Քաղծառայության խորհրդի նախագահի կարծիքով՝ դրա պատճառը պետական համակարգում ցածր աշխատավարձն է:
Վերջերս «Քաղծառայության մասին» 5-ամյա օրենքը 8-րդ անգամ փոփոխությունների ենթարկվեց: Արդյունքում, ինչպես օրերս քաղծառայության 5-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, օրենքում լրացումներ կատարելը հնարավորինս նվազեցրեց «մարդու գործոնը»: Այդուհանդերձ, այսօր էլ շատերը կարծիք են հայտնում, որ քաղծառայության խորհուրդը ձեւական բնույթ է կրում, եւ, ի վերջո, խորհուրդը կարողանում է անցկացնել իր ուզած մարդուն, ընդ որում՝ առանց օրենքը խախտելու: Բացի այդ, քաղծառայության մրցույթում հաղթելու դեպքում էլ պաշտոնում նշանակվելու համար, միեւնույն է՝ ընտրությունը տվյալ մարմնի ղեկավարինն է: «Առավոտի» այն հարցին, թե պարոն Բադալյանը կիսո՞ւմ է այն կարծիքը, որ քաղծառայության ինստիտուտի ներդրումից հետո պետական համակարգը քանդվեց, քանի որ լավ մասնագետների արտահոսք եղավ, Մ. Բադալյանը պատասխանեց. «Համակարգը ներդնելուց հետո պետական կառավարման համակարգը չէր կարող քանդվել, որովհետեւ այն միտված է վերջինիս առողջացմանը: Այն ոչ միայն քաղաքացիական ծառայության համակարգում բոլոր քաղաքացիների համար հավասար մատչելիություն է ապահովում՝ թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար, այլեւ մեծապես նպաստում է համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերի ու ծառայողների կայուն, երաշխավորված գործունեությանը: Կարելի է համեմատել, թե ինչ էր տեղի ունենում նախարարության ղեկավարների կամ մարմինների աշխատակազմերի ղեկավարների փոփոխության ժամանակ մինչեւ այս համակարգի ներդրումը եւ դրանից հետո: Սրանք համակարգի արդյունավետությունը փաստող գործոններից ընդամենը մի քանիսն են»: Ինչ վերաբերում է որակյալ մասնագետների արտահոսքին, Մ. Բադալյանի համոզմամբ, նրանք պետական համակարգից հեռանում են ոչ թե քաղծառայության համակարգի անարդարությունների, այլ աշխատավարձի ցածր լինելու պատճառով. «Լավ մասնագետները գնում են մասնավոր, միջազգային կազմակերպություններում բարձր աշխատավարձով աշխատելու: Մեր համակարգում ամեն տարի փոքրիկ քայլեր են արվում աշխատավարձի բարձրացման առումով, քիչ-քիչ ենք առաջ գնում, բայց գնում ենք: 2007-ի պետբյուջեով նախատեսվել է ամենակրտսեր քաղծառայողի աշխատավարձը սահմանել 35 հազար 500 դրամ, այնինչ, անցած տարի այն ընդամենը 30 հազար էր կազմում: Հուսով ենք, որ իսկապես լավ մասնագետները կհամալրեն մեր քաղծառայության շարքերը»:
Մեր այն հարցին, թե քաղծառայության քննություններին մասնակցած որոշ քաղաքացիներ էլ դժգոհում են, որ քաղծառայության խորհրդում մասնագիտական գիտելիքների ստուգման մեթոդները բավականաչափ մշակված չեն, եւ որ քննություն հանձնողները հնարավորություն ունեն հարցերի պատասխանները «զուբրիտ» անել եւ տակից դուրս գալ, խորհրդի նախագահն այսպես պատասխանեց. «Բավականին ժամանակ եւ գիտական միտք է պետք, որպեսզի հարցաշարերը կատարելագործվեն: Իհարկե, սա այն բնագավառն է, որտեղ թերությունները շատ քիչ պետք է լինեն, բայց ես անգամ 10 տարի հետո կերազեի, որ մենք անթերի հարցերի եւ հարցաշարերի մշակված ձեւ ունենայինք: Չնայած՝ արդեն մշակվել եւ կատարելագործվել են մրցույթների եւ ատեստավորումների ընթացակարգերը»:
«Առավոտի» այն դիտարկմանը, թե 8 անգամ փոփոխվելուց հետո էլ քաղծառայողի օրենքում դեռ մի շարք բացեր կան, դժվար է «ազատվել» վատ մասնագետից, ինչ է թե՝ նա քաղծառայող է, սրան ի պատասխան պարոն Բադալյանը այդպես էլ չհստակեցրեց. «Օրենքի ամբողջ իմաստն էլ հենց այն է, որ համակարգում կատարված կամ ղեկավարի փոփոխությունը չհանգեցնի աշխատակազմի փոփոխությանը: Եթե մենք սրան հասնենք, մեծ հաջողություն կլինի»: Երբ քաղծառայության խորհուրդը նոր էր սկսել գործել, խորհրդի նախագահ Մ. Բադալյանը քաղծառայողի քննություններից «կտրված» պաշտոնյաների անուններ էր տալիս: Երկու տարի առաջ քննությունը չէր հաղթահարել ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչը: Այս անգամ պարոն Բադալյանը խուսափեց անուններ հրապարակել, երբ հետաքրքրվեցինք, թե էլ որ քիչ թե շատ հայտնի պաշտոնյաները չեն կարողացել քննություն հանձնել: Պարոն Բադալյանը համաձայն չէր այն կարծիքին, որ մարզերում քաղծառայության արգելքները հաղթահարելն ավելի հեշտ է եւ նախքան քննություն հանձնելը պոտենցիալ հաղթողների անուններն արդեն հայտնի են. «Մեր հանրապետության մարզերում էլ է քննությունը նույն մեխանիզմով անցկացվում: Կարող են մարդիկ խոսել, ասել, որ, ասենք, «այս մարդն է» այդ պաշտոնը զբաղեցնելու, բայց «այդ մարդ» ասվածը, միեւնույն է, պիտի հաղթահարի այդ մրցույթը»: