Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑՆ ԱՌԱՅԺՄ ՕԴԻ ՄԵՋ Է

Հունվար 19,2007 00:00

\"\"ՈՒԵՖԱ-ն առայժմ որոշում չի ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղերի անցկացման վայրի մասին:

ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել, թե հունվարի 25-26-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովի շրջանակներում, որում նաեւ անցկացվելու են նախագահի ընտրություններ, ֆուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ քննարկվելու են նաեւ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների հանդիպման պայմանները:

«Առավոտը» հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից հետաքրքրվեց, թե հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում է ունենալու այդ քննարկման ժամանակ: «Թե նման քննարկում, իրոք, կկայանա՞, առայժմ դժվարանում ենք միանշանակ հաստատել,- ասաց նա:- Կողմերի՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն մեկ անգամ կայացած հանդիպման ժամանակ եւ դրանից հետո ՀՖՖ-ն բազմիցս հայտարարել է, թե ֆուտբոլը սպորտ է, իսկ սպորտը քաղաքականացնել չի կարելի, թե Հայաստանը պատրաստ է ընդունել հարեւան երկրի ֆուտբոլային պատվիրակությանը ու ի դեմս երկրի նախագահի ու վարչապետի, երաշխավորում է նրանց անվտանգությունը: Մենք պատրաստ ենք նաեւ մեկնել Բաքու (առաջին հանդիպումը նշանակված է այնտեղ), բայց պայմանով, որ Ադրբեջանի իշխանություններն էլ համարժեք անվտանգության երաշխիքներ տան: Սակայն նրանց ֆեդերացիան հայտարարում է, թե չնայած ինքը նույնպես ցանկանում է ընդունել մեզ, բայց երկրի իշխանությունները անվտանգության երաշխիք չեն տալիս: Ու դրա համար էլ առաջարկում է այդ խաղն անցկացնել չեզոք դաշտում:

ՈՒԵՖԱ-ն ժամանակին մեզ խնդրել է ներկայացնել մեր վերջնական դիրքորոշումը: Պատասխանն ուղարկել ենք պաշտոնական նամակով, որում մեր տեսակետները մնացել են անփոփոխ: Եթե Դյուսելդորֆում կողմերի միջեւ քննարկում, այնուամենայնիվ, կազմակերպվի, մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը: Իսկ թե ՈՒԵՖԱ-ն ի՞նչ որոշում կկայացնի, իսկ նա այդ իրավասությունն ունի, դժվար է կանխատեսել»:

Հնարավոր են մի քանի տարբերակներ.

1. Ադրբեջանին պարտադրել հանդիպումն անցկացնել իր տարածքում ու ապահովել մեր պատվիրակության անվտանգությունը: Սա անիրագործելի որոշում կլինի, քանի որ ՈՒԵՖԱ-ն չի կարող եւ իրավունք չունի այս կամ այն պետությանը նման պարտադրանք ներկայացնել, որը նաեւ պետության ներքին գործերին միջամտել է նշանակում:

2. Բաքվի խաղը տեղափոխել չեզոք դաշտ, իսկ պատասխան հանդիպումն անցկացնել Հայաստանում: Սա, կարծում ենք, ամենահավանական եւ մեզ համար ամենաընդունելի տարբերակն է, որով նախ չեն ոտնահարվի հայաստանցի ֆուտբոլասերների իրավունքները ու, բացի դա, բոլորը կտեսնեն, որ Հայաստանը կայացած պետություն է ու ի վիճակի է նորմալ հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ:

3. Երկու հանդիպումներն էլ անցկացնել չեզոք դաշտում: Այս տարբերակը, համոզված ենք, մեր պատվիրակությունն անպայման կբողոքարկի: Թեեւ, զուտ մարզական տեսակետից, ամեն դեպքում ճիշտն այն է, որ երկու հանդիպումներն էլ կայանան:

Ստացվում է հետեւյալ պատկերը: Ֆուտբոլը գոյություն ունի ֆուտբոլասերների համար: Թե հայաստանցի, թե ադրբեջանցի ֆուտբոլասերներն անհամբերությամբ են սպասում երբեմնի անզիջում մրցակիցների (խորհրդային տարիներին «Արարատի» եւ «Նեֆթչիի» խաղերի ժամանակ տրիբունաներում ասեղ գցելու տեղ չէր լինում) նոր հանդիպմանը եւ ցանկանում են ստադիոններում ոգեւորել իրենց թիմերին: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները, խնդիրը քաղաքականացնելով, այդ իրավունքից զրկում են նախ եւ առաջ հինց իրենց ֆուտբոլասերներին: Եվ երկրորդ, եթե մենք էլ նրանց նման հարցը դիտենք քաղաքական տեսանկյունից, ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հրապարակավ ընդունում են, որ իրենք իրենց երկրում տեր չեն:

Հիշեցնենք, որ «Եվրո-2000»-ի ընտրական մրցաշարի «A» խմբում, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ընդգրկված են Ֆինլանդիան, Սերբիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Բելգիան եւ Ղազախստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել