Նախորդ տարվանից սկսած, տավարի միսը բավականին թանկացել է
Եթե մեկ տարի առաջ մսի վաճառքի կետերից տավարի միսը կարելի էր գնել մեկ կիլոգրամը 1200-1300 դրամով, ապա այժմ 1800 դրամից պակաս տավարի միս չես գնի: Փոխարենը՝ մոտ 300-400 դրամով էժանացել է խոզի միսը: Այն այս տարի կարելի է ձեռք բերել 1300 դրամով: Տավարի մսի թանկացման պատճառն անցյալ տարի Հայաստանի մարզերում տեղի ունեցած կարկտահարությունն ու երաշտն էին, ինչի հետեւանքով հսկայական վնաս հասցվեց արոտավայրերին: Անցյալ տարի անասնակերի բացակայությունը հանգեցրեց նրան, որ գյուղացիները ստիպված եղան իրենց անասունները մորթել: Հանրապետության գրեթե բոլոր մարզերում էլ համատարած անասնամորթ սկսվեց, քանի որ, գյուղացիների ներկայացմամբ, երաշտի ու տեղումների պատճառով անասնակերի գինը հավասարվել էր մսի գնին՝ գյուղերում խոտի մեկ տուկի արժեքը 800-1000 դրամ էր, ուստի անասնապահները հաշվարկել էին ու պարզել, որ ավելի ձեռնտու էր անասուններին մորթել, քան թանկ գներով կեր ձեռք բերել: Ի դեպ, բնական աղետների հետեւանքով ամենաշատը տուժել էր Արագածոտնի մարզը, քանի որ անասնապահությունն այս մարզի բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է: Բացի այդ, մայրաքաղաքին տավարի մսով սպասարկում էր այս մարզը:
Երեկ մեզ հետ զրույցում մայրաքաղաքի մի քանի շուկաների մսավաճառներ տավարի մսի թանկացման մեկ այլ պատճառ էլ նշեցին: Ըստ նրանց, քանի որ խոզի կերը ավելի էժան է, մարդիկ հիմնականում սկսել են զբաղվել խոզաբուծությամբ. «Կեր չլինելու դեպքում խոզը ինչով ասես սնվում է, դրա համար էլ մարդիկ ավելի նպատակահարմար են գտնում խոզ պահել»:
Մսավաճառներից մեկն էլ դժգոհեց, որ տավարի մսի թանկ լինելու պատճառով մարդիկ սկսել են նախապատվությունը խոզի եւ հավի մսին տալ. «Ժողովուրդը հնարավորություն չունի առաջվա պես կիլոներով գնելու, սկսել է տավարի միսը գրամներով առնել»: