Գիտնականը բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում է պահանջում
ԳԱԱ թղթակից անդամների վերջին ընտրություններն ու դրանց հաջորդող մեր հոդվածաշարը շատ գիտնականների համար առիթ դարձան վերհիշելու իրենց հետ կատարվածն ու փաստել, որ համակարգում ամեն ինչ նույնն է՝ նույն անարդարությունները, ինտրիգներն ու բամբասանքները, որոնք շատերի ձեռքում գործիք են՝ առաջ շարժվելու համար: Մեր հերթական զրուցակիցն է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Կարո Իսպիրյանը: Նա համոզված է, որ ֆիզիկա մասնագիտության գծով թղթակից անդամ ընտրված Ալբերտ Սիրունյանը հաջողության է հասել ակադեմիկոս Համլետ Վարդապետյանի բանսարկությունների շնորհիվ:
«Այս «ազգային ջոջերը» գիտության մեջ չեն բացել ոչ մի ուղղություն, որին ուրիշները հետեւեն, ինչ պահանջվում է ոչ թե ակադեմիկոսից, այլ գիտության դոկտորից: Յու. Ա. Խրամովի «Ֆիզիկոսները» եւ ՀՀ ԳԱԱ մի քանի գրքերում գրված է, թե Հ. Վարդապետյանը ա) …զարգացրել է միջուկային ճառագայթումների դետեկտման մեթոդները, բ) հետազոտել է արգելված անցումներ եւ այլն…, գ) առաջին անգամ հաստատել է ղ-ռեզոնանսի կվարկային կառուցվածքի կանխագուշակումները……եւ ապացուցել կապարի միջուկի նեյտրոնային «շուբան», դ) հայտնաբերել է բարձր էներգիաների էլեկտրոնների ճառագայթումը բյուրեղներում կանալավորվելիս եւ այլն: Այս բոլոր կետերը սխալ են կամ ուռճացված: Նախ՝ մեթոդիկայի բնագավառում նա ոչ մի հայտնի աշխատություն չունի: Բացի այդ, երբ Վարդապետյանը Ֆրանսիայից փախավ Հայաստան, ԽՍՀՄ ԲՈՀ-ը տալիս էր միայն թեկնածուական աստիճան, եւ նա դոկտոր է դարձել այն պատճառով, որ եղել է կոմունիստ (իհարկե՝ հետագայում հրաժարվել է կուսակցությունից): Իսկ նրա ստացած գիտական արդյունքները «կարկատանային» են, այսինքն՝ առաջինը չեն: Այս քիչ հղումներ ունեցող աշխատանքների համար մեր «ազգային ջոջերը» ստացել են նաեւ ՀՀ պետական մրցանակ: Իսկ ինչ վերաբերում է կանալավորման ճառագայթմանը, այն դեռեւս 1970 եւ 1975 թթ. հայտնաբերել է Ռ. Ուոքերի խումբը: Հ. Վարդապետյանից առաջ եւ գրեթե միաժամանակ շատերն են այն ուսումնասիրել»:
Պրն Իսպիրյանը հիշում է իր գլխով անցածն ու թե ինչպես էին մարդիկ պրովոկացիաներ սարքելով գիտության ոլորտում առաջ գնում: 1972-ին Հ. Վարդապետյանը, ով իր ոլորտում եւ մասնավորապես Ֆիզիկայի ինստիտուտում ազդեցիկ դեմք էր, Կ. Իսպիրյանի հետ մի հարցի շուրջ ծեծկռտուքի է բռնվում ու Լինչի դատաստան տեսնում նրա նկատմամբ. Իսպիրյանը զրկվում է իր ստեղծած սարքերով եւ իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից:
80-ականներին, երբ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը փաստաթղթով պահանջում է տալ կարծիք այն մասին, թե ի՞նչ պարգեւի կարելի է ներկայացնել ռենտգենյան անցումային ճառագայթման (ՌԱՃ) աշխատանքները՝ ԽՍՀՄ հայտնագործությա՞ն, Պետակա՞ն, թե՞ Լենինյան մրցանակի, Իսպիրյանն ընտրում է 3-րդը, որը եւ անցնում է: Հիվանդ ակադեմիկոս Գրիգոր Ղարիբյանի ղեկավարությամբ նա պատրաստում է նյութերը: Բայց երբ 5 ֆիզիկոսների հետ նա առաջարկվում է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի, ինստիտուտի գիտխորհուրդը՝ Վարդապետյանի ազդեցությամբ, որոշում է նրա փոխարեն ներկայացվողների ցուցակի մեջ մտցնել մի ռադիոինժեների: ԳԱԱ նախագահությունն արդարությունը վերականգնում է: Սակայն, դժբախտաբար, աշխատանքը Լենինյան մրցանակ չի ստանում: Փոխարենը, ի տարբերություն մրցանակների արժանացած բազմաթիվ, ներկայումս չհիշվող գործերի, այդ ՌԱՃ դետեկտորները լայնորեն կիրառվում են տարբեր լաբորատոր եւ արբանյակային սարքերում:
1961-ին Ա. Ալիխանյանի, Ֆ. Հարությունյանի եւ Մ. Տեր-Միքայելյանի համահեղինակությամբ տպագրվել է Կ. Իսպիրյանի առաջին աշխատանքը՝ նվիրված Գ. Ղարիբյանի եւ Մ. Տեր-Միքայելյանի տեսականորեն գուշակած՝ ՌԱՃ-ի օգնությամբ տարրական մասնիկների իդենտիֆիկացման մեթոդներին: «Այս աշխատանքը Ալիխանյանը հետագայում անվանել է ՌԱՃ տեխնոլոգիայի «Բիբլիա», որովհետեւ բոլոր ՌԱՃ դետեկտորները, որոնց կարելի է համարել հայկական գիտությանը նվիրված հուշարձաններ, կառուցված են «Բիբլիայի» մեթոդներով: Հետագայում ՌԱՃ-ին նվիրված մոտ 25 աշխատություն եմ գրել, պաշտպանել թեկնածուական (1965) եւ դոկտորական (1974) թեզեր, մասնակցել եմ ՌԱՃ-ին նվիրված բազմաթիվ միջազգային կոնֆերանսների՝ որպես կազմկոմիտեների անդամ: Իմ աշխատություններից մի քանիսը թվարկված են 70-ամյակիս առթիվ CERN Courier միջազգային ամսագրում բերված մի հոդվածում:
2000 թ. Ֆիզիկայի ինստիտուտի մի քանի մասնագետների եւ իմ ջանքերով ստեղծվեց 20 ՄէՎ էլեկտրոնների մի փունջ, որը քիչ (25 կՎտ) էներգիա է պահանջում եւ թույլ կտա իրականացնել մի քանի էքսպերիմենտներ: Խախտելով իմ մարդկային իրավունքները, առանց հիմքի արգելեցին ինձ մասնակցել մեր փնջի փորձին: Իրենք էլ ահագին գումար եւ ժամանակ ծախսելով, չկարողացան այն իրականացնել: Ասեմ, որ 40 տարվա սովետական բանտարկությունից հետո 1993 թվից հրավիրվել եմ բազմաթիվ երկրներ, մասնավորապես՝ 4-5 անգամ Ժնեւ, որտեղ, ի տարբերություն շատերի, փորձ իրականացնելուց բացի, 2-3 անգամ սեմինար եմ անցկացրել իմ աշխատանքների մասին եւ մի դասախոսություն կարդացել»:
Վերադառնալով ԳԱԱ ընտրություններին, գիտնականն ավելացնում է. «Կան օբյեկտիվ չափանիշներ գիտնականների աշխատանքը գնահատելու համար: Ամենակարեւորն այն է, թե գիտնականի արդյունքներն ու մեթոդները որքանո՞վ են օգտագործվում ուրիշների կողմից: Այս չափանիշով դժվար թե նշված ջոջերից եւ ԳԱԱ թեկնածուներից որեւէ մեկը մեզ հետ մրցակցի: Վերջին տարիների աշխատանքների գնահատման չափանիշը հղումների նորմալացված քանակն է: Ցավալի է, որ արդեն քանիերորդ անգամ աջակցում են, որ ընտրվեն հեղինակություն չունեցող, բայց «ձեռնտու» գիտնականներ: Ընտրության արդյունքները ծաղր ու ծանակ են: Ես Հ. Վարդապետյանին մեղադրում եմ ԳԱԱ ընտրություններում իրականացրած խարդախությունների, խտրականության, մարդկային իրավունքների ոտնահարման եւ այլ հանցանքների մեջ: Ես պիտի դիմեմ, որպեսզի համապատասխան ոչ-կոմունիստական կազմակերպություններ հերթով վերանայեն ամեն ինչ, ու ես ստանամ բարոյական եւ նյութական հատուցում»: