տակ ընտրակաշառքներ բաժանելու ամոթալի գործընթացով: Գործընթաց, որը հրապարակայնորեն խրախուսում է Ռ. Քոչարյանը:
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» ոչ լեգիտիմ վարչակազմի վերարտադրությունը ֆինանսավորողներին, հովանավորողներին եւ աջակցողներին զգուշացնում է, որ նման գործելակերպով նրանք հանցանք են գործում մեր ազգի, մեր ժողովրդի ու Հայոց պետականության նկատմամբ եւ անխուսափելի իշխանափոխությունից հետո կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հայրենակիցներ, «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հայտնում է իր վճռականությունը եւ պատրաստակամությունը՝ կատարելու ազգը միաբանելու կուսակցության առաքելությունը՝ պատասխանատվություն վերցնելով Սահմանադրությամբ ժողովրդին վերապահված իրավունքները վերականգնելու համար: