Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից ուղարկված փաստաթղթերն անհետանում են անհասկանալի հանգամանքներում:
Այս մասին «Առավոտին» հայտնեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է հանրահավաքների ընթացքում վարչական կալանքի ենթարկված մի շարք ընդդիմադիր կուսակցությունների անդամների շահերը եվրոպական դատարանում: «2007-ի ընթացքում դատարանը լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել Շենգավիթի ՀԺԿ անդամ Մաքսիմ Գասպարյանի, Աշտարակից՝ Սարգիս Ամիրյանի, Չարենցավանի «Հանրապետության»՝ Սաշա Սայադյանի եւ ԱԺԴ-ից՝ Ստեփան Ստեփանյանի գործերով, որոնք բոլորը 2003-2004-ի ընթացքում մի քանի անգամ ենթարկվել են վարչական կալանքի,- պատմեց Տիգրան Տեր-Եսայանը:- Դատարանը պահանջել է ներպետական ատյաններում հետաքննության մարմնի արձանագրությունները եւ այլ փաստաթղթեր: Մեզ անհանգստացնում է, որ պահանջվում են նաեւ այնպիսի փաստաթղթեր, որոնք մենք վաղուց ենք ուղարկել դատարան: Հիմա ուզում ենք պարզել՝ կա՛մ դրանք կորչում են, անհետանում դատարանի ինչ-որ բաժնում, կա՛մ անհետացվում են»:
Սակայն նա կարծում է, որ այս տարի կլինեն այդ գործերով վճիռներ. «Իսկ ընդհանուր փաթեթում՝ 32 վարչական կալանքի ենթարկվածների գործեր են»:
500 դրամ վարչական տույժի ենթարկված Արմեն Մկրտչյանի գործով Եվրոպական դատարանն արդեն իսկ վճիռ կայացրեց՝ մերժելով 5000 եվրոյի բարոյական փոխհատուցման պահանջը: Ըստ դատարանի՝ իր որոշումը, թե խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը՝ ինքնին բարոյական վնասի բավարար փոխհատուցում է դիմողի համար, որին չի պատճառվել նյութական վնաս: Տիգրան Տեր-Եսայանը վստահ է, որ նույն նախադեպը չի կրկնվի այս 4 գործերում. «Վարչական կալանքների հետ կապված Եվրոդատարանն, այո՛, բարոյական վնասի փոխհատուցում չի տալիս: Բայց մենք նաեւ նյութական վնասի փոխհատուցման հարց ենք ներկայացրել եւ ունենք դրա հիմնավորումները: Այս վարչական կալանքի ենթարկվածները երկար ժամանակ հետապնդվել են, փախուստի մեջ եղել»: