Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՔՈՒՉԻ ԲԱԶԱՐ ՉԷ»

Հունվար 19,2007 00:00

\"\"Ռեժիսոր Արմեն Մազմանյանը ուզում է, որ բոլորը հարգեն օրենքը

Արդեն տեղեկացրել ենք, որ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը եւ տուժողն էլ «ԱԼՄ» հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: Հունվարի 12-ին հետաձգված դատական նիստը երեկ շարունակվեց 45 րոպե ուշացումով, որովհետեւ մեղադրող Արթուր Երիցյանը մեկ այլ գործով Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանում էր: Նա այդ մասին բանավոր զգուշացրել էր դատական նիստերի քարտուղարին: Ավելի քան կես ժամ սպասելուց հետո Արմեն Մազմանյանն ու նրա պաշտպան Հայկ Ալումյանը լքեցին դատական նիստերի դահլիճը: Նրանց այդ քայլը դատավոր Մնացական Մարտիրոսյանը որակեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: «Անկախ նրանից, որ նիստը սկսվել էր 45 րոպե ուշացումով, պատշաճ կերպով ծանուցված ամբաստանյալը պարտավոր էր մնալ դատարանում»,- ասաց նախագահողը: Դրան հետեւեց դատարանի որոշումը, որի համաձայն ոստիկանության բաժինը բերման կենթարկի Ա. Մազմանյանին: Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդվարդ Չինարյանը Ա. Մազմանյանի ու նրա պաշտպան Ալումյանի հեռանալը որակեց միտումնավոր քայլ՝ դատական նիստը հերթական անգամ հետաձգելու նպատակով: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 30-ին:

Նկատենք, որ մեղադրող Ա. Երիցյանի պահվածքն էլ էր անհարգալից վերաբերմունք դատական նիստի մասնակիցների հանդեպ, ինչին դատարանը չարձագանքեց:

Դիմեցինք «անհարգալից ամբաստանյալ» Արմեն Մազմանյանին՝ ճշտելու, թե ինչու լքեց դատարանի դահլիճը, կա՞ր դրդապատճառ, թե դա մարտավարություն էր: «Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ սա դատական պրոցես է եւ ոչ թե քուչի բազար, որ ինչպես ուզեն՝ վարվեն: Ես ուզում եմ ամեն ինչ օրենքով լինի: Էնպես որ, ես փախչող չեմ: Եթե էս երկրում ուրիշ մարդ չկա, ու իմ վրա է մնացել Տիգրանին փչացնելը, ապա դա կանեմ օրենքով, թեկուզ դատվեմ… Երբ անցած անգամ իմ պաշտպան Հայկ Ալումյանը գրավոր դիմում էր ներկայացրել դատական նիստը կրկին հետաձգելու համար, քանի որ նույն ժամին մեկ այլ դատի պետք է մասնակցեր, Կարապետիչի ներկայացուցիչը պահանջեց, որ նրա հանդեպ ինչ-ինչ միջոցներ կիրառվեն: Իսկ մեղադրողը, որի պատճառով 45 րոպե սպասեցինք, իր ուշանալու մասին փոխանակ նախօրոք գրություն ներկայացներ, մեկ անգամ զանգում է ու ասում, թե ժամը 12-ին կայանալիք նիստին կներկայանա 12:15-ին, հետո էլ նորից է զանգում, թե 12:30-ին կգամ: Իսկ դա անհարգալից վերաբերմունք չէ՞ դատարանի հանդեպ»:

Հ. Գ. Ինչպես անցյալ անգամ, երեկ էլ դատարանի դահլիճը գրավել էին Կարապետիչի երկրպագուները: Մի մեծ խումբ էլ ներկայացել էր նրա ղեկավարած Ժողովրդական կուսակցության Մալաթիա-Սեբաստիա համայնքի ստորաբաժանումից: Երեկ խմբագրություն էր զանգահարել նաեւ Ա. Մազմանյանի երկրպագուներից մեկը՝ ուսուցչուհի Խաթունիկ Արամյանը: Նա Մազմանյանին որակեց որպես մեր օրերի Համլետ: «Արմենին ասեք, որ իր հետ ենք, ու թող էնպես անի, որ ծերերին նվաստացնող եւ հեռուստատեսությունը ապականող Կարապետիչը հեռանա Հայաստանից»,- խոսքն ավարտեց տիկինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել