Երեկ Ստամբուլում սպանվել է ազգությամբ հայ հայտնի լրագրող, հրապարակախոս, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Դինքի վրա մի քանի անգամ կրակել են այն ժամանակ, երբ նա գտնվելիս է եղել իր գրասենյակի մոտ: Ըստ Երեւանի մամուլի ակումբի ներկայացրած «ՄեդիաԴիալոգ» տեղեկագրի, ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է մի պատանու, որի հագին եղել է սպիտակ գլխարկ եւ ջինսե վերնազգեստ: Սպանողի անձը եւ սպանության դրդապատճառները, սակայն, անհայտ են: Թուրքական NTV ՀԸ-ի հաղորդմամբ, դիակից ոչ հեռու հայտնաբերվել է չորս դատարկ պարկուճ: Նշվում է նաեւ, թե Դինքը սպանվել է գլխին արձակված երկու կրակոցից: Ու թեեւ այս ոճրագործությանն առնչվող այլ հանգամանքներ դեռեւս հայտնի չեն, թուրքական «Ենի շաֆաք» թերթի մեկնաբանն արդեն իսկ փորձել է քաղաքական գնահատական տալ կատարվածին, համոզմունք հայտնելով, թե Դինքի սպանությունը նպատակաուղղված է Թուրքիայի ներքին ապակայունացմանը:
Ակնհայտ է, որ այս սպանությունը մեծ ռեզոնանս կառաջացնի միջազգային հանրությունում, ի հետեւանք՝ լրջագույն խնդիրներ հարուցելով լիարժեք եվրաինտեգրման հավակնություններ ունեցող Թուրքիայի համար: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հրանտ Դինքը գտնվում էր մի կողմից՝ Թուրքիայի արդարադատության մարմինների, մյուս կողմից՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների սեւեռուն ուշադրության ներքո: 2005թ. Դինքը վեցամսյա պայմանական ազատազրկման էր դատապարտվել թուրքական դատարանի կողմից՝ «թրքությանը վիրավորելու» հոդվածով: Որպես նման «վիրավորանք» էին գնահատվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող՝ Դինքի շարունակական պնդումները: Թուրքական դատարանի վճիռը բողոքի մեծ ալիք էր առաջացրել ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներում, որոնց կառավարությունները Անկարայից հետեւողականորեն պահանջում էին քրեական օրենսգրքից հանել վերոհիշյալ հոդվածը: Վերջին ամիսներին «Ակոսի» գլխավոր խմբագիրը ձեռնամուխ էր եղել դատավճիռը բողոքարկելու գործին:
Եթե փորձենք օգտվել «ո՞ւմ էր սա ձեռնտու» հայտնի հարցադրումից, միանշանակ կարելի է պնդել մի հանգամանք. Թուրքիայի իշխանություններին Դինքի սպանությունը հաստատ ձեռնտու չէր. ճիշտ հակառակը: Էրդողանի կառավարությունը վերջին տարիներին մեծ ճիգեր էր գործադրում Եվրոպային համոզելու համար, որ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումը միանգամայն անկեղծ է: Այլ հարց, թե որքանով էր այդ բանը նրան հաջողվում: Առավել ճշմարտանման են թվում այս հանցագործության մեջ Թուրքիայի ծայրահեղական շրջանակների շահագրգռությունը տեսնելու մասին պնդումները:
Երեկ թուրքական գրեթե բոլոր հեռուստաընկերություններն ընդհատել էին իրենց հաղորդումներն ու լուրեր էին սփռում Դինքի սպանության մասին: