Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ կողքին կանգնի մտավորականը»

Հունվար 22,2007 00:00

Մերուժան Տեր-Գուլանյանի համոզմամբ, այսօր որոշ մտավորականներ իշխանության ձեռքին խաղալիք են դառնում, որովհետեւ ընդդիմությունը, բացի «Քոչարյա՛ն, հեռացիր» գոռալուց, այլ բանի ընդունակ չէ:

«Հացի խնդիրն է պատճառը, որ հայ մտավորականներից ոմանք վախենում են ճշմարտությունն ասել»,- երեկ «Ուրբաթ» ակումբում «Հայ մտավորականը եւ ընտրություններում քարոզչությունը» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա լրագրողների հետ քննարկեց այն հարցը, թե ինչպիսին պիտի լինի մտավորականի կեցվածքը ընտրական գործընթացների ժամանակ, հետո էլ փորձեց բնորոշել՝ ո՞վ է մտավորականը. «Մտավորականը մի անձ է, ով հաց է վաստակում իր մտքի միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր մենք լավ չենք ապրում, այդ պատճառով էլ որոշ դեպքում մտավորականը իշխանությունների ձեռքին խաղալիք է դառնում: Եվ ոչ բոլորը կարող են դիմանալ գայթակղություններին»,- նշեց Տեր- Գուլանյանը:

Անդրադարձ եղավ լրագրողներից մեկի ձեւակերպմամբ՝ «մտավորականներ-իշխանություններ սիրավեպին»: «Մտավորական-իշխանություն սիրավեպի» մասին խոսելիս արժե հստակեցնել սիրավեպ եւ կողմնորոշում հասկացությունները: Մտավորականն էլ Հայաստանի քաղաքացի է եւ սեփական կողմնորոշման իրավունք ունի: Իսկ սիրավեպի մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր շահ ունեն իշխանություններից»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան ասաց Մ. Տեր-Գուլանյանը: Նա փորձեց իր խոսքով վստահեցնել, թե ինքը ոչ ոքի հետ «շահ ու հաշիվ չունի»: «Համակրում եմ Հանրապետական կուսակցությանը: Այս կողմնորոշումը ես ունեի նույնիսկ դեռ այն ժամանակ, երբ «Գարունի» խմբագիրն էի, քանի որ ինձ հոգեհարազատ է նժդեհական գաղափարախոսությունը: Բայց սա չի նշանակում, թե այս կուսակցությունը թերություններ չունի, օրինակ՝ արդյոք թույլատրելի՞ է կուսակցության շարքերում օլիգարխների այսքան մեծ քանակությունը»,- ասաց հրապարակախոսը: Ավելացրեց, որ ինքը կուսակցական չէ, սակայն երեք եղբայրները ՀՀԿ անդամ են: Նա վերջիններիս «շահ չունենալն» էլ հիմնավորեց այն փաստով, որ մինչ օրս իր եղբայրներից որեւէ մեկը պաշտոն չունի:

Առաջիկա ընտրություններին անդրադառնալով, Մ. Տեր-Գուլանյանը խոսեց նաեւ հասարակության հետ մտավորականի հարաբերությունների մասին. «Մտավորականի կերպարն ընդդիմադիր պիտի լինի: Հասարակությունն այսօր կարծիք չունի, քանի որ այն բազմաշերտ է, հետեւաբար մտավորականի դերն է բոլոր այդ շերտերի միջեւ եզրեր գտնելը»,- կարծում է Մ. Տեր-Գուլանյանը: Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչու ընտրությունների ժամանակ մեր մտավորականների մեծամասնությունը կանգնում է ոչ թե ընդդիմության կողքին, այլ կողմնորոշվում դեպի իշխանություն: «Բայց ո՞ւմ կողքին կանգնես, եթե ընդդիմությունը «Քոչարյա՛ն, հեռացիր» բացականչությունից բացի՝ ոչինչ չի ասում»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը: Ըստ նրա, ընդդիմության կողքին կանգնել՝ չի նշանակում հարթակում երեւալ: Իսկ իշխանությանը, հատկապես ՀՀ նախագահին, Մ. Տեր-Գուլանյանը առաջարկում է. «Լավ կլինի՝ նա բոլոր օլիգարխներին հորդորի, որ ձեռնպահ մնան առաջիկա ընտրություններին մասնակցելուց»: Հրապարակախոսը լրագրողներին էլ առաջարկ ուներ:

Նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորեց, որ յուրովի նպաստեն արդար ընտրությունների կայացմանը, օրինակ՝ Հանրապետության հրապարակ դուրս գալով եւ իրենց նախընտրած գործչի քարոզչությունն անելով: Երբ լրագրողները հարցրին, թե պրն Տեր- Գուլանյանը իրո՞ք հավատում է իր ասածին, նա պատասխանեց. «Առանձնապես չեմ հավատում, թե դա հնարավոր է: Բայց ես վստահ եմ, որ մամուլից մեծ բան է կախված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել