Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱ՞ՆՆ ԷԼ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ ԿՏԱՆ

Հունվար 22,2007 00:00

\"\"Արգենտինահայ մեծահարուստն այդ առնչությամբ կառավարությանը պաշտոնական առաջարկ չի արել, եթե անի՝ Քաղավիացիան կմտածի:

Կառավարությունը որոշել է այս տարի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այնպես հիմնանորոգել, որ այն դառնա առաջին կարգի օդանավակայան: Նշենք, որ օդանավակայաններն ունենում են 3 կարգ, որից ամենացածրն առաջին կարգն է: Ընդհանուր առմամբ, կառավարությունը մտադիր է տեղական եւ միջազգային տարբեր կառույցների ֆինանսավորմամբ՝ օդանավակայանում ներդնել մոտ 4 մլն դոլար: Մեր իշխանությունները «Շիրակին» սկսել են ուշադրություն դարձնել դեռ անցյալ տարվանից, երբ կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքները նախագծելու համար տրամադրել էր մոտ 184 հազար դրամ: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության նման ուշադրությունը՝ Քաղավիացիայի պաշտոնական մեկնաբանմամբ, մինչ օրս «Շիրակը» որեւէ կարգ չուներ ու պարզապես անհրաժեշտ էր, որպես «Զվարթնոցին» այլընտրանք, «Շիրակն» էլ զարգացնել: Սակայն մեր տեղեկություններով՝ կառավարությունը պարզապես տեսքի է բերում «Շիրակը»՝ հետագայում լավ «մուշտարի» գտնելու եւ այն մասնավորին կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակով: Դեռեւս 6-7 տարի առաջ «Շիրակով» հետաքրքրված է եղել արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանը, որին է հանձնված «Զվարթնոցի» կառավարումը: Ներկայումս էլ, մեր տեղեկություններով, նրա հետաքրքրությունը չի նվազել: Երեկ, երբ այս առնչությամբ հետաքրքրվեցինք Քաղավիացիայից, թե նման մտադրություն ունե՞ն, վարչության մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը պատասխանեց. «Շիրակը» եղել եւ մնում է պետական օդանավակայան եւ Էռնեկյանից էլ նման առաջարկ չի եղել»: Սակայն Գ. Դավթյանը չբացառեց, որ եթե լավ «մուշտարի» հայտնվի՝ հնարավոր է, որ «Շիրակի» «հոգսն» էլ պետության վրայից հանեն. «Ավիացիան շատ արագ զարգացող ոլորտ է, եւ ամեն ինչ պետք է արվի՝ ուղեւորներին լավագույնս սպասարկելու համար: «Շիրակն» ավելի հզոր դարձնելու համար հնարավոր է Քաղավիացիան քննարկի այդ հարցը»: Քաղավիացիայի պետի տեղակալ Արտաշես Բախշյանն էլ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ առայժմ պաշտոնապես նման հայտարարություն չի եղել եւ Էռնեկյանից «Շիրակն» էլ կառավարելու պաշտոնական առաջարկ չեն ստացել:

Էռնեկյանի մտադրությունների մասին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը պարզաբանեց, որ «այս պահին նման տեղեկություններ չունեն, եթե լինեն՝ մամուլն այդ մասին անպայման տեղյակ կլինի»:

Ներկայումս Հայաստանում երկու քաղաքացիական գործող օդանավակայան կա՝ «Զվարթնոցն» ու «Շիրակը»: «Ստեփանավանի» օդանավակայանը գործողից վերածվում է չգործողի: Քաղավիացիան գտնում է, որ «Ստեփանավանում» ներդրումներ կատարելն անիմաստ է ու աննպատակահարմար, քանի որ առանց այդ էլ Հայաստանի համար երկու օդանավակայանը բավական է: Պետությունը մտադիր չէ ավելորդ միջոցներ ծախսել եւ ոտքի կանգնեցնել երրորդ օդանավակայանը, իսկ մինչ օրս որեւէ հարմար ներդրող էլ չի գտնվել, որ ցանկություն հայտնի այդ բեռն իր վրա վերցնել:

Ինչ վերաբերում է «Շիրակի» հետ կապված կառավարության պլաններին, հիմնանորոգման են ենթարկվելու թռիչքուղին, լուսաազդանշանային համակարգը, այն սպասարկման առումով չի զիջելու «Զվարթնոցին», որը երկրորդ կարգի օդանավակայան է: «Շիրակի» վատն այն է, որ ունի փոքր թռիչքադաշտ եւ անգամ հիմնանորոգումից հետո միջազգային չվերթեր չի սպասարկելու՝ ի տարբերություն «Զվարթնոցի»: Ներկայումս «Շիրակը» բոլոր տիպի, նույնիսկ Ա-320 մոդելի ինքնաթիռ կարող է ընդունել, բացառությամբ ԻԼ-86-ից, եւ այս օդանավակայանում կանոնավոր չվերթեր են իրականացվում դեպի Մոսկվա, Դոնի-Ռոստով եւ Սոչի:

Մինչ օրս «Շիրակը» չուներ «VIP» ուղեւորների եւ պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահներ, հիմնանորոգումից հետո նախատեսված է նաեւ նման սրահներ կառուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել