Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրար չճանաչող» հանցախումբը

Հունվար 22,2007 00:00

\"\"Սիրիահայը կարողացել է կեղծել ՀՀ մի շարք փաստաթղթեր

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) սկսվեց Սիրիայի քաղաքացի, ազգությամբ հայ՝ Պետրոս Միքայելի Կարապետի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում էր Հայաստանում կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու եւ դրանցով ԱՄՆ մեկնելու փորձի մեջ:

Պետրոս Կարապետը չլինելով ՀՀ քաղաքացի, իր երկու անչափահաս երեխաների եւ կնոջ հետ գալիս է Հայաստան, որտեղից էլ մի քանի ծանոթներ «մեջ գցելով»՝ ձեռք է բերում կեղծ փաստաթղթեր՝ այն ամենը, ինչը պետք էր ԱՄՆ մեկնելու արտոնագիր ստանալու համար: Նա ձեռք է բերում իր եւ կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագրեր, երեխաների համար ծննդյան վկայականներ, ամուսնության վկայական, նույնիսկ «Էկոլոգիական հիմնադրամի» նախագահ Վաղինակ Հովսեփյանի ստորագրությամբ տեղեկանք, բանկային հաշվի կտրոն: Կարապետի անձնագիրը տրվել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի անձնագրային բաժանմունքի ավագ տեսուչ Զոհրակ Խաչատրյանի կողմից: Վերջինիս մոտ եկել էր իր հին ծանոթ Աիդա Գալստյանը ու պատմել, թե իր եղբոր՝ Գագիկ Գալստյանի անձնագիրը, որը այժմ գտնվում է ՌԴ-ում, կորել է, ու խնդրել է, որ նոր անձնագիր ձեւակերպի եղբոր համար: Երկար «մտածելուց հետո» Խաչատրյանը հավատում է կնոջը ու համաձայնում օգնել: Սակայն Աիդան Գագիկ Գալստյանի անձնագրի համար տանում է Պետրոսի նկարները: Իսկ կնոջ համար, ինչպես դատարանում պարզվեց, Պետրոսը օգտագործում է իրենց ժամանակավոր կացարանում՝ Սարյան 27-ում բնակվող հարեւանուհու անձնագիրը:

Կարապետը երեկ ցուցմունք տալով հայտնեց, որ ծննդյան ու ամուսնության վկայականները ձեռք է բերել պաշտպանության նախարարության գենշտաբի ճաշարանի վարիչ Արմենակ Կյուրեղյանից՝ նախկինում դատված Արմեն Կարապետյանի օգնությամբ: Վերջինս ժամանակին «հոգեպահուստ» կեղծ փաստաթղթեր է պահել տանը: Փաստաթղթերի դիմաց Կարապետյանը «մաղարիչ» էր պահանջել Կյուրեղյանից:

Մեկ այլ դրվագով էլ Երեւանի բնակիչ Մկրտիչ Հակոբյանն է բանկում Պետրոսի անունով 4000 ԱՄՆ դոլար մուտք ու ելք արել եւ կտրոնը հանձնել ամբաստանյալին: Վերոհիշյալ անձինք ամբաստանյալների աթոռներն էին զբաղեցրել եւ երեկվա ցուցմունքներում միաբերան պնդում էին, որ իրենք միմյանց ծանոթ չեն: Ինքնատիպ ծանոթների՝ Աիդա Գալստյանի, Արմենակ Կյուրեղյանի, Արմեն Կարապետյանի, Վաղինակ Հովսեփյանի, Մկրտիչ Հակոբյանի դեմ մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Արմեն Չանչուրյանը: Նրանցից երեքը ներկայումս կալանավորված է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել