Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԴԻԻ «ՈՍԿԵ ՔԱՂԱՔԸ»

Հունվար 22,2007 00:00

\"\"78-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը (Ուդին) գտնվում է Նորքի ծերանոցում: Նա իր կյանքի 45 տարին անց է կացրել Խորհրդային Միության, իսկ այնուհետեւ՝ Հայաստանի ազատազրկման վայրերում: Նրա ծննդյան օրվա առթիվ տպագրում ենք մի հատված նրա անտիպ «Ոսկե քաղաքը» փաստավավերագրական գրքից:

1977 թվի մայիսի 11-ին ինձ Ազանկայից տեղափոխեցին Բելի-յար քաղաքի գաղութ: Հինգ հազարանոց գաղութ էր, որտեղ աշխատում էին երեք հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխը հազար հինգ հարյուր հոգուց էր բաղկացած: Դե, կարող ես, տղա ես՝ մնա… սպանություններ, թեւ ու ոտքի ջարդոցներ: Մի տարի էլ այդ գաղութում ապրեցի ու 1978 թվի մայիսի 11-ին կալանքս (հինգ տարի) ավարտվեց:

Եկա տուն՝ Երեւան: Երեւանը շատ էր փոխվել: Սկսեցի այցելել իմ հին ու նոր ծանոթներին: Եվ մի օր «Արարատ» ռեստորանից դուրս գալիս հանդիպեցի վաղեմի սիրածս աղջկան՝ Ալվարդին: Երկուսս էլ անչափ ուրախացանք մեր հանդիպման համար ու հենց այդ գիշեր գնացի Ալվարդին հյուր, մնացի նրա տանը: Ալվարդն ինձ շատ էր սիրում եւ չէր թաքցնում, որովհետեւ ես նրա մեջ արթնացրի իր դրական կողմերը: Մենք ծանոթացել էինք 1966 թվին, երբ նա 16 տարեկան էր: Երեւանի հեղինակավոր տղաները բարի նախանձով էին նայում ինձ՝ Ալվարդի հանդեպ տածած սիրո արկածներին: Ալվարդը չուզեց մնալ իմ սիրուհին, դարձավ իմ կինը: Ապրում էինք համերաշխ, խաղաղ: Երկու՝ ինձ ոչ հարազատ երեխաներին սիրում էի հարազատորեն, երկուսն էլ տղա էին: Ռաֆիկը ութ տարեկան էր, Գեւորգը՝ երկու, երեխաներն էլ ինձ էին սիրում հարազատ հոր պես: Զբաղվում էի Ռաֆիկի դասերով, որի արդյունքը եղավ լավ թվանշաններ ստանալը: Գոհ էր մայրը, գոհ էի եւ ես:

Ցավոք, այստեղ էլ «բալերս չհերիքեց» եւ ճակատագրական վազքի ֆինիշը դեռ հեռու էր: 1979 թվի հունվարի 27-ին թաղային տեսուչը եկավ տուն, պատճառաբանեց, որ իմ ներկայությունը անօրինական է այս տանը. կամ օրինականացրեք ձեր ամուսնությունը, կամ այստեղ մի ապրիր: Գնացեք զագս, թե չէ լավ չի լինի: Մեկ, երկու եւ այդ զգուշացումները դարձան վերջնագիր: Մի գեղեցիկ օր էլ եկավ, թե գնանք բաժանմունք, պետն ուզում է քեզ հետ զրուցել: Թաղային տեսուչի հետ գնացի Լենինյան միլիցիայի բաժանմունք: Ճանապարհին ոչ մի բառ չենք փոխանակել, սակայն բաժանմունքում ձեւակերպեցին, թե հայհոյել եմ տեսուչին, որի համար ինձ վարչական տույժ տվեցին՝ տասը սուտկա: Տասը սուտկա նստելուց հետո կարծում էի, թե տուն պիտի գամ: Սակայն տուն չթողեցին, այլ կրկին տարան Լենինյան քաղմաս, արագ-արագ 101 հոդվածը լրացրին, երեք օր անց՝ տարան կենտրոնական N 1 մեկուսարան:

Պարզվեց, որ մի անծանոթ կին ցուցմունք է տվել, թե դանակով հարվածել եմ գլխին, թե ինչո՞ւ, ինքն էլ չգիտի: Այդ վարկածը հասցրել էին կազմել ինձ տասը օր նստեցնելու ընթացքում: Չորս ամիս մնացի բանտում, հետո դատարանը որոշեց վեց տարի կալանք՝ խիստ ռեժիմային գաղութում: Ալվարդը այդ անարդարացի որոշումից բորբոքված՝ գնացել էր Հայաստան-Թուրքիա սահմանն անցնելու: Բռնել էին, պատմել էր ողջ եղելությունը, խոստացել էին արդարացի ընթացք տալ: Դատարանում պետական մեղադրողը հարցրել էր Ալվարդին.

– Ալվարդ Պողոսյան, ինչպե՞ս էիք ուզում մեր սուրբ խաչը փոխել կիսալուսնի հետ:

Ալվարդը առանց տատանվելու պատասխանել էր.

– Իմ անհեթեթ անցյալում չեմ հասկացել ինչ է սերը, միակ մարդն էր Ռուդոլֆը, որ իմ մեջ արթնացրեց սիրո զգացմունք ու, խնդրեմ, խլեցիք ինձնից իմ միակ երջանկությունը, էլ ի՞նչ հող ու ջրի մասին է խոսքը, ավելի լավ է թողնեմ-հեռանամ այս անիրավ երկրից, միգուցե մեկ այլ երկրում գտնեմ իմ երջանկությունը:

Դատարանում ներկաները ոտքի էին ելել ու երկար ծափահարել, ոմանք էլ լաց էին եղել: Գերագույն դատարանը վերաորակավորեց հոդվածս եւ վեց տարին դարձրեց հինգ տարի՝ խիստ ռեժիմային գաղութում կալանքս կրելու: Այս անգամ ինձ տարան Արթիկի գաղութ, քարհանք: Տաժանակիր աշխատանք էր, հազիվ մեկ տարի դիմացա, հիվանդացա: Ինձ տարան Երեւանի կենտրոնական հիվանդանոց, հաշմանդամության կարգավիճակ տալուց հետո տեղափոխեցին Նուբարաշենի գաղութ:

Այդ տարիներին գաղութներում աշխատանք կար, առավոտյան վեցին արթնանում էինք, լվացվում, նախաճաշում եւ ժամը 8-ին գնում աշխատանքի: Աշխատանքները տարբեր էին. գործարան, խրուստալի, կողպեքի, գալվանական, չհրկիզվող պահարանների եւ այլ ցեխեր: Աշխատավարձի 50%-ը պետությանն էր, իսկ մնացած 50%-ից պահում էին սննդի, հագուստի գումար, ինչպես նաեւ պադախոդնի նալոգ, մի խոսքով՝ ստանում էինք չնչին կոպեկներ: Աշխատանքից հետո բնակելի գոտի գալուց պետք է մասնակցեինք քաղպարապմունքի, այնուհետեւ, որը՝ դպրոց, որը՝ պրոֆտեխուսումնարան: Շատերը տառաճանաչ չէին, սակայն նրանց էլ ստիպում էին մասնակցել քաղպարապմունքին, որն անցկացնում էին ջոկատի պետերը, որոնք քաղաքականությունից հեռու էին՝ ինչպես խոզը տուռնիկից, իսկ ամենակարեւորը՝ երկրում կատարվելիք քաղաքական երեւույթները մեկնաբանում էին ըստ իրենց տգետ մտածելակերպի: Հակառակ դրան՝ լավ զարգացած էին ինտրիգներ ստեղծելու, զրպարտության մեջ ու տարված էին փողի մոլուցքով:

Մահճակալը, որին քնում էի, երկհարկանի էր: Մահճակալիս երկու գլուխներից, լայնությամբ եւ վերից վար՝ մինչեւ հատակը, կախված էին «սպլետնիկի» ծաղկաթերթիկները: Ողջ գաղութում միայն ինձ մոտ էր աճեցվում ու խնամվում ծաղիկներ:

Մի օր ջոկատի պետը, գաղութի պետի քաղտեղակալը, ռեժիմի գծով տեղակալը ու օպերը մոտեցան ինձ եւ վերջնագրի ձեւով պահանջեցին վերացնել ծաղիկները: Իմ հարցին, թե ինչո՞ւ, պատասխանը եղավ՝ չի թույլատրվում: Ես ամեն տեսակ բարբարոսություն լսել ու տեսել էի, բայց ծաղիկը ոչնչացնելու համար ինձ երբեք չէի ների, հատկապես, որ ինքս էի խնամել ու աճեցրել դրանք: Ի վերջո, ծաղիկները վերացնելու մասին խոսակցությունը վերածվեց վիճաբանության, որն էլ թեժացավ՝ դառնալով ղալմաղալ: Նրանք պնդում էին, որ պարտավոր եմ ենթարկվել ադմինիստրացիայի պահանջներին, քանի որ ես պատժված եմ: Իսկ ես ապացուցում էի, որ ճիշտ է, ես պատժված եմ, սակայն ծաղիկները պատժված չեն եւ ոչ մեկը իրավունք չունի ոչնչացնել բնության գեղեցկությունը: Գաղութի պետի քաղտեղակալը երկու մետրանոց հիմար էր, այդ խոսքերիս վրա մատ թափ տվեց ու կարգադրեց ինձ տանել կարցեր: Տասնհինգ սուտկա կարցեր նստելուց հետո դուրս եկա բնակելի գոտի, տեսա ծաղիկներիս նմուշն անգամ չկա:

…Եկավ 1984 թվի ձմեռը: Փետրվարի 7-ին Ուրալում հինգ տարի կալանք կրելուց հետո ազատվեցի:

Գործերս ուղարկել էին Երեւանի Սովետական շրջանի միլիցիայի բաժին, որտեղ նշված էր վարչական հսկողության մասին: Այդ օրենքը միայն կոմունիստների մոտ էր: Աշխարհում չկա ու չի եղել նման հիմար օրենք: Այդ վարչական հսկողությունը կոռուպցիայի օջախ էր: Տասը օրը մեկ պետք է ներկայանայի բաժին, որտեղ ազատված կալանավորների վարչական հսկողության գործով զբաղվում է մի անտարբեր չինովնիկ: Պետք է ներկայանայի դրան, հատուկ ժուռնալում ստորագրեի ու գնայի: Բացի իմ ներկայանալուց, իրենք անսահմանափակ եւ անորոշ ժամերի կարող էին գալ այն բնակարանը, որտեղ ապրում էի: Միլիցիայի բաժնում այդ չինովնիկը նշանակեց վարչական հսկողության օրերը, տասը օրը մեկ ներկայանալու ու ստորագրելու, բայց առանց մշտական բնակավայր ունենալու: Առանց գրանցման: Դա հենց արդեն անթույլատրելի կոպիտ խախտում է իրենց կողմից, իրենց սահմանած օրենքի: Չէ՞ որ նախ պետք է ապահովեն բնակավայրով, որ կարողանան հսկել: Ո՞րն է վարչական հսկողության իմաստը, երբ չգիտեն՝ որտեղ է ապրում այդ հսկողության տակ գտնվողը եւ ինչով է զբաղվում: Այդ ազատվածը, հենց ես, ինձ ձեռնտու հաջողությամբ կարող էի գնալ տասը օրը մեկ ստորագրել, բայց մնացած օրերը կատարել մի շարք գողություններ՝ տարբեր բնույթի:

Մի խոսքով, մի քանի անգամ ներկայացա, ստորագրեցի ու գնացի իմ գործին: Թե ի՞նչ գործի, դա ոչ մի նշանակություն չունի եւ ոչ էլ որեւիցե մեկը հետաքրքրվում էր… Մի օր էլ նշանակված ժամկետին գնացի, չինովնիկի դուռը փակ էր, սպասեցի մի ժամ, չեկավ: Կողքի սենյակի աշխատողին հարցրի, իսկի երեսիս էլ չնայեց, միայն անտարբեր «չգիտեմ» լսեցի: Գնացի: Եկա մյուս նշանակված օրը՝ տասը օր հետո: Չէի հասցրել ասել, որ անցյալ անգամ եկել էի՝ տեղում չէիք, մի այնպիսի դեմք ու դիրք բռնեց, որ ես խեղճանամ, բայց չէր հասկանում, որ այդ ձեւը ես էլ գիտեմ, որ ամենալավ պաշտպանվելու միջոցը հարձակումն է: Իմ բոլոր խոստումները հերքեց, վրաս բարկացավ ու իմ հարցին՝ «Բա ո՞նց անեմ, երբ գամ ու դուք տեղում չլինեք», պատասխանեց. «Եթե տեղում չլինեմ, իջի ներքեւ՝ օրապահություն, տեղյակ պահի, ինքը իրա մոտ կնշի, հետո ինձ կզեկուցի»: Ճարս ի՞նչ էր, թողի-հեռացա: Անցավ եւս տասը օր, ես ներկայացա, դուռը փակ տեսա: Վարվեցի այնպես, ինչպես ասել էր «հարգարժան» չինովնիկը: Եղա օրապահի մոտ, ասացի եղելությունը, օրապահը նշեց իր մոտ: Սեղանի մի թղթի կտորի վրա գրեց անուն-ազգանունս եւ ասաց. «Ազատ ես»: Գնացի: Ներկայացա տասը օր հետո, տեղում էր: Մի այնպիսի հայացք գցեց վրաս, կարծես իրա պապին պապս է սպանել, դեռ դա բավական չէր, իրոնիայով ասաց. «Արա, ի՞նչ ա, դու քե՞զ ես ձեռ առնում, թե՞ ինձ»: Ես բացատրեցի, որ վարվել եմ այնպես, ինչպես ինքն էր ասել: Աչքերը չռած նայում էր դեմքիս ու անամոթաբար հարցրեց. «Բա ո՞ւր ա, դե արի ցույց տուր, արա»: Շատ հանգիստ տոնով պատմեցի, որ ներկայացել եմ օրապահին, որ իր մոտ նշել է ամսաթիվը, անուն-ազգանունս: Ես հանգիստ էի պահում ինձ, որովհետեւ պարզ ու հստակ երեւում էր իր նպատակը. ինձ ափերից հանի, թույլ տամ անշնորհքություն, որի համար էլ հենց տեղում ձերբակալեն:

Վերջը ասաց. «Արդեն երկու խախտում ունես, մեկ էլ որ չեկար, գնում ես բանտ»: Ըստ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի I-մասի՝ մինչեւ երկու տարի կալանք էր նախատեսվում վարչական հսկողության կանոնները խախտելու համար: Ոչ աչքերիս էի հավատում, ոչ էլ ականջներիս, չէի պատկերացնում, թե այդ աստիճանի լկտիություն է լինում: Չէր տեղավորվում ոչ ուղեղիս եւ ոչ էլ հոգուս մեջ: Արագորեն մեջս հաստատուն որոշում կայացրի ու դարձյալ հանգիստ տոնով պատասխանեցի, որ ես իրեն լավ հասկացա ու այլեւս նման հիմարություն թույլ չեմ տա: Դեմքը պայծառացավ ու նրան թվաց, թե իր առջեւ կանգնած է թուլամորթ մարդուկ, իսկ ես իրեն տեսա որպես եսամոլ, ինքնահավան մի հասարակ մահկանացու: Նա չհասկացավ ասածիս իմաստը, ո՞նց հասկանար, երբ եսամոլության զգացումից ոչ տեսնում էր, ոչ լսում, ուղեղը կաշկանդված մեխանիկորեն գրում էր շաբլոն, անգիր արած պաշտոնական ձեւականությունները: Նրա մտքով անգամ չանցավ, որ ես հո հիմա՞ր չեմ՝ մեկ էլ գամ, ինչու չե՞մ տեսնում, թե ինչպես է լարում թակարդը, սարդոստայնը: Նախապատրաստական աշխատանքներն արված էին, մնում էր ձեւակերպել, գործ հարուցել ու՝ բանտ: Մի խոսքով, ստորագրեցի վերջին անգամ ու գնացի: Գնացի ու գնացի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել