Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԵՄԱՆԵՐ՝ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒՄ

Հունվար 22,2007 00:00

\"\"Այս տարի անսամբլը կներկայանա շուրջ 15 նոր բեմադրությունով

«Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի պարի պետական անսամբլի 2007թ. առաջին համերգը կկայանա Մոսկվայի Կրեմլի պալատում: Հանդիպեցինք անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանի հետ:

Հաստատելով վերոնշյալը, մեր զրուցակիցը մանրամասնեց, որ համերգը Կրեմլի պալատում նշանակված է մարտի 10-11-ին, իսկ հրավերը ստացված է Մոսկվայի հայ մշակույթի օգնության ֆոնդի նախագահ Մեծո Իգիթյանի կողմից: «Թեեւ չի բացառվում, որ, մինչ հիշատակված համերգը, անսամբլը հանդես գա նաեւ Երեւանում»,- ասաց պրն Կարապետյանը: Նա ավելացրեց, որ 2006թ. իրենք ունեցել են 50 բեմել, այդ թվում՝ 14 մենահամերգ: «Թվարկվածից զատ, 2006թ. տարեսկզբին անսամբլը 4 մենահամերգ է ունեցել Ստամբուլում, իսկ աշնանը՝ Ռուսաստանում, ՀՀ-ի տարվա շրջանակներում, 2 համերգ՝ Եկատերինբուրգում: Այնպես որ, կարծում եմ, անհամեստություն չի լինի, եթե շեշտեմ անսամբլի՝ բուռն ստեղծագործական կյանքով ապրելու փաստը»,- նշեց նա: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված 2006-ին մշակույթի նախարարության հետաքրքրությունը պարի պետական անսամբլի հանդեպ եւ նախարարի ներկայությունը վերջինիս համերգներին (hիշեցնենք, որ Գ. Կարապետյանը անսամբլը ղեկավարում է շուրջ 1,5 տարի): «Այո, նախարարն իսկապես հետաքրքրված է մեր համերգներով, որոնց մասին նա ընդհանուր առմամբ դրական կարծիք է հայտնել: Տիկին Պողոսյանը առաջարկել է, որ անսամբլի ծրագրում ավելի շատ լինեն ազգագրական պարերն ու ժողովրդական մեղեդիների մշակումներով համարները»,- հայտնեց Գ. Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ անսամբլում բեմադրություններ են կատարել նաեւ հրավիրված բալետմայստերներ Մաքսիմ Մարտիրոսյանը, Փայլակ Սարգսյանը, իսկ ինքը բեմադրել է 6 նոր պար, որ արդեն ներկայացվել է հանդիսատեսին: Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ շուտով բեմ դուրս կգա 15 նոր բեմադրություն, այդ թվում՝ «Գյումրվա պատկերներ» «Թրապար», «Կոմիտաս», «Արցախի քաջեր», «Փարաջանովյան էսքիզներ» պարերը: Մեր դիտարկմանը, թե փարաջանովյան թեմաները, որոնց պարի պետականն իր գործունեության ընթացքում երբեք չի անդրադարձել, սովորաբար ուղեկցվում են Սայաթ-Նովայի երաժշտությամբ, հավանաբար իրենց բեմադրությունն էլ է լինելու այդ շարքից, Գ. Կարապետյանը հակադարձեց. «Ես փորձում եմ դա բեմադրել հայ միջնադարյան տաղերի երաժշտության ներքո: Իսկ նման փորձ 90-ականների կեսերին ունեցել եմ՝ համագործակցելով վրացահայ վավերագրող Դավիդաշվիլու հետ, որի «Փարաջանով» ֆիլմի համար բեմադրել եմ պարեր Փիթեր Գաբրիելի երաժշտությամբ»: Հարցին՝ ձեր անսամբլի երաժշտական մասը ի զորո՞ւ է մեկնաբանել մեր միջնադարյան տաղերը, գեղարվեստական ղեկավարը գովեստի խոսքեր շռայլելով անսամբլի երաժշտական մասի ղեկավար Հայկ Գրիգորյանի հասցեին, փաստեց, որ անսամբլում ներկա են բոլոր հայկական ժողովրդական նվագարանները: Անդրադարձ եղավ վերջերս մշակույթի նախարարության կողմից որոշ կոլեկտիվների, այդ թվում՝ պարի պետականի տնօրենի (Էդվարդ Աշուղյանի) փոփոխությանը: Այդ առիթով Գ. Կարապետյանն ասաց, որ տնօրենը նշանակվում է նախարարության կողմից՝ մրցութային կարգով:

Զրույցի ավարտին պարոն Կարապետյանն ուրախությամբ հայտնեց, որ ավելացել է պարի պետական անսամբլ դիմող պարողների թիվը. «Այս տարի անսամբլը համալրել են Երեւանի պարարվեստի ուսումնարանն ավարտած 4 պատանի եւ 8 աղջիկ, թեեւ չեմ կարող թաքցնել, որ, այնուամենայնիվ, ունենք պարող տղաների պահանջարկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել