Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հարություն Պողոսյանը օրերս «Առավոտին» էր ուղարկել իր քրեական գործը, ինչպես ինքն է ասում՝ համոզված լինելով, որ այն մեր աջակցությամբ իր արդար վճիռը կունենա:
2004թ. դեկտեմբերի 16-ին «Սեւան» ՔԿՀ-ից նա վաղակետ պայմանական ազատվել է, սակայն օրեր անց բռնվել է թմրանյութ պահելու համար: Ըստ դատապարտյալի, «Ծիծաղելի է, որ հայկական լեռնաշխարհում ձմռանը կարող էր կանեփի թուփ աճել, այն էլ՝ դեղնականաչավուն զանգվածի տեսքով,- գրում է Հ. Պողոսյանը եւ շարունակում,- ես նպատակ չունեի հանցանք գործել: Նյութապես լիովին բավարարված եմ եղել միակ հարազատիս՝ քրոջս կողմից, որը գտնվում է արտերկրում, իսկ ես ազատվելուց հետո ապրում էի նրա բնակարանում՝ իր երեք անչափահաս երեխաների հետ»: Նա իր ընկերոջ՝ Էդիկ Եփրեմյանի հետ Հանրապետության հրապարակից եկել էր օպերա: Հասնելով «Նաիրի» կինոթատրոնի մոտ, մի խումբ հարբած քաղաքացիներ (հետագայում պարզվում է, որ ոստիկաններ էին) կտրում են Պողոսյանի եւ նրա ընկերոջ ճանապարհը, հարցնում նրանց ով լինելու մասին, իսկ երբ տեղեկանում են, որ նախկին դատապարտյալներ են, բերում են Կենտրոնի ոստիկանության բաժին:
Մեր հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ ոստիկանության բաժնում նրանց ծեծի ենթարկելով՝ պահանջել էին ասել, թե ինչ հանցանք էին մտադիր կատարել: Ոստիկանները առգրավել էին Պողոսյանի գրպանի ողջ պարունակությունը. այնտեղ առկա էին ծխախոտ, կրակայրիչ, թաշկինակ եւ քրոջ բնակարանի միակ բանալին, որով փակել էր դուռը երեխաների վրա: «Տեսնելով, որ ոչ մի արդյունք չկա, ոստիկանության բաժնի թաղային տեսուչները թմրանյութը դրեցին սեղանին եւ պայման կապեցին՝ եթե հանձն առնեմ այդ թմրանյութը, ընկերոջս բաց կթողնեն, կձեւակերպեն 3,2 գրամ, ինչն էլ նախատեսում էր ազատազրկում մինչեւ կես տարի կամ տուգանք: Գտնվելով անելանելի վիճակում, ծեծված եւ ուժասպառ, համաձայնեցի: Դա 2005թ. հունվարի 13-ի գիշերն էր եւ սույն փաստը կարելի է ստուգել Երեւանի ոստիկանական վարչությունից, որտեղ տեղեկացվում է, թե ում են բերման ենթարկել, որ ժամին, ինչի համար»,- «Առավոտին» գրում է Հ. Պողոսյանը: Այդ ժամին գտնվում են «թարմ» ընթերականեր: Նրանցից մեկը անձնագիր չուներ, իսկ մեկն էլ՝ Ա. Հակոբյանը, խուլիգանության համար բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանները Հակոբյանին ցույց են տալիս սեղանին դրված փաթեթը, դնում կշեռքին, նրան ցույց չի տրվում կշիռը, բայց հայտարարում են, թե այն կշռում է 3,2 գրամ: Այս ընթերական, ըստ խմբագրություն ուղարկված գործի նյութերի, արձանագրության տակ ստորագրել է հաջորդ օրը, բայց, ինչպես դա սովորաբար լինում է, նա չի կարդում փաստաթուղթը, որի տակ ստորագրել է: Թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, թե ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Հ. Պողոսյանը խնդրել է արդարացնել իրեն, պատճառաբանելով, որ ինքն իր վրա է վերցրել չկատարած հանցանք:
Դատաքննության ժամանակ Պողոսյանը ցուցմունք էր տվել, որ քաղաքացիական համազգեստով ոստիկանները վիճաբանել են իր եւ ընկերոջ՝ Էդիկ Եփրեմյանի հետ, որոնք էլ իրենց բերման են ենթարկել բաժին, ստիպել են, որ ինքը կամ ընկերը ընդունեն թմրամիջոց պահելու փաստը, եւ Պողոսյանը սուտ ցուցմունք է տվել, որպեսզի ընկերոջը բաց թողնեն: «Վերաքննիչ դատարանը ներքին համոզմամբ եկավ եզրակացության, որ ամբաստանյալին մեղսագրված արարքը հիմնավորված է»,- հաստատել է այդ ատյանի դատարանը, որն էլ դատապարտյալի բողոքը թողել է առանց բավարարման: Սակայն իրեղեն ապացույց է ճանաչվել ոչ թե 3,2 գրամը, ինչպես ոստիկանները «խոստացել» էին, այլ 8,5 գրամ մարիխուանան, որի համար էլ Հ. Պողոսյանը դատապարտվել էր 2 տարի 3 ամիս ժամանակով ազատազրկման:
Հ. Գ. Հարություն Պողոսյանը ազատվելու է ապրիլին: Նա այդպես էլ այս կյանքում անձնագիր չունեցավ եւ հիմա անհանգստանում է, թե կլինի՞ երաշխիք, որ ազատվելուց հետո նույն ոստիկանները իր գլխին նորից գործ չեն սարքի: