Ապաստանվածների համար պետությունն ունի 15 սենյակ
2006-ին Հայաստանն իր հարկի տակ ընդունել է 650 ապաստան հայցողների, որոնց գերակշիռ մասն արտագաղթել է Մերձավոր Արեւելքից:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն անդրադարձավ ապաստան հայցողների եւ նրանց պաշտպանության խնդիրներին: Ըստ նրա, Մերձավոր Արեւելքում առկա պատերազմական իրավիճակը շատ արդիական է դարձրել ապաստան հայցողների հիմնահարցը ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ-ում: Ասոցիացիայի տեղեկացմամբ, ՀՀ-ն ներկայումս հանդիսանում է ոչ միայն արտագաղթող երկիր, այլ երկիր, ուր ներգաղթում են ապաստան խնդրողները:
Փախստականների դանիական խորհուրդը ՀՀ-ում իրականացնում է «Ազգային հ/կ-ների կարողությունների զարգացում ապաստանի հարցերում» ծրագիրը, որը նպատակ ունի հզորացնել քաղաքացիական հասարակության՝ ապաստան հայցողների խնդիրներին եւ կարիքներին անդրադառնալու կարողությունը, բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակն ապաստան հայցողների հիմնահարցերի վերաբերյալ եւ ընդհանրապես ստեղծել այնպիսի համակարգ, որը ՀՀ-ում առկա ապաստան հայցողների համար ապահովի մշտական պայմաններ: Այսպես, «Առաքելություն Հայաստան» բարեգործական, «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա» հ/կ-ները եւ «Հայկական Կարմիր խաչի» ընկերությունները միացյալ ուժերով մշակում են մի ձեռնարկ, որը ուղեցույց կծառայի բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք գործ են ունենալու ապաստան հայցողների հետ:
«Առավոտի» հետ հեռախոսազրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը նշեց, որ 2006թ. իրենց բաժին մուտքագրվել է ապաստան հայցողների 645 դիմում: Ապաստան հայցողների գերակշիռ մասը եղել են Իրաքից (275) եւ Լիբանանից (279) արտագաղթածները: Այլ երկրներից դիմել է 22 օտարերկրյա քաղաքացի: Դիմումատուներից փախստականի կարգավիճակ է տրվել 2 անձի, ժամանակավոր ապաստան են տրվել Իրաքի՝ 208, Լիբանանի՝ 13, Իսրայելի՝ 3 քաղաքացիների, մնացածների դիմումները գտնվում են քննարկման փուլում: Մեր այն հարցին, թե որտե՞ղ են բնակվում Հայաստանում ապաստան ստացողները, Պ. Աղաբաբյանն ասաց. «Փախստականներին 3 ամիս ժամկետով ՄԱԿ-ի աջակցությամբ կառուցված հանրակացարանում տրվում է հատուկ կացարան: Ընդամենը 15 սենյակ է, մնացածները տեղավորվում են իրենց ազգականների բնակարաններում կամ ապրում են վարձով, սակայն եթե մեզ դիմում են քաղաքացիներ, ովքեր գնալու տեղ եւ գումար չունեն, նրանց նույնպես ապահովում ենք, որպեսզի դրսում չմնան: Սենյակներում կան մահճակալներ, կենցաղային օգտագործման ապրանքներ, այսինքն՝ այն ամենը, ինչի կարիքն ունեն»: Փաստորեն, այն քաղաքացիները, ովքեր չեն «տեղավորվելու» պետության սահմանած եռամսյա ժամկետում, մնալու են փողոցներում ու համալրելու են նորօրյա թափառաշրջիկների շարքերը: Հայաստանն ապաստան տալու մշակույթ չունի: Այս հարցում կոռուպցիոն ռիսկերը չեն բացառվում:
«Առավոտի» այն հարցին, թե ովքե՞ր են օգնություն ստանալու համար դիմել իրենց, «Հայկական Կարմիր խաչի ընկերության» Աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը տեղեկացրեց, որ իրենց դիմել է 284 օտարերկրյա քաղաքացի: Վերջիններիս հատկացվել է նյութական օգնություն: Սակայն ամենաանհրաժեշտը՝ ծածկով ապահովել, չեն կարողացել, ինչն ապաստան հայցողների համար առաջնային խնդիր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, վարձու բնակարանների գներն օրեցօր աճում են: «Կարմիր խաչին», բացի աշխարհի «թեժ» կետերից, դիմել են նաեւ Իրանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից: Ըստ Է. Ազարյանի, նրանք Հայաստանից քաղաքական ապաստան են խնդրում հիմնականում իրենց երկրում ունեցած խնդիրների պատճառով: Այս տարի աջակցության խնդրանքով ընկերությանը դիմել է Իրաքից արտագաղթած մեկ ընտանիք: