Լրահոս
Օրվա լրահոսը

Լոսում ամենահարուստները հայե՞րն են

Հունվար 22,2007 00:00

«Եվս մեկ հայ բանտարկվեց»: Ամերիկյան մամուլի առաջին էջերում այսպիսի արձագանք է գտնում հայերի կողմից կատարվող ամեն մի հանցագործություն:

Այս մասին մեծ ցավով մեզ հայտնեց մեր զրուցակիցը՝ ամերիկահայ Ղեւոնդ Ավետյանը. «Դժբախտաբար, ներկա վիճակում Լոս Անջելեսի բանտերում բանտարկված է մոտ 150000 հայ (մեր տեղեկություններով, այս թիվը խիստ ուռճացված է, եւ ԱՄՆ ազատազրկման վայրերում, ըստ պաշտոնական տվյալների, կա 14. 000 հայ-խմբ.), որոնց 60-70%-ը կազմում են Հայաստանից եկած հայերը: Բանտարկությունների պատճառ են հանդիսանում հիմնականում գողությունները, ցավոք՝ լինում են նաեւ մարդասպանության դեպքեր: Իսկ երիտասարդների մի զգալի մասը ներգրավված է նարկոբիզնեսի մեջ»: Հանցագործություններ ծնող պատճառները, ըստ պրն Ավետյանի, շատ պարզ են. նոր հայերը ձգտում են շուտ հարստանալ, իսկ դրան կարելի է հասնել միայն ոչ օրինական ճանապարհով: Սակայն, մեր զրուցակցի խոսքերով, այնուամենայնիվ, հայ համայնքը Լոս Անջելեսում հայտնի է իբրեւ աշխատասեր եւ խելացի, «քանի որ ցանկացած առաջադրված աշխատանք կարողանում են շուտ յուրացնել: Եվ պատահական չէ, որ այսօր Լոս Անջելեսում հայերը համարվում են ամենահարուստները. ամենալավ տներն ու մեքենաները պատկանում են հայերին: Հայաստանից եկած հայերը հիմնականում զբաղվում են բժշկությամբ, ուսուցչությամբ, իսկ մեծ մասամբ՝ արհեստագործությամբ եւ հատկապես՝ ոսկերչությամբ»:

Հետաքրքիր մի փաստ եւս. պարզվում է՝ Լոս Անջելեսում հայերը բաժանված են տարբեր խմբերի՝ ըստ լեզվի իմացության աստիճանի եւ ըստ նախկին բնակավայրի. «Հայաստանից գաղթած հայերը հիմնականում կենտրոնացած են Հոլիվուդում, եւ նրանց 95%-ը անգլերենին չի տիրապետում: Նրանք հաստատվում են Հոլիվուդում, որովհետեւ լեզուն չգիտեն, եւ մեկմեկու աջակցության կարիքն ունեն: Իրանից գաղթած հայերը շատ լավ տիրապետում են լեզվին, եւ կենտրոնացած են Գլենդելում: Նրանց մի մասը կառավարությունում կարեւոր պաշտոններ է զբաղեցնում: Իսկ արաբական երկրներից գաղթած հայերը կենտրոնացած են Փասադինայում»,- պատմում է պրն Ավետյանը: Մեր զրուցակցի խոսքերով, չնայած այս բաժանումներին, հայ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում համայնքի զարգացման եւ հատկապես հայապահպանության հարցում: Նրա խոսքերով, հայկական դպրոցներն իրենց առաքելությունն իրականացնում են շատ բարձր մակարդակով: «Լոս Անջելեսում գործում է 10-ից ավելի հայկական դպրոց, եւ բոլորն էլ ձգտում են սովորել հայկական դպրոցներում, քանզի ամոթալի է լինել հայ եւ չտիրապետել մայրենի լեզվին: Իմ երեխաներն էլ, թոռնիկներս էլ սովորել են հայկական դպրոցներում: Եվ շատ լավ տիրապետում են հայերենին: Տանն էլ մենք անգլերեն ոչ մի բառ չենք օգտագործում, բոլորս խոսում ենք հայերեն»:

Լոս Անջելեսում գործում է նույնքան եկեղեցի: Ղ. Ավետյանն ասում է, որ եկեղեցի մեծ մասամբ այցելում են տարեցները, իսկ երիտասարդները հիմնականում ներգրավված են հայկական ակումբներում, որոնք բավական ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր քաղաքներում: «Ակումբները հաճախակի կազմակերպում են սպորտային ծրագրեր, եւ ամեն տարի հայ համայնքի շրջանակներում անցկացվում են սպորտային առաջնություններ»,- նշում է զրուցակիցս:

Ղեւոնդ Ավետյանը մասնագիտությամբ ինժեներ է: Արդեն երեսուն տարի է՝ աշխատում է Լոս Անջելեսում: Իսկ մինչ այդ քսանհինգ տարի ապրել է Իրանում: «Հայրենիքս շատ եմ սիրում ու կարոտում, տարին երեք-չորս անգամ գալիս եմ Հայաստան: Ցավոք, այստեղ մնալ չեմ կարող, քանի որ հարազատներիս էլ եմ շատ կարոտում, բոլորն այնտեղ են: Մեկ օր է՝ ինչ այստեղ եմ, բայց արդեն կարոտել եմ փոքրիկ թոռնիկիս»,- կարոտով ասում է Ղեւոնդ պապիկը՝ ավելացնելով, որ վերջին տարիներին հայերի արտագաղթ է նկատվում ԱՄՆ-ից դեպի հայրենիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել