Ներկայացնում ենք երեկ «Ռեգնում»-ի մամուլի կենտրոնին հյուրընկալված պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պատասխանները քաղաքական հարցադրումներին:
«Առավոտ». «Գելափի» հետազոտության «մեր ժամանակների հերոսի» վերաբերյալ հարցին ի պատասխան՝ մեծամասնությունը տվել էր զորավարների անուններ՝ ինչպես Անդրանիկի, Դրոյի եւ Նժդեհի, այնպես էլ Վազգեն Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի: Այդ ցանկում բացակայում է Ձեր անունը: Չե՞ք կարծում, որ սրա պատճառն այն է, որ Դուք այնքան եք ներգրավված այլ ոլորտներում, որ չեք ասոցացվում բանակի հետ:
– Որեւէ տարօրինակ բան չկա, որ «Գելափի» անցկացրած հարցումներում մեր ժողովուրդն ինձ չի համարում այսօրվա հերոս կամ զորավար, որովհետեւ ես երբեք ինքս ինձ ոչ հերոս եմ համարել եւ ոչ էլ մեծ զորավար: Բացի դրանից՝ եթե անձամբ Ձեր սրտով է մեր հասարակության կարծիքը հերոսների մասին, եւ եթե Դուք համաձայն եք այդ գնահատականներին, թե ընդհանրապես ովքեր են մեր ազգի առջեւ մեծ ծառայություններ մատուցել (հիշեցնենք, որ այդ հարցման համաձայն՝ որպես «մեր ժամանակների հերոս» 8% ձայն էր հավաքել Գագիկ Ծառուկյանը: 3%-ը նշել էր Արտաշես Գեղամյանին, իսկ 2 %-ը՝ Տիգրան Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Արթուր Բաղդասարյանին.- Ա. Ի), ապա կարող եմ ասել, որ ամեն ինչ ճիշտ է, որեւէ պրոբլեմ չունի հասարակությունը, մեր մտածողությունը լավ է, սթափ է, ժամանակակից է, համապատասխանում է նաեւ մեր իդեալներին:
Ինչ վերաբերում է իմ ներգրավվածությանը քաղաքականության մեջ կամ որեւէ մեկի կողմից ինձ բանակի հետ ասոցացնելուն, ապա պիտի ասեմ, որ վերջին 20 տարվա իմ գործունեությունից ուղիղ 20 տարին այս կամ այն կերպ կապված է եղել բանակի հետ: Իսկ այդ 20 տարիներից բանակի հետ ուղիղ կապված չի եղել ընդամենը 5 տարի: 15 տարի ես ծառայում եմ Հայկական բանակում եւ ոչ՝ երկրորդական պաշտոնում: Եվ այսքանից հետո եթե ինձ չեն ասոցացնում բանակի հետ՝ ես որեւէ խնդիր չունեմ:
«Ազգ». Ամեն ընտրությունից հետո ընդդիմությունը կարծիք է հայտնում, որ բանակն ընտրություններին մասնակցում է ուղղորդված կամ կրկնակի է քվեարկում: Այս անգամ ի՞նչ կեցվածք է որդեգրվելու:
– 9 տարի ես պաշտպանության նախարար եմ եղել, եւ եթե որեւէ մի հրամանատար կասի, թե ես նրան ցուցում եմ տվել՝ ո՛ր կուսակցության համար կազմակերպել քվեարկություն, ապա ես ամենից անազնիվ մարդն եմ աշխարհում: Չի՛ եղել այդպիսի բան եւ չի՛ կարող լինել: Այլ խնդիր է, որ հրամանատարները տեսնում են նախարարի քաղաքական կողմնորոշվածությունը եւ անում համապատասխան ենթադրություններ: Ես մի անգամ ասել եմ, թե որեւէ վատ բան չեմ տեսնում, որ բանակի հրամանատարական կազմն ունի համահունչ հայացքներ: Կարծում եմ, շատ ավելի վատ կլիներ, եթե պաշտպանության նախարարը մի բան կարծեր, իսկ բանակի սպայական կազմը՝ մեկ այլ բան: Մեր հասարակությունը դրանից ուղղակի միայն ուրախ պետք է լինի, որ պաշտպանության նախարարը հեղինակություն է վայելում բանակում ու պաշտպանության նախարարի հայացքները կիսում են շատ սպաներ, հրամանատարներ:
Որեւէ դեպք չի եղել, որեւէ մեկը չի նկատել, որովհետեւ մեզ երբեք որեւէ կոնկրետ փաստ չեն ասել ո՛չ կրկնակի քվեարկությունների, ո՛չ բաց քվեարկությունների մասին: Իհարկե, մամուլը 1-2-3 դեպքերով գրել է, որ այսպիսի բան լսել է: Բայց լսելը քիչ է: Մեզ անհրաժեշտ են կոնկրետ փաստեր. մոտավորապես այսպիսին, որ ենթադրենք Մեհրաբի զորամասի այսինչ սպան այսինչ զորամասում այսպիսի բան է արել: Բայց միեւնույն ժամանակ՝ պատրաստ լինելով նաեւ փաստի ստուգումից եւ չհաստատվելուց հետո՝ գոնե հերքում տալ: Չի՛ եղել եւ չի՛ լինելու: Դա այնքան փոքր տոկոս է, այնքան քիչ ձայն է, որ չարժե դրա համար այդպիսի բանի գնալ՝ բանակը ներգրավել այդպիսի խնդիրների մեջ:
«Ազատություն» ռ/կ. Բացառո՞ւմ եք, որ շարքային զինվորներին չի պարտադրվելու քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
– Այո՛, բացառում եմ: Որեւէ մեկը որեւէ մեկին չի պարտադրելու: Ես չեմ բացառում, որ կարող է ներսում սպաները փորձեն քարոզարշավ ծավալել, փորձեն զինվորների համակրանքը թեքել դեպի այս կամ այն կուսակցությունը: Բայց այստեղ էլ խնդիր կա, գիտեք՝ եթե զինվորը կատարելու է, ենթադրենք, գումարտակի հրամանատարի խնդրանքը, կամ եթե զինվորը կիսելու է հրամանատարի հայացքը:
«168 ժամ». Հնարավո՞ր է, որ բանակին շահարկումներից զերծ պահելու համար նախընտրական վերջին շրջանում հրաժարական տաք կամ գնաք արձակուրդ:
– Չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Միայն մի բան կարող եմ ասել, որ նախընտրական որեւէ գործընթաց չի կարող բանակի վրա շատ մեծ ազդեցություն ունենալ:
Հ. Գ. Ասուլիսից հետո ՊՆ նախարարը լրագրողների խնդրանքով անդրադառնալով Արտաշես Գեղամյանի հայտարարությանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի եղբայրը պատվիրել էր Գագիկ Ծառուկյանի սպանությունը՝ ասաց. «Ես այդ անձնավորության մասին արտահայտվել եմ 1-1,5 տարի առաջ եւ ասել, որ նա դհոլի պես դատարկ մարդ է: Դատարկ մարդու ասածները ի՞նչ մեկնաբանեմ»: Նաեւ ասաց, թե վերոհիշյալ պնդման նպատակը «դատարկությունը լցնելն է»: