Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տղամարդը կհեռանա

Հունվար 19,2007 00:00

\"\"Հայաստանյան միակ ստրիպ-պարողը գտնում է, որ այստեղ դեռ վաղ է խոսել տղամարդկանց ստրիպ-ակումբների մասին:

Արեւմուտքում դեռ անցյալ դարասկզբից ստրիպտիզը դիտվում է արվեստի ճյուղ: Անցյալ դարի 90-ականներից հայաստանյան գիշերային ակումբներում սկսեցին հայտնվել հայ ստրիպ-պարուհիներ, իսկ ավելի ուշ՝ ստրիպ-պարողներ: Այն փաստը, որ հայերի մեծամասնությունը ստրիպ-պարողին ասոցացնում է համասեռամոլի հետ, հանգեցրել է նրան, որ ժամանակին Հայաստանում հանդես եկած 5 հայ պարողները ներկայումս իրենց արվեստը ցուցադրում են Եվրոպայում: Ըստ մեր տեղեկությունների, միակ ստրիպ-պարողը՝ Արմանը, որը 2006-ին հանդես է եկել ռուսաստանյան ակումբներում, իր գործընկերների օրինակով, պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Հանդիպեցինք նրա հետ:

Արմանն ասաց, որը ինքն աշխատել է ոչ թե ՌԴ-ում, այլ Ուկրաինայում՝ Կիեւի «Պրոպագանդա» գիշերային ակումբում: «Այնտեղ այլ աշխատաոճ էր: Գիշերային ակումբներում ստրիպտիզը համեմված էր շոու-ծրագրի հետ, որը սկսվում է կեսգիշերից ու շարունակվում մինչեւ լուսաբաց: Ստրիպ-արվեստ ցուցադրելու համար դրսի բեմերն էլ են տարբերվում երեւանյանից: Դրանք նախ շատ բարձր են եւ գտնվում են սրահի ուղիղ կենտրոնում: Գտնում եմ, որ դա է ճիշտը, քանի որ ստրիպ- արվեստը պարի, երաժշտության յուրօրինակ սինթեզ է, իսկ իմ դեպքում՝ նաեւ սինթեզված ակրոբատիկ շարժումներով: Բեմը պետք է նմանվի կրկեսի արենայի՝ շրջապատված հանդիսատեսով»,- ասաց Արմանը: Նա տեղեկացրեց, որ աշխարհի գիշերային ակումբներում ստրիպ-արվեստ ներկայացնողների դեպքում գործող օրենքները (օրինակ՝ table dance, երբ այցելուն պարողին հրավիրում է հանդես գալ իր սեղանի մոտ կամ պարզապես զրուցելու, մյուս օրենքը՝ private dance, երբ այցելուի ցանկությամբ պարողը իր արվեստը կարող է ցուցադրել առանձին) Ուկրաինայում չեն գործում: «Շոու ծրագրում ընդգրկված երգիչ-երգչուհիների ու պարողների բեմելը, ըստ հերթականության ու համարների տեւողության, հանդիսատեսին ներկայացվում է բուկլետի տեսքով: Առաջին հայացքից մանրուք թվացող, բայց կարեւոր այդ հանգամանքը Հայաստանում բացակայում է: Դա վկայում է այն մասին, որ ստրիպ-պարողը դրսում ընկալվում է որպես արվեստագետ»,- ասաց պարողը:

Արմանից հետաքրքրվեցինք նաեւ ստրիպ-պարողների հոնորարներով: Ըստ նրա, Հայաստանում այլեւս հնարավոր չէ դիմանալ ամենօրյա փորձերին ու աշխատանքի լարվածությանը եւ դրա դիմաց ստանալ օրական 5000 դրամ. «Կիեւում էլ աշխատավարձը բարձր չէր. մեկ պարը գնահատվում էր 30 դոլար, բայց քանի որ դու գիտեիր ելույթիդ կոնկրետ ժամը, ակումբի տնօրենի հետ բանակցությունների արդյունքում՝ կարող էիր հանդես գալ նաեւ այլ ակումբում: Չմոռանամ նշել, որ Հայաստանում կարող ես ողջ գիշեր սպասել քո համարին եւ հնարավոր է, որ այդպես էլ հերթդ չհասնի ու զրկվես ակնկալվող չնչին գումարից: Կիեւում ստրիպ-պարողներին այցելուների կողմից թեյավճար տալը խստիվ արգելվում էր, ինչին ես կողմնակից եմ: Ամեն դեպքում՝ գեղեցիկ չէ, երբ կին այցելուն է տղամարդ ստրիպ-պարողին վարձատրում: Գուցե այս միտքը գալիս է իմ հայկական մենտալիտետից, բայց Եվրոպայում աշխատող կոլեգաներս էլ հայտնել են, որ արեւմուտքում էլ ստրիպ ակումբներում տղամարդիկ կանանց կողմից թեյավճար չեն ստանում»: Հարցին՝ ինչո՞ւ Ուկրաինայից եկավ Հայաստան եւ պատրաստվո՞ւմ է առաջիկայում հանդես գալ երեւանյան որեւէ ակումբում, Արմանը պատասխանեց. «Եկել եմ ընտանեկան հանգամանքներից ելնելով: Այստեղ այլեւս մտադիր չեմ հանդես գալ: Քանի որ դեռ երիտասարդ եմ եւ սիրում եմ աշխատանքս, պատրաստվում եմ ընկերներիս օրինակով մեկնել արեւմուտք: Հայաստանում դեռ հեռու են հասկանալուց, որ տղամարդկանց ստրիպտիզը բիզնես է, շոու, ի վերջո՝ գեղեցիկ արվեստ: Իսկ երբ այդ ամենը կսկսեն գիտակցել, արդեն ստիպված կլինեն ստրիպ-պարողներ հրավիրել արեւմուտքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել