Փոխարժեքային «սյուրպրիզներն» արդեն սկսված են
Երեկ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը 357 դրամ էր: Նկատենք, որ 2007-ի բյուջեով դոլարը հաշվարկել են հենց այդքանով՝ 357 դրամով: Սովորաբար դոլարի կուրսն ավելի ցածր է լինում, քան բյուջեով հաշվարկվում է: Հաշվի առնելով, որ դեռ տարին նոր է սկսել եւ դոլարն արդեն 10 դրամով դեկտեմբերի համեմատ իջել է, թերեւս, այս տարվա օգոստոսին արդեն 1 դոլարը հավասարվի 320-330 դրամի:
Հայաստանում արդեն 3-4 տարի է՝ ապրիլ-մայիս ամիսներին դոլարի գինը կտրուկ իջնում է: Օրինակ՝ նախորդ տարի հունվարին փոխարժեքը 440-450 դրամ էր, իսկ մայիսին՝ 413-415 դրամ, այսինքն՝ ավելի քան 20 դրամով պակաս: Սա տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց, նույնիսկ փոխարժեքի մայիսյան տատանումները կապեցին վերջին զանգի հետ: Այս տարի էլ, բնականաբար, վերջին զանգ լինելու է եւ չի բացառվում, որ մայիսի վերջին դոլարի կուրսը լուրջ անակնկալներ մատուցի մեր ազգաբնակչությանը: Արդեն հասարակությունը խուճապի մեջ է, որովհետեւ մեր երկրում փոխարժեքի տատանումները ոչ մի տնտեսական գործոնով չեն բացատրվում, առավել եւս՝ այս տարի ընտրություններ են, եւ կուրսը ընտրակաշառքների ու քարոզարշավների ծախսերի հետ կապված՝ անկանխատեսելի փոփոխությունների կարող է ենթարկվել:
Կենտրոնական բանկի դիրքորոշումը, փոխարժեքի հետ կապված, ինչպես միշտ, «չեզոք» է. նա «ոչ մի կապ չունի կուրսի հետ եւ չի կարող միջամտություններ անել»: Դոլարի կուրսի տատանումները ԿԲ-ն բացատրում է տրանսֆերտների՝ մեր երկիր մտած դրամական հոսքերի աճով: Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի, 2005-ի համեմատ, տրանսֆերտներն աճել են ավելի քան 26 տոկոսով, ինչը, ԿԲ-ի բացատրելով՝ հանգեցրել էր դոլարի կուրսի իջեցմանը: ԿԲ-ն 2007-ի համար էլ տրանսֆերտների աճ է կանխատեսում, ու այս տարի ինչ էլ որ կատարվի դոլարի կուրսի հետ՝ ԿԲ-ն իր տրանսֆերտների աճի մասին պատմությամբ փորձելու է համոզել, որ «բնականոն երեւույթներ են»:
Դոլարի կուրսի անկումը շուկայում մի շարք ապրանքների գնաճի է հանգեցնում: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կանխատեսմամբ՝ այս տարի գնաճը կկազմի 4.1 տոկոս: Սակայն նկատենք, որ Տիգրան Սարգսյանը սխալ կանխատեսումներ անելու դառը փորձ ունի: Նա անցյալ տարվա փետրվարին կանխատեսել էր, որ գնաճը կկազմի մինչեւ 3 տոկոս, սակայն ընդամենը 7 ամիս անց ինքը՝ Տ. Սարգսյանն էլ հասկացավ, որ իր կանխատեսումը խիստ լավատեսական է եղել եւ իրական գնաճն ավելի մեծ կազմեց: Հաշվի առնելով, որ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականությունը չի փոխել եւ դոլարի կուրսը նորից իջնելու տեղ ունի, այս տարի գլխավոր բանկիրի կանխատեսած 4.1 տոկոս գնաճն էլ իրականությունից հեռու է: Տարբեր հաշվարկներով՝ այն կկազմի 6-7 տոկոս: