Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԺԿ-Ն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺ Է»

Հունվար 22,2007 00:00

\"\"Ասում է Ստեփան Դեմիրճյանը

– ՀԺԿ-ն ինչպե՞ս է գնալու խորհրդարանական ընտրությունների՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով:

– Այդ հարցին ես բազմիցս անդրադարձել եմ, ստիպված եմ կրկնել՝ ՀԺԿ-ն պատրաստ է առանձին մասնակցել ընտրություններին: Մենք չենք բացառում նաեւ դաշինքով մասնակցությունը:

– Ինչպիսի՞ իրավիճակ կարող է ստեղծվել, որ ՀԺԿ-ն որոշի ընտրությունների գնալ դաշինքով: Ո՞ր դեպքում դուք նման որոշում կկայացնեք:

– Այն դեպքում, եթե դաշինքով գնալը կհամարենք նպատակահարմար: Դաշինք ստեղծելը ինքնանպատակ չէ, եթե ինչ-որ պահի տեսնենք, որ դաշինքի ստեղծումը, ձեւավորումը ավելի արդյունավետ կարող է լինել, բնականաբար, կգնանք այդ ճանապարհով: Ամեն դեպքում, մենք կարեւորում ենք ընդդիմադիր ուժերի համագործակցությունը՝ հանուն ժողովրդավարական ընտրությունների: Մենք ողջունում ենք նաեւ ճանաչված ընդդիմադիր գործիչների առաջադրումը մեծամասնական ընտրակարգով եւ կարեւորում ենք փոխադարձ աջակցությունը այդ հարցում:

– Իսկ դուք անձամբ առաջադրվելո՞ւ եք:

– Արդյունավետ կլինի բոլոր հայտնի դեմքերի առաջադրումը: Որոշում կկայացվի համապատասխան կոնսուլտացիաներից հետո:

– Վերադառնանք դաշինքներին. մեկ անգ ամ ՀԺԿ-ն արդեն գնացել է դաշինք կազմելու ճանապարհով, եւ արդյունքում, փաստորեն, ձեր շատ կուսակիցներ նեղացան, որ դրա արդյունքում իրենք չհայտնվեցին կուսակցության համամասնական ցուցակում եւ հնարավորություն չունեցան մտնել խորհրդարան: Հիմա եթե հանկարծ որոշեք դարձյալ դաշինք կազմել, մտավախություն չունե՞ք, որ ձեր որոշ կուսակիցների դարձյալ կկորցնեք:

– «Արդարություն» դաշինքի ստեղծմանը ՀԺԿ վարչությունը համաձայնություն է տվել, այնպես որ, չի կարելի անվերջ այս մասին խոսել, եւ հետո, մենք մեր անդամներին չենք կորցրել: ՀԺԿ-ն միշտ էլ գնացել է համախմբման ճանապարհով, եղել է համախմբող ուժ, եւ եթե դաշինքում ոմանք խախտել են դաշինքի սկզբունքները, դա չի նշանակում համախմբման ճանապարհը ճիշտ չէր: Այսօր, սակայն, կրկնում եմ, դեռ այդ կարգի որոշում չկա: Դաշինքով, թե առանձին՝ կուսակցությունը կքննարկի եւ որոշում կկայացնի:

– Դուք վստա՞հ եք, որ կկարողանաք հաղթահարել 5 տոկոսի սահմանը եւ մտնել խորհրդարան:

– Բնականաբար՝ վստահ ենք, դա են ցույց տալիս նաեւ Գելափի հարցումները, բայց մեր խնդիրը սոսկ կուսակցության ներկայությունը խորհրդարանում ապահովելը չէ, մենք նպատակ ունենք փոխել իրականացվող քաղաքականությունը:

– Այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանական ուժերը, նկատի ունեմ՝ ՀՀԿ-ն եւ «ԲՀ»-ն, լուրջ լծակներ են գործի դրել՝ եւ նյութական, եւ վարչական, ու ամեն ինչի պատրաստ են մեծամասնություն դառնալու համար, դուք այս ամբողջ կապիտալի դեմ ի՞նչ եք դնելու:

– Առհասարակ, այս իշխանությունների կողմից ամեն ինչ արվեց եւ արվում է քաղաքական պայքարում ոչ քաղաքական մեթոդները վճռորոշ դարձնելու համար: Այդ հարցը բազմիցս է հնչում՝ նրանք բաժանում են, դուք ի՞նչ եք անելու:

Անելու ենք այն, ինչ պետք է անի կուսակցությունը, ինչ-որ առհասարակ կուսակցությունները կոչված են անելու, ի տարբերություն ձեր մատնանշած օրինակների: Ինչ վերաբերում է իշխանական լծակներին, ընտրակաշառքին, ապա այդ ամենին մենք հակադրելու ենք մեր ծրագրերն ու սկզբունքները, մեր կազմակերպվածությունը եւ մեր կամքը: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա այդ ամենը կուսակցական, քաղաքական գործունեության հետ որեւէ ընդհանրություն չունեն: Խոսելով գաղափարական հենքի վրա քաղաքական կուսակցությունների կայացման անհրաժեշտության մասին, իրականում այս վարչախումբը խրախուսում է քաղաքական դաշտի քրեականացումը:

– Չե՞ք գտնում, որ անցած տարիների ընթացքում ընդդիմադիր ուժերը կորցրել են ընտրողների վստահությունը, եւ մարդիկ այլեւս չեն հավատում ընդդիմադիր ուժերին եւ գործիչներին:

– Իրականում ոչ թե ընդդիմության նկատմամբ հավատն է կորել, այլ մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է քաղաքակիրթ ճանապարհով փոխել իրավիճակը։ Այս տարիների ընթացքում, իհարկե, խտրականություն չի դրվել ընդդիմության դեմ պայքարի միջոցների մեջ: Ժողովրդին թշվառության հասցրած եւ հարստանալու մոլուցքով տառապող վարչախմբին լիակատար երջանկության համար պետք է քաղաքական դաշտից դուրս մղել իրական ընդդիմությանը՝ փոխարինելով այն վերահսկելի խամաճիկներով: Եվ այս գործին լծվել է ամբողջ քարոզչական մեքենան: Տարիներ շարունակ ներշնչվում է այն միտքը, որ ընդդիմությունը թույլ է, այլընտրանք չէ, ընդդիմությունը չի կարողանում ձայները պահել եւ այլն: Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Այն, որ իշխանությունը ընտրությունների արդյունքները կեղծում է, դա նորմալ է, իշխանությունը պետք է կեղծի, իսկ ընդդիմությունը թույլ է, չի կարողանում այդ կեղծիքների դեմն առնել: Այս տրամաբանությունն է գործում: Մեզանում ամեն ինչ այլասերված եւ աղավաղված է: Իրականում ընդդիմությունը կա եւ պատրաստ է պայքարի, կոնկրետ ՀԺԿ-ն պայքարել է տարիներ շարունակ՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր միայն խրատներ են տվել:

– Ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, երբ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ ճյուղավորումներ են ստեղծվել, մի տեսակ՝ կարապի, խեցգետնի եւ գայլաձկան պատմությունն է կարծես, եւ ո՞ւմ համար պարզ չէ, որ հարմար պահի յուրաքանչյուրը իր կողմն է քաշելու:

– ՀԺԿ-ն գործով է ապացուցել, որ համախմբող ուժ է. թե «Միասնություն», թե «Արդարություն» դաշինքների ստեղծումը դրա վկայությունն է: Ինչ վերաբերում է ընդդիմության միավորվելուն, ապա դա չպետք է դառնա ինքնանպատակ կարգախոս, եւ միավորում ասելով չպետք է պատկերացնել ամբողջ ընդդիմադիր, բազմաշերտ կազմի միավորումը մեկ դաշինքի մեջ, դա ես դժվար եմ պատկերացնում: Ինչպես արդեն ասացի՝ համագործակցություն հանուն ազատ, արդար ընտրությունների, պետք է իրականացնենք, եւ ՀԺԿ-ն դրան պատրաստ է:

– Բոլոր կուսակցություններում ընթանում են համամասնական ցուցակների կազմման աշխատանքները, ՀԺԿ-ն արդեն քննարկե՞լ է հարցը:

– Որեւէ քննարկում այդ թեմայով չի եղել, ժամանակ դեռ կա, եւ օրենքով սահմանված ժամկետում մենք մեր ցուցակը կներկայացնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել