Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐՆ ՈՒ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Հունվար 22,2007 00:00

Ինչպես են գաղափարներն օգտագործում մարդկանց

Մեր մտորումների արդյունքում մենք հանգում ենք ինչ-ինչ գաղափարների եւ այսպես թե այնպես օգտագործում ենք դրանք: Բայց որքան էլ զարմանալի է, գաղափարներն իրենց հերթին օգտագործում են մեզ: Ավելի ճիշտ՝ որոշ մարդիկ օգտագործում են գաղափարները՝ վերջիններիս միջոցով մյուս մարդկանց իրենց ենթարկելու համար: Բավական է գաղափարները վերածվեն գաղափարախոսության եւ վերջ՝ արդեն ոչ թե գաղափարներն են մարդկանց պատկանում, այլ մարդիկ՝ գաղափարներին: Ցավոք, մենք դեռեւս գաղափարի մարդիկ ենք:

Ալբեր Քամյուն իր օրագրում նշում է, թե իր ծանոթներից մեկը բողոքում էր. «Իմ կյանքում ամենից շատ տուժել են ընդհանուր գաղափարները»:

Տարօրինակ է, չէ՞: Դե, ի՞նչ գործ ունի հասարակ մահկանացուն այսպես կոչված ընդհանուր գաղափարների հետ: Բայց դա այնքան էլ պարզ չէ՛: Մարդը մտահոգված է ոչ միայն նրանով, թե ինչպես կերակրել երեխաներին, այլեւ` ինչի համար, ինչպիսի կյանքի համար է այդ երեխաներին մեծացնում:

Պետություններն իրար դեմ թշնամություն են անում՝ հանուն գազի, նավթի, իրենց բնական (դե, իհարկե, բնական) շահերի: Իսկ հանուն ինչի՞ է կոտորվում ժողովուրդը: Չէ՞ որ դա ինքնին հասկանալի է. ժողովրդավարական սկզբունքների հաղթանակի համար, չարիքի համաշխարհային առանցքը (մի դեպքում դա մեկն է, այլ դեպքում՝ մյուսը) կործանելու համար: Ահա եւ ստացվում է, որ մենք ամենաշատը տուժում ենք հենց այդ «ընդհանուր գաղափարների» պատճառով:

Ահա իր պարզությամբ հանճարեղ քարոզչական օրինակներից մեկը՝ «նրանք փիսն են»: «Բայց ովքե՞ր՝ նրանք: Սպիտակնե՞րը»: «Ոչ՝ հակառակը: Այդ կարմիրներն են փիսը»…

Ճիշտ չէ, որ իշխանությանը պետք են միայն ռետինե մահակներ եւ փշալարեր: Նա ոչ պակաս կարիք ունի գաղափարների: Ընդ որում, «վերեւների»՝ դրության տերերի համար բացարձակապես միեւնույն է՝ որ գաղափարների վրա հիմնվել: Անցնում է ամեն ինչ՝ տարբերություն չկա, ասենք, կրոնական եւ աթեիստական պատկերացումների միջեւ: (Եվ, ի դեպ, պարզվում է, որ «հին աստվածները» նույնքան պահանջկոտ են, որքան անաստված ամբողջատիրության վիշապները):

Կարելի է ասել, նրանք իրար արժեն՝ մեր նախորդ, «լիկբեզի» մակարդակի աթեիզմը եւ այսօրվա, նույքան պարտադիր եւ նույնքան պրիմիտիվ հավատքը:

Անվիճելի է. «Աստվածը» զուտ ոգեղենի ոլորտին հասնելու հսկայական մի փորձ է: Բայց նաեւ միջոց է՝ մարդկանց հոգիներին տիրելու:

Չէ՞ որ հավաստի փաստ է. մարդու հոգեւոր աշխարհը պատմականորեն փոփոխվել է: Մենք, չգիտես ինչու, մոռանում ենք, որ մարդ էինք նաեւ քրիստոնեությունն ընդունելուց առաջ: Մի՞թե Տիգրան Մեծը Հայաստանի փառքը չէ:

Տարբեր էթնոսների հոգեբանությունը, բնականաբար, տարբեր է: Եվ մի մտածելակերպը մյուսից ոչ լավն է, ոչ էլ՝ վատը: Ուղղակի դրանք տարբեր են: Սակայն ներքին աշխարհի առանձնահատկություններից բացի, գոյություն ունեն տարբերություններ, մշակույթի զարգացման տարբեր աստիճաններ: Թեեւ ճիշտ են ասում` ճաշակին ընկեր չկա, այնուամենայնիվ, պետք է տարբերել զարգացած եւ թերզարգացած ճաշակներ:

«Ներեցեք, ինչո՞ւ են ձեր ընտրություններն ամեն անգամ այդքան տարօրինակ անցնում»,- երբեմն հարցնում են արտասահմանից: «Որովհետեւ,- պատասխանում են,- այդպիսին է մեր ժողովրդի մենտալիտետը»:

Իշխանությունների դիրքորոշման ստորությունը հենց այն է, որ նրանք հագուրդ են տալիս թերզարգացած քաղաքական ճաշակի, փայփայում եւ պահպանում են այն՝ տեսնելով դրա մեջ սեփական արդարացումը:

Կեղծ սոցիալիզմի կողմից շահարկվող սոցիալական արդարության գաղափարը փոխարինվեց ազգային անկախության գաղափարով: (Հարցնենք մեզ՝ արդյոք գաղափարները մեղք ունե՞ն, որ դրանք այդպես են օգտագործվում):

Ինչպես վերջերս հաստատվել է, միանգամայն սխալ մարքսիստական տեսությունը մենք մեծ խանդավառությամբ փոխարինեցինք առօրեական, կենցաղային գիտակցության պատկերացումներով:

Ոչ գիտական, ինչպես հիմա է պարզվել, սոցիալ-տնտեսական տեսությունները մենք թեթեւամտորեն համաձայնեցինք փոխարինել ազգային ինքնագոհությամբ: «Ազգայինը» այլեւս իրողության արձանագրում չէ: Դա «լոպազություն» է: Այսօր ամեն ինչ ազգային է՝ ակադեմիան, ֆիլհարմոնիան, օպերան, պատկերասրահը… Իսկ գազանանոցը ինչո՞վ է պակաս:

Այժմ մեզանում իշխող գաղափարախոսության էությունը հանգում է հետեւյալ կարգախոսին. ազգային շահերն ամենից վեր են: Եթե մենք ունենք ազգային գաղափարախոսություն, ապա այն ներառում է հիմնահարցեր, որոնք նույնությամբ չեն ընկալվում եւ ստանում են տարբեր լուծումներ: Առավել հստակ է դա երեւում արտաքին քաղաքականության ոլորտում: Ռուսաստա՞ն: Եվրոպա՞: Ամերիկա՞: Իսկ գուցե՝ Իրա՞ն:

Իրականում գոյություն չունի միասնական ազգային գաղափարախոսություն, ինչպես չկա նաեւ միասնական հասարակական կարծիք (չհաշված, իհարկե, այսպես կոչված՝ հանրային հեռուստատեսության «հանրային կարծիքը»):

Ազգային մշակույթների բազմազանությունը, ընդհանրության մեջ, արժեք է, որը պատկանում է ողջ մարդկությանը: Իր հերթին էթնոսի գիտակցությունը դառնում է հումանիստական, երբ նա սովորում է իրեն դիտարկել համաշխարհային մշակույթի համատեքստում:

Ստենդալը ֆրանսիական գրող է համարվում: Իսկ Ֆրանց Կաֆկա՞ն: Ծնվել է հրեական ընտանիքում: Ապրել է Պրահայում: Գրել է գերմաներեն: Թարգմանվել է բոլոր լեզուներով:

Հասկանալի է, մենք չենք կարող որեւէ գաղափար չդավանել: (Հակառակ դեպքում մենք պարզապես մարդ չէինք լինի): Բայց ձերբազատվելով մեր կուռքերից եւ դադարելով լինել դրանց հավերժ, անհույս գերիները, մենք կարող ենք տեր դառնալ ինքներս մեզ, մեր սարերին ու մեր գաղափարներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել